Եթե ժեկերը չեն ուզում փոխել իրենց գործելաոճն ու աշխատանքային մեթոդները, մենք էլ չենք ուզում ենթարկվել նրանց կամայական դրամահավաքությանը: Այդ հիմնարկները, որպես հնի մնացուկներ եւ նոր ժամանակներում իրենց չարդարացնող մարմիններ, վաղուց պիտի վերացված լինեին, մանավանդ քաղաքացիների հիշողության մեջ մնացել են որպես գործարքների, կեղծիքների ու զանազան դրամաշորթության ընդունակ կառույցներ. հիմա էլ բնույթը իրենց նույնն է, պարզապես գործառույթներն են սահմանափակվել: Կոմունալ վճարումներից հյուծվող մեր հասարակության համար սրանք միանգամայն ավելորդ բեռ են: Կոմունալ վճարումները հատկապես ձմռան ամիսներինՙ թալանի պես բան են, երբ միջին աշխատավարձով ապրող ընտանիքի բյուջեին անդրադառնաս, այս բառի գործածումը նույնիսկ մեղմ է: Միայն ջեռուցման համար 40-60.000 դրամ, մնացածըՙ էլ. էներգիա, ջուր, հեռախոս կամ ինտերնետն էլ եթե ավելացնենք եւ աշխատավարձի համեմատական անցկացնենք, կարելի է պատկերացնել, թե գոյության ինչ կենսակերպ է քարշ տալիս հայ մարդը: Այդուամենայնիվ, վերոհիշյալ կոմունալ ծառայությունները գործում են ինչպես իրավաբանական-օրենսդրական, նաեւ տրամաբանության շրջանակներում: Դրանց վարձը շատ է, քիչ է, կարեւորն այն է, որ սպասարկող այս ընկերությունները մեզՙ սպառողներիս հետ ունեն հստակ վավերացված պայմանագիրՙ պարտականությունների ու իրավունքների երկկողմանի համաձայնագրի տեսքով: Եվ երբ սպառողը խախտում է դա, չի վճարում, սպասարկումը դադարեցվում է: Եվ իրենք էլ պարտավորված են որեւէ խնդրի առկայությամբ (ջրազրկում, հոսանքազրկում եւ այլն) իրազեկել բնակչությանը, ինչը եւ արվում է կանոնավորապես, հեռուստատեսությամբ կամ մամուլով:
Ինչ ծառայություն են մատուցում մեզ ժեկերը եւ ինչի դիմաց պիտի վճարենք: Կա՞ արդյոք նման հաստատված պայմանագիր քաղաքացիների եւ այս հիմնարկների միջեւ: Շենքերի ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքնե՞ր, ջրագծերի, տանիքների վերանորոգո՞ւմ, բակերի լուսավորությա՞ն կարգավորում եւ նման այլ բաներ: Արվո՞ւմ են արդյոք դրանք: Այն ժեկը, որ պարբերաբար սպառնում է բնակիչներին դատարանի ահով, չի կատարում իր պարտավորությունները: Մեր շենքը (Քեռու 58), օրինակ, երբեք նման «վերաբերմունքի» չի արժանացել. չկան միջանցքի պատուհաններ կամ ապակիներ, վերելակը եւ աստիճանները մշտապես անմաքուր վիճակում են, միջանցքների ծեփաթափ առաստաղներն ու պատերը չեն վերանորոգվում, անձրեւներից կաթող տանիքըՙ նույնպես. եթե ինչ-որ բան արվում է, բնակիչների ջանքերով: Երբ այս բաները մատնացույց ես անում, ժեկի պետը աչքդ է խոթում աղբահանությունը: Սակայն դա էլ երբեք կանոնավոր չի արվում, հաճախակի են խցանումներն ու կուտակումները, ամռան ամիսներին աղբաջրերը հոսում, լցվում են բակ, պատահել է նաեւ եւ կոյուղաջրերի օրերով հոսք, նեխահոտ ու հակասանիտարական վիճակ եւ ոչ մի ուշադրություն: Այսպիսի հարցերին շենքի իրազեկ բնակչուհին վկայում է, որ աղբահանությունն էլ կատարվում է բնակիչներից մեկի համառ ահազանգերի շնորհիվ:
Այսպիսի որակի չծառայությունների դիմաց բնակչի վրա ֆիքսված գումար չեն դնում, մանավանդ երբ իրենց աշխատանքը, պարտավորությունները կամայական են եւ բնակչի համար անորոշ: Եվ իրենց մասնագետի կողմից երբեմն մատուցվող ծառայությունն անգամ վճարովի է. ամենապարզ գործողությունների համար դրամ են պահանջում, ինչը թույլատրելի չէ:
Ժեկերը պետք է վերակազմավորեն իրենց աշխատանքըՙ մշակեն քաղաքացիների հետ քաղաքակիրթ հարաբերվելու գործելաոճՙ վավերացված օրինական պայմանագրային տեսքով. կատարեն պարտավորությունները, նոր պահանջեն դրամ, չէ՞ որ դրամը ինչ-որ բանի դիմաց են տալիս: Թե չէ սովորություն են դարձրել առավոտ կանուխ օրդ թունավորելՙ հեռախոսազանգով ու դատարան տալու պարտադիր սպառնալիքով: Հետաքրքրական է, այս մեթոդով դատարան քարշ տված քաղաքացիներին ինչի՞ հիման վրա են պատժումՙ գրավոր ո՞ր համաձայնագրի:
Իսկ առհասարակ որպես ոչ լիարժեք գործող եւ անկարող մարմիններ, հանրությանն անօգտակար այս միավորները պետք է պարզապես լիկվիդացնելՙ փոխարինել գործող կառույցներով, ինչպես շատ այլ ծառայությունների պարագայում դա արվեց:
Մ. Բ.