«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2011-03-22 | #50, 2011-03-23 | #51, 2011-03-24


ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԿՓԱԿԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ

Ադրբեջանից հնչող սպառնալիքին, որ Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանում չվերթերի դեպքում հայկական օդանավերը կհրթիռակոծվեն, երեկ արձագանքել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը. «Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ ու ռազմատենչ վարքագիծը հանգեցրել է նրան, որ ռազմամոլությունն այդ երկրում համակել է նաեւ քաղաքացիական պաշտոնյաներին, այդ թվում, ինչքան էլ տարօրինակ լինի, քաղաքացիական ավիացիայի ղեկավարին: Հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության կարողությունները ի զորու են պաշտպանել մեր երկինքը, իսկ հակառակորդի ցանկացած արկածախնդրության փորձ կավարտվի նրա մեծ կորուստներով»:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի վստահեցմամբ` հայկական կողմը ունի բոլոր հնարավորությունները համարժեք պատասխան տալու Ադրբեջանին: «Եթե նրանք համարձակվեն նման հանդգնության ու ստորության դիմել, ապա տեխնիկապես նման բան կատարելը գրեթե անհնար է: Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունը տեխնիկապես այնքան էլ հզոր չէ` նման քայլի դիմելու համար: Մինչդեռ հայկական կողմն ավելի լավ է պատրաստված ու տեխնիկապես ավելի լավ վերազինված: Հայկական հակաօդային պաշտպանությունը տարածաշրջանում, անգամ Թուրքիայի ու Իրանի հակաօդային պաշտպանության հետ համեմատած, լավագույնն է: Երկրի աշխարհագրական դիրքն ու տեխնիկական պատրաստվածությունն էլ հնարավորություն կտան Ադրբեջանի սպառնալիքների կատարման դեպքում ավելի լուրջ քայլի դիմել` փակել Ադրբեջանի օդային տարածքը»:

Երեկ ԼՂՀ կառավարությունը հաստատել է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման կապակցությամբ զբոսաշրջության ոլորտում իրականացվելիք միջոցառումների շարքը: Կբացվի օդանավակայան-Ստեփանակերտ ավտոբուսային հատուկ երթուղի: Կբարեկարգվի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի տարածքը:

Այս ու էլի մի շարք միջոցառումներ կառավարությունը նախատեսում է իրականացնել մինչեւ մայիսի 9: Այժմ Ստեփանակերտում նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում: ԼՂՀ քաղավիացիայի վարչությունից խոստանում են, որ Ստեփանակերտի օդանավակայանը ոչնչով չի զիջի Բաքվի օդանավակայանին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4