«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2011-03-22 | #50, 2011-03-23 | #51, 2011-03-24


ԱՄՆ-Ը ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԻՐԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ

Իսկ Թուրքիան ստիպում է հարկադիր վայրէջք կատարել

Որքան էլ Թուրքիան Իրանի միջուկային ծրագրի հարցում հակադրվի ԱՄՆ-ին եւ ի լուր աշխարհի հայտարարի տարաձայնությունների մասին, այնուամենայնիվ, չի կարողանում անտեսել Վաշինգտոնի պահանջները: Խոսքը տվյալ դեպքում իրանական ավիացիային պատկանող բեռնատար ինքնաթիռների մասին է, որոնք մարտի 15-ին եւ 19-ին թուրքական ռազմական ինքնաթիռների ճնշմամբ հարկադիր վայրէջք են կատարել Դիարբեքիրի օդանավակայանում:

Իրանական ինքնաթիռները Սիրիա էին թռչում: Այս հանգամանքը կասկածանք է առաջացրել Վաշինգտոնում, թե դրանք բեռնված են միջուկային հումքով եւ զենքով, որն էլ ինքնաթիռներին իջեցնելու ՆԱՏՕ-ով միջնորդավորված պահանջ է ներկայացրել Թուրքիային: Այսպիսով, ինքնաթիռները Դիարբեքիրի օդանավակայանում խուզարկվել են:

Նշելով մարտի 22-ի համարում այդ մասին, «Աքշամ» թերթը գրում է, որ իրանական ինքնաթիռների հարկադիր վայրէջքը նոր երեւույթ չէ Թուրքիայում: Այս պրակտիկան կիրառվում է 2010-ի հունիսից, երբ ՄԱԿ-ն ընդունեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների դիմելու որոշումը:

Թեեւ թուրքական թերթը վկայում էր, որ իրանական ինքնաթիռներում միջուկային հումք կամ զենք չի հայտնաբերվել, սակայն Թուրքիայի արտգործնախարարության մարտի 23-ի հայտարարության մեջ ասվում է դրա ճիշտ հակառակը. «Մարտի 19-ի երեկոյան Դիարբեքիրի օդանավակայանում վայրէջք է կատարել Իրանից Սիրիա թռչող ինքնաթիռը: Խուզարկումների հետեւանքով իրանական ինքնաթիռում հայտնաբերվել են ՄԱԿ-ի պատժամիջոցների որոշմամբ արգելված նյութեր, որոնք առգրավվել են, եւ ինքնաթիռն առանց այդ նյութերի վերադարձել է Իրան»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4