«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2011-03-19 | #49, 2011-03-22 | #50, 2011-03-23


«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԾՈՄԸ»` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԵՍՏ ԱՀԱԶԱՆԳ

Արդեն մի շաբաթից ավելի է, ինչ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել: Նա նստած է Ազատության հրապարակում, որտեղ 7 օրերի ընթացքում մեր համաքաղաքացիներից նրան այցելել են մոտավորապես 15 հազար հոգի` արտահայտելով իրենց զորակցությունն ու աջակցությունը:

Կուսակցական ընկերների ու համակիրների ներկայությամբ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիս էր հրավիրել: Նրա խոսքով` մեկ-մեկ խրատով, մեկ-մեկ խորհրդով ու դիպուկ ռեպլիկներով մարդիկ ասում են, որ Ազատության հրապարակում հացադուլի մեջ պետք է նստած լիներ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն, այլ Հայաստանի իշխանությունը:

Սակայն համաքաղաքացիների ռեպլիկներին պարոն Հովհաննիսյանը համաձայն չէ. «Ազատության հրապարակում նստել եմ ինձ հավատարիմ լինելու համար»: Ապա անդրադառնալով «Ազատության ծոմի» առնչությամբ հնչած տեսակետներին` առ այն, թե կուսակցության առաջնորդի հացադուլը քրիստոնեական ծո՞մ է, թե՞ քաղաքացիական հացադուլ, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ամսի 15-ին ինքը մտել է Ազատության հրապարակ քաղաքացիական, քաղաքական իր սահմանադրական իրավունքն իրացնելու համար, ոչ թե քրիստոնեական որեւէ ծիսակատարության կամ մեծ պահքի շրջանակներում. «Այս ծոմը քաղաքական համեստ ահազանգ է: Բայց քանի որ ե՛ւ իշխանական, ե՛ւ որոշ ընդդիմադիր գործընկերների համար սա դեռ մնում է որպես շահարկման պահ, ապա ուզում ենք ավելի մատչելի ձեւով ներկայացնել, թե բոլորս միասին ինչ ենք ակնկալում»: Ր. Հովհաննիսյանը ներկայացրեց այն 15 կետերը, որոնց մեջ, նրա կարծիքով, ամփոփված են ժողովրդի սպասելիքներն ու ապագան` «Իշխանությունը ժողովրդին», «Ո'չ կուսակցապետությանը», «Ժողովուրդն է երկրի տերը», «Ձայն բազմաց, ձայն Աստծո», «Ազատ հրապարակ, ազատ քաղաքացի, ազատ երկիր», «Ազատ քաղաքացի, անվտանգ պետություն», «Ժողովրդին աշխատանք», «SOS, Հայաստանը հայաթափվում է» եւ այլն: Բոլոր 15 ձեւակերպումները գրված էին պլակատների վրա, որոնք պահել էին նրա շուրջը հավաքված զորակիցները:

Այնուհետեւ «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց լրագրողների հարցերին: Դիտարկմանը, թե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրել է Րաֆֆի Հովհաննիսյանին ցուցադրական ծոմապահության մեջ, վերջինս այսպես պատասխանեց. «Բոլոր դեպքերում, քրիստոնեաբար եմ մոտենում այդ խոսքին: Ես անկեղծաբար ու սիրով առաջին նախագահին մաղթում եմ Աստծո օրհնություն ու երկարատեւ կյանք: Իսկ եթե որեւէ մարդ ինձ կամենում է սատանայի կործանում, դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Եվ քանի խոսում ենք ստերի, կեղծիքների ու քրիստոնեկան վարքի մասին, կարող եմ առաջարկել, որ բոլորս ընթերցենք ու հղում կատարենք Հովհաննես Մանդակունու այն բաժնին, որը խոսում է ոխ պահելու ու վրեժ լուծելու մասին»: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ համագործակցելուն, պարոն Հովհաննիսյանը որեւէ համագործակցության եզրի հնարավորություն տակավին տեսնում է: ՀԱԿ-ին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին այսպիսի պատասխան տալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ իշխանությանը, որի վերաբերմունքի մեջ որեւէ փոփոխություն դեռեւս չի նկատել. «Ապագան կանխատեսել չեմ կարող, սակայն խիստ անհավանական եմ համարում, որ այս իշխանությունը կկարողանա հանդես գալ քաղաքական ու արտահերթ լուծումներով: Սակայն ես դա չեմ բացառում»:

Ազատության հրապարակում հավաքված համակիրներն «Ազգի» հետ զրույցում ասացին, որ մինչեւ ժողովրդի պահանջների իրագործվելը լինելու են պարոն Հովհաննիսյանի կողքին: 50-ամյա Հարությունը նշեց, որ Ր. Հովհաննիսյանի միջոցով կարողացավ ավելի լավ ճանաչել ընդդիմադիր գործիչներին. «Սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից` վերջացրած Տիգրան Կարապետյանով»:

Հացադուլը դադարեցնելու մասին պարոն Հովհաննիսյանը որեւէ բան չասաց, ավելի շուտ` կրկնեց արդեն ասվածը. «Պետք է շարունակեմ այնքան ժամանակ, որքան իմ մարմինը ների ու Աստված կամք տա»:

Բժիշկներն ամեն օր այցելում են Ր. Հովհաննիսյանին: Նրա առողջությունը դեռ նորմալ վիճակում է:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4