«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2011-03-19 | #49, 2011-03-22 | #50, 2011-03-23


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում երեկվանից սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ընտրական մրցախաղին: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքի է հրավիրել 22 ֆուտբոլիստի:

Մեր ընտրանու դարպասը կրկին կպաշտպանի Ռոման Բերեզովսկին, որը չէր մասնակցել Վրաստանի ընտրանու հետ ընկերական մրցախաղին: Ռոմանն ընտրական նախորդ 4 հանդիպումներում պաշտպանել էր մեր հավաքականի դարպասը: 2-րդ դարպասապահն է Ստեփան Ղազարյանը: Իսկ ահա «Միկայի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը, որ մեկնարկում հուսալի խաղ է ցուցադրում, այս անգամ հավաքական չի հրավիրվել:

Մեծ թիվ են կազմում պաշտպանական գծի խաղացողները: Նրանց թվում են ինչպես փորձառու Սարգիս Հովսեփյանը, Ռոբերտ Արզումանյանը, Արարատ Առաքելյանը, Հրայր Մկոյանը, այնպես էլ հավաքականում դեռեւս իրենց տեղը չամրապնդած Արտակ Եդիգարյանը, Հովհաննես Համբարձումյանը, Արթուր Յուզբաշյանը եւ Լեւոն Հայրապետյանը: Վերջինս վրացիների հետ խաղում նշեց նորամուտը հավաքականում: Հայրապետյանն արդեն ամրապնդվել է Լեհաստանի «Լեխիայի» կազմում, ինչը չի կարելի ասել Ռոբերտ Արզումանյանի մասին, որն առայժմ չի նշել նորամուտը Լեհաստանի առաջնությունում «Յագելոնիայի» կազմում:

Երկարատեւ ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել ուլիսցի Վալերի Ալեքսանյանը, որն ազգային թիմում 12 խաղ է անցկացրել: Վերջին անգամ նա ՀՀ հավաքականի մարզաշապիկը կրել է 2007-ի հունվարին Պանամայի հավաքականի հետ ընկերական խաղում:

Կիսապաշտպանական օղակի ֆուտբոլիստներից հավաքին մասնակցում են Արթուր Եդիգարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Էդգար Մալաքյանը, Կառլեն Մկրտչյանը, Արտակ Դաշյանն ու Լեւոն Փաչաջյանը: Վերջինս կրկին հրավիրվել է հավաքին որոշ ընդմիջումից հետո: Հավաքականում Փաչաջյանը վերջին անգամ հանդես է եկել Սլովակիայի ընտրանու դեմՙ փոխարինվելով առաջին խաղակեսից հետո: Ինչ խոսք, Փաչաջյանը, Եդիգարյանը, որոնք խաղում են Իրանում, նաեւ Հենրիխ Մխիթարյանն իրենց ֆունկցիոնալ պատրաստությամբ պետք է ավելի լավ մարզավիճակում գտնվեն: Ուրախացնում է Հենրիխի արդյունավետ խաղը «Շախտյորում»: Ուկրաինայի առաջնության վերջին տուրում Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Վոլինի» հետ խաղում:

Հարձակման գծում Վարդան Մինասյանը պետք է ընտրություն կատարի հետեւյալ ֆուտբոլիստներիցՙ Գեւորգ Ղազարյան, Էդգար Մանուչարյան, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան, Ռոբերտ Զեբելյան: Մինսկի «Դինամո» տեղափոխված Զեբելյանը վերջին խաղը ՀՀ հավաքականում անցկացրել է 2008-ի հոկտեմբերի 15-ին Բոսնիայի ընտրանու դեմ: Առաջիկա խաղում շատ կարեւոր է, թե իրեն ինչպես կդրսեւորի Յուրա Մովսիսյանը: Նա առայժմ «Կրասնոդարում» փոխարինման է դուրս գալիս: Ճիշտ է, նույնիսկ նման իրավիճակում Յուրան իրեն լավ է դրսեւորում: Նա ՌԴ առաջնությունում արդեն բացել է գոլերի հաշիվը: Ինչ խոսք, այսօր մեր հավաքականի խաղում շատ բան պայմանավորված է Հենրիխ Մխիթարյանի եւ Յուրա Մովսիսյանի գործողություններով: Հուսանք, որ թե նրանք, թե նրանց խաղընկերներն իրենց լավագույնս կդրսեւորեն ռուսների հետ խաղում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4