Անթալիայում անցկացված ձյուդոյի կադետների Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը հանդես եկավ բավական ներկայացուցչական կազմով: Տատամի դուրս եկան 30 ձյուդոյիստներ, որոնցից 3-ն աղջիկներ էին: Մրցաշարին մասնակցեցին 13 երկրների ներկայացուցիչներ:
Գերազանց ելույթ ունեցավ 50 կգ քաշային Վահագն Հովսեփյանը, որը հաղթելով իր բոլոր մրցակիցներինՙ ռուսաստանցի Սերգեյ Ծատուրովին, վրացի Բեկա Նացատրալաշվիլուն, ադրբեջանցի Միշադի Գանսալիին, վրացի Միխել Կիրիտաձեին, մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցն ադրբեջանցի Սադիկ Մահարամովն էր: Այստեղ էլ հայ ձյուդոյիստն իրեն գերազանց դրսեւորեց ու հաղթելով մրցակցին, նվաճեց Եվրոպայի գավաթակրի տիտղոսը:
Աղջիկներից լավագույն արդյունքը ցույց տվեց Քնարիկ Ստամբոլցյանը, որը 40 կգ քաշայինների մրցավեճում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: