«Ես մտահոգ եմ, առաջինը, Ադրբեջանում երիտասարդ ակտիվիստների եւ ընդդիմության ներկայացուցիչների, հատկապես մարտի 11-ին եւ 12-ին Բաքվում տեղի ունեցած ցույցերից հետո կատարված ձերբակալությունների մասին տեղեկությունների թվի առնչությամբ», այսպիսի նամակ է գրել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
Յագլանդի խոսքերով, որոշ զարգացումներ Ադրբեջանում մտահոգություն են ծնում այդ երկրում խոսքի ազատության, բազմակարծության եւ հավաքներ անելու ազատությունների պաշտպանության առումով, հատկապես որ Ադրբեջանը պարտավորվել է հարգել եւ պաշտպանել այդ իրավունքները որպես Եվրոպայի խորհրդի անդամ:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հիշատակել է նաեւ լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մասին, ընդգծելով. «Ես դժգոհ եմ, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակաբար ձախողում են Ֆաթուլաեւի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն իրականացնելու հարցում»: «Այդ ձերբակալությանը վերջ դնելու բոլոր միջոցները ձեռնարկելու ձախողումը շատ մտահոգիչ ազդանշան է տալիս...», նամակում նշել է Յագլանդը:
Յագլանդը նաեւ պատրաստակամություն է հայտնել ինչպես բոլոր հարցերում աջակցելու Ադրբեջանին, այնպես էլ այցելելու այդ երկիր` «ողջունելով հնարավորությունը քննարկելու նամակում բերված հարցերը» Ալիեւի եւ նրա վարչակազմի հետ այցելության շրջանակներում:
Յագլանդը սպասում է Ալիեւի պատասխանին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ