Եթե չեմ կարողանում քնել, նշանակում է, որ կամ բարձր ջերմություն ունեմ, կամ էլ իմ առջեւ ողջ հասակով մեկ մի ահռելի խնդիր է ծառացել: Այն երեկո, երբ Զատկի կղզում մեր հնամաշ կախովի շարժիչի պատճառով շրջվեց ռետինե նավակը, եւ քիչ էր մնում, որ զոհվեին տղաները, ես ընդհանրապես չպառկեցի քնելու, որովհետեւ գիտեի, որ չեմ կարող: Եվ նստեցի գրամեքենայիս առջեւ: Հիշում եմ, որ հարցրել էի կղզու կապիտան-գավառապետ Կլաուդիո Մոնտենեգրոյին, թե արդյոք կարո՞ղ ենք տեղում կախովի շարժիչ ճարել, իսկ նա ծիծաղել էր: Ոչ միայն կղզում, այլեւ ամենուր նման իրեր ձեռք բերելու համար պետք է ոչ միայն փող ծախսել, այլեւՙ ժամանակ: Դա նշանակում է, որ պետք է մտնել ինտերնետ ու սկսել որոնումները: Եվ երբ որ պարզվի, թե քեզ անհրաժեշտ ապրանքը մի որեւէ երկրում կարելի է գնել, ապա այնտեղից դա պետք է ուղարկել մեկ ուրիշ երկիր: Իրականում այդ համակարգին մենք շատ էլ լավ ծանոթ ենք: Այդպես ենք ձեռք բերել դրոշ-առագաստը, նկարահանման սարքավորումը, շարժիչի պահեստային մասը եւ այլն: Ու սկսեցի գցել-բռնել. արբանյակային կապը չի աշխատում, նշանակում էՙ էլեկտրոնային փոստ չունենք: Հեռախոսով ոչ մեկին ոչ մի բան չես կարող կարգին բացատրել, ասենք, Զատկի կղզուց հեռանալուց մեկ օր անց բջջային կապ եւս չենք ունենա: Գումարած, որ սիրտս ճմլվում է տղաների հետ պատահածից, ինչի մասին ես արդեն պատմել եմ նախորդ ռեպորտաժներում: Ինչպեսեւ այն մասին, թե ինչպես թռա Սիդնեյ: Կատարյալ մղձավանջ:
Եվ արդեն որոշ ժամանակ անց ես հասկացա, որ կյանքում ամեն ինչ կրկնվում է: Գլխումդ ծնվում են այն նույն, ցավի չափ ծանոթ մտքերը, որոնք մի տեսակ տխուր ժպիտ են առաջացնում: Այսինքն, տեսնո՞ւմ ես, որ կյանքում ոչ մի պատահական բան չի լինում: Այսինքն, բոլորովին էլ պատահաբար չէր, որ Սեմը, Հայկը, Բաբասն ու Մուշեղը միասին շրջվեցին «Փոքր Հայքով» (այդպես ենք անվանում մեր ռետինե նավակը), եւ ընդհանրապես ամեն ինչ այդ ժամանակ պատահաբար չեղավ: Հավանաբար մի ինչ-որ խթան էր հարկավոր, որպեսզի լուծեինք անիծյալ շարժիչի երիցս անիծյալ հարցը: Միաժամանակ լուծեինք եւ այլ հարցեր: Բայց թե ինչպիսիք էին լինելու այդ ուրիշ հարցերը, ես իմացա արդեն Սիդնեյում գտնվելուս առաջին օրը: Պարզվեց, որ այստեղ քառասունհազարանոց համայնքից համարյա ոչ ոք (բացառությունը հաստատում է կանոնը) չգիտի ոչ միայն «Արմենիա»-ի նավարկության, այլեւ շատ ուրիշ նորությունների մասին: Եվ չէ՞ որ Ավստրալիա պետություն-աշխարհամասը մեր ճանապարհին վերջին աշխարհագրական կանգառն է, որտեղ հայ համայնք կա: Իսրայելն ու Լիբանանը չեմ հաշվում, քանզի նրանք ողողվում են Միջերկրական ծովի ջրերով, որտեղ էլ օրենքով կավարտվի աշխարհաշուրջը: Իսկ հետո, Հնդկական օվկիանոսի ողջ արեւելյան եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափեզերքում եւ նաեւ բուն օվկիանիայում հայեր չկան: Նույնիսկ պատմական հուշարձաններով հարուստ Սինգապուրում եւ ահռելի Հնդկաստանում գործող հայկական համայնքներ գոյություն չունեն: Հենց դրա համար էլ ավստրալիական Մելբուռն եւ Սիդնեյ քաղաքներում «Արմենիա»-ի հետ հանդիպումը պետք է կազմակերպել ինչ-որ այլ, անսովոր ձեւով: Ես հանդիպեցի եկեղեցու, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եղա դպրոցում: Ամեն ինչի մասին պայմանավորվեցինք: Պատրաստվում եմ նույնն անել նաեւ Մելբուռնում: Այնտեղից Թասմանյան ծովի վրայով թռչելու եմ Նոր Զելանդիա, որտեղ մի որեւէ հայկական նավով կփորձեմ ընդառաջ գնալ «Արմենիա»-ին:
...Եվ հանկած հեռախոսազանգ է հնչում: Զանգում է մանավանդ Ղարաբաղում լավ հայտնի Հակոբ Աբոլակյանը եւ արագ, եթե չասենքՙ խուճապահար ասում. «Միացրե՛ք հեռուստացույցը»: Միացրեցի: Ամեն ինչ կարող էի պատկերացնել, միայն թե ոչ այն, ինչ տեսա: Ժամանակակից քաղաքի խորապատկերին, կատաղի ջրերի մեջ լողում են հարյուրավոր ավտոմեքենաներ, ամբողջ տներ, շինություններ, բեռնատարներ, նույնիսկՙ ինքնաթիռներ: Ասես աշխարհի վերջն է: Ցունամի: Ճապոնիա: Օ՜, որքան ինձ ծանոթ են այդ «ցունամի» բառի իմաստն ու էությունը: Ի դեպ, այն ո՛չ հունական, ո՛չ էլ լատինական ծագում ունի: Ճապոներեն բառ է: Տասը տարի առաջ ես ապրում էի, ինչպես հաճախ էին ասումՙ ցունամիավտանգ գոտում: Մի քանի հոդվածներ եմ գրել Ուստ-Կամչատսկ ավանի ճակատագրի մասին, որը, հենց ցունամիավտանգ գոտում տեղադրված լինելու պատճառով, փոխադրեցին ծովից ու իր հին տեղից մի քանի կիլոմետր վերեւ: Երեսուն միլիոն ռուբլի ծախսեցին: Եվ զանգվածային բնակարանամուտերից շատ չանցած խփեց հզոր, ինչպես Կամչատկայում էին ասումՙ հատակացնցումը, այսինքն ցունամին, որն ասես որոշել էր ստուգել Ուստ-Կամչատսկի քաղաքաշինարարների աշխատանքը: Ահռելի, բազմամիլիարդ տոննա ծանրությամբ ալիքները նետվեցին ափի վրա, բայց Ուստ-Կամչատսկի տներին չհասան: Իսկ հետ գլորվելիս իրենց ճանապարհին, հայտնի ասացվածքի կովի պես, բառացիորեն լիզեցին-սրբեցին ափը, իրենցից հետո ոչ մի հետք չթողնելով: Նույնիսկ նախկին ավանի նախկին շինությունների հիմքերն իրենց հետ տարան օվկիանոս: Սարսափելի տպավորություն էր: Ես ցունամիի մասին շատ բան, եթե չասենքՙ ամեն ինչ գիտեի: Սակայն ամենից ավելի տպավորված էի ալիքների արագությունից. ժամում 50-1000 կիլոմետր: Դա ավելի բարձր է տուրբոպտուտակային ինքնաթիռների արագությունից: Ոչ թե բուն ալիքների, այլ ջրային մակերեւույթի բարձրությունն արդեն ափին հասնում է մինչեւ հիսուն մետրի: Իր ողբերգական ցուցանիշներով առավել սարսափելի ցունամին դարձյալ Ճապոնիայի վրա է նետվելՙ 1933 թվականին: Այն ժամանակ դրա հետեւանքներն ու կենդանի, շոշափելի արձագանքը հասան համարյա թե մինչեւ Օվկիանիայի եւ Ավստրալիայի ափեր, ընթացքում հարվածելով մերթ Ասիայի, Օվկիանիայի ու Ավստրալիայի արեւելյան մասերի, մերթ Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների արեւմտյան ափերին: Հենց այդ փաստն էլ ինձ մահու չափ հուզեց եւ վախեցրեց առաջին վայրկյաններին, երբ իմացա Հոնսյուիՙ աշխարհում ամենախիտ բնակեցված կղզու ցունամիի մասին: Եվ արդեն ավելի ծանրացող վիճակի մասին իմացա, երբ հեռուստաէկրանից մեկ առ մեկ սկսեցին թվարկել աշխարհագրական անուններ, որոնք ըստ կանխատեսումների կարող էին հայտնվել ցունամիի տարածման ճանապարհին («տարածման երթուղի», «տարածման արագություն». այս բառերն են օգտագործում մասնագետները): Նշվում էին նաեւ Նոր Զելանդիան ու Ավստրալիան: Ա՜յ քեզ բան, հրեշավոր հոսանքի ամենակենտրոնում հանկարծ կարող է հայտնվել մեր փոքրիկ նավը: Հենց միայն այդ մտքից ներսս տակնուվրա եղավ:
Ամենասարսափելին այն է, որ հիմա ո՛չ «Արմենիա»-ն կապ ունի, ո՛չ էլ նրա հետ կա: Միայն թե ոչ ոք թող չկշտամբի մեզ, թե մեր մեղքով է կապի բացակայությունը, թե իբրՙ նման դեպքերի համար պետք է ունենալ կապի որոշ, պահուստային միջոցներ: Մենք ամեն ինչ ունենք: Այն ամենը, ինչ ունեն բոլոր նրանք, ովքեր այսօր ծով են դուրս գալիս եւ առավելեւսՙ շուրջերկրյա նավարկություն կատարում: Ամենակարեւորը, որ ունենք շատ թանկարժեք «Իրիդիում» արբանյակային կապը (րոպենՙ յոթ եվրո): Բայց հիմա ամեն ինչ կապված է արբանյակների հետ, երկրի շուրջ նրանց պտույտների ուղեծրերի: Միայն թե, պարզվում է, այդ արբանյակները չեն սպասարկում օվկիանոսային լայնությունները, որոնք Սահարա անապատն են հիշեցնում: Մենք երթուղու այլ տարբերակ չունեինք: Մենք գիտեինք այդ մասին: Եվ ընդհանրապես, կապի մասին խոսակցությունն անօգուտ է այն դեպքում, եթե քեզ հանկարծ ցունամի է պատահում: Եվ սակայն շատ ավելի հանգիստ կլինեինք, եթե «Արմենիա»-ի հետ կապ լիներ: Ճիշտ է, ըստ հավանականությունների տեսության հնարավոր է, որ հարյուր կամ երկու հարյուր փորձով մեկ զանգ տեղ հասնի: Դա այն պահն է, որ համընկնում է մեր գոտում արբանյակի հայտնվելու պահին: Ես լավ գիտեմ, որ այս բացատրությունը պարզունակ է: Բայց մոտ է ճշմարտությանը: Եվ իմ զանգը տեղ հասավ: «Իրիդիում»-ի լսափողը վերցրեց Մուշեղը: Ես գոռացի.
- Մուշեղ ջան, ո՞վ կա կողքիդ:
- Արիկը:
- Տուր նրան լսափողը:
Ես Արիկին հասցրեցի ասել միայն «ցունամի» եւ «Ճապոնիա» բառերը: Թեեւ կարծում եմ, երկրորդը նա արդեն չլսեց: Հաջորդ երկու հարյուր փորձը ոչինչ չտվեց: Բայց զանգ զանգի հետեւից սկսեց ինձ գալ: Կինս, որդիս, դուստրերս, Երեւանի լեգենդար նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը, Կարբիի դպրոցի տնօրենը, գյուղխորհրդի նախագահը, հայտնի սամբիստը, «Ամարաս» հրատարակչության շեֆը, կրթության եւ գիտության նախարարի խորհրդականը, «Լիտերատուրնայա գազետա»-ի աշխատակից Բոնչ-Բրուեւիչը եւ ուրիշներ: Թվարկում եմ միայն այն պատճառով, որ բոլորին գործի էի դրել: Խնդրել էի, որ նայեին Սի-Էն-Էն-ը: Ես հիշում եմ, թե այդ ալիքը ինչպիսի մանրամասնությամբ հեռարձակեց 1993 թվականին ռուսական պառլամենտի գնդակահարությունը եւ Նյու Յորքի սեպտեմբերի 11-ի մղձավանջները: Վստահ էի, որ անպայման քարտեզի վրա կցուցադրի ցունամիի տարածման ուղին: Իսկ դա շատ կարեւոր է: Իմանալ տարածման ուղղությունն ու արագությունըՙ արդեն շատ բան է նշանակում:
Մնում էր փորձել, որ անհրաժեշտ տեղեկատվությունը նավ փոխանցվի: Ես գիտեի, որ այն աննշան վայրկյաններն ու րոպեները, որոնք երբեմն թույլ են տալիս նավի հետ խոսել, բավական ճարպկորեն ու համառորեն օգտագործում է Արիկի կին Ռուզաննան: Նա նույնիսկ հասցնում է այդ հաշված վայրկյանների ընթացքում մի քանի տող տեղեկատվություն հաղորդել: Փնտրեցի, գտա Ռուզաննայի հեռախոսահամարը եւ զանգեցի: Կնոջ ձայն էր: Առանց դադար առնելու բացատրեցի, թե ինչ է հարկավոր անել: Մեկ-երկու րոպե անց զգում եմ, որ Ռուզաննայի արձագանքը ցավալիորեն համահունչ չէ: Այնպիսի տպավորություն է, թե նա ընդհանրապես ոչնչից տեղյակ չէ: Հարցնում եմ. «Ռուզաննա, դո՞ւ ես»: Նա զգում է, թե ինչպես եմ հուզվում: Պարզվում է, որ այդ Ռուզաննան այն դպրոցի տնօրենն է, որտեղ սովորում են իմ թոռները: Խեղճին շատ վախեցրի: Զանգեցի «իսկական» Ռուզաննային: Պարզվեց, նա անդադար հավաքում է արբանյակային հեռախոսի համարը: Սի-Էն-Էն-ի գաղափարն ընդունվեց: Ում որ զանգել էի, համենայն դեպս տվել էի նավի համարները: Զանգեցի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին: Նա Ռումինիայում էր: Զանգում եմ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Հեռախոսը չի պատասխանում:
Առավոտյան ժամը չորսին հեռուստաէկրանին սկսեցի որսալ աշխարհագրական նոր անվանումՙ «Կալիֆոռնիա»: Վազող տողում արդեն չկային Նոր Զելանդիան եւ Ավստրալիան: Ես հասկացա, որ բեկում է տեղի ունեցել ոչ միայն բուն ցունամիի աշխարհագրության, այլեւ իմ եւ բոլոր նրանց մեջ, ովքեր այդ պահերին անհանգստանում էին «Արմենիա»-ի համար:
Այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ որդիսՙ Հայկը համենայն դեպս կարողացել էր երկու անգամ խոսել «Արմենիա»-ի հետ: Մանրամասնորենՙ նավապետի, որը հանգստացրել էր Հայկին, բացատրելով, որ ցունամին վտանգավոր է ափին եւ ոչ թե բաց օվկիանոսում: Իհարկե, Սամվելը մի փոքր խորամանկել էր: Ցունամին Գոլֆստրիմի նման սովորական օվկիանոսային հոսանք չէ, որը շատ հազարավոր կիլոմետրերի վրա «հաստատված» բնական ուղղություն եւ համարյա անփոփոխ արագություն ունի: Ցունամիի դեպքում ահռելի նշանակություն ունեն ոչ միայն ալիքների արագությունն ու ուժի եւ հզորության ցուցանիշները, հոսանքի ուղղությունը, այլեւ նրա ճանապարհին գտնվող ստորջրյա լեռնաշղթաները, որոնք օվկիանոսի մակերեւույթին հսկայածավալ ալեբախություններ են առաջացնում: Իսկ ընդհանուր առմամբ, իհարկե, ցունամին ողբերգություններ է ծնում հիմնականում ցամաքում, մանավանդ եթե նետվում է բնակավայրերի կամ քաղաքակրթական շինությունների վրա: Եվ, այնուամենայնիվ, ամենից լավ դուստրսՙ Սուսաննան ասաց հեռախոսով. «Երբ գործնականում անհնար է կիրառել «Հույսդ Աստծու վրա դիր, բայց ինքդ էլ պարապ մի նստիր» իմաստությունը, այնժամ Աստված ինքն է շտապում օգնության»: Այդպես էլ եղավ...
...Հիշելով Աստծուն, Սուսաննան ինձ հիշեցրեց իմ ճապոնացի բարեկամի մասին: Անցած դարի ութսունական թվականներին մենք ռուս գրող Վալենտին Ռասպուտինի եւ ճապոնացի փիլիսոփա Հիրոսի Նոմոյի հետ «Բայկալյան շարժում» բնապահպանական կազմակերպության համանախագահներն էինք: Այցելում էինք այն երկրներ, որտեղ քաղցրահամ լճեր կային: Հաճախակի հանդիպումները բարեկամացրին Նոմոյի հետ: Ես շատ եմ գրել այդ զարմանալի մարդու մասին, որը գտնում էր, որ Աստված մեկն է, իսկ մենք շատ ենք: Եվ երբ մարդն ազնվորեն աշխատում է, նա օգնում է Աստծուն: Սակայն որքան էլ երախտապարտ լինենք Աստծուն, այն գիտակցումը, թե մեզ մոտ ամեն ինչ ստացվեց, ամեն ինչ բարեհաջող անցավ, բոլորովին էլ չի հանգստացնում սիրտն ու հոգին: Ես հասկացա, որ հիմա արդեն օրեցօր ինձ ավելի դժվար կտրվեն պարտադիր ռեպորտաժներս: Ես շատ եմ գրել Ճապոնիայի, ճապոնական հրաշքի, այն մասին, որ ոչ մի գրամ մետաղ, ոչ մի կաթիլ նավթ չունեցող ժողովուրդը, որ մեծապես կախված է ներկրվող հումքից ու վառելիքից, աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում նավաշինության, էլեկտրատեխնիկական եւ էլեկտրոնային արտադրության, պողպատաձուլման, մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների արտադրության, էլեկտրաէներգիայի մշակման, նավթի վերամշակման, ցեմենտի, պլաստմասսայի, սինթետիկ մանրաթելի արտադրության գծով: Եվ այդ ամենըՙ ավերիչ ու կողոպտիչ պատերազմից հետո: Կասկած չկա, որ հիմա էլ այդ ժողովուրդը բավական սեղմ ժամկետներում կկարողանա վերականգնել իր կրած հրեշավոր կորուստները: Գլխավորըՙ ողբերգական իրավիճակից դուրս կգա կենսափորձով ավելի լայն ու խորապես իմաստնացած: Մեզ մնում է միայն ոչ թե նախանձել, այլ դասեր քաղել դրանից:
...«Բայկալյան շարժում» միջազգային բնապահպանական կազմակերպության ծրագրի շրջանակներում պատվիրակություններ են ժամանել Հայաստան շատ երկրներից, այդ թվում նաեւ Ճապոնիայից: Հանդիպումն իհարկե, տեղի է ունեցել Սեւանում: Հյուրերին տարել եմ եւ աղետի գոտի: Դա 1989 թվականին էր: Չափազանց թարմ էին Հայաստանի վերքերը: Սպիտակում Հիրոսի Նոմոյի ներկայությամբ ինչ-որ մեկը բարձրաձայն ասաց. «Աստվա՜ծ իմ, մի՞թե հնարավոր է այս ամենը վերականգնել»: Եվ ճապոնացի իմաստուն ծերունին մեղմ պատասխանեց. «Մինչ մենք գալիս էինք այստեղ, ես նայում էի համատարած քարերին: Ամենուր քարեր են: Իսկ քարե անապատների միջեւ ընկած են օազիսների գեղեցիկ հողակտորներ: Ես մտածեցի, որ հայերը աշխատասեր են: Մեզ մոտ, Ճապոնիայում հողը չափազանց քիչ է, գյուղացիներըՙ չափազանց շատ: Եվ մենք նրանց ավանդաբար հարգում ենք: Նրանք օրինակ են ծառայում ողջ ժողովրդի համար, մեծիցՙ փոքր: Եվ դա շատ կարեւոր է: Դեռեւս մեծ փիլիսոփաներն են ասել. «Չկա ավելի գեղեցիկ եւ դաստիարակող բան, քան լավ մշակված դաշտը»:
Զորի ԲԱԼԱՅԱՆ, Խաղաղ օվկիանոս