«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2011-03-22 | #50, 2011-03-23 | #51, 2011-03-24


«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻՆ ՎԵՐՋ ՏԱԼՈՒ ԵՎ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԻՇԱՏԱԿԵԼՈՒ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Դա «Երիտասարդ թուրքերի միության» նախաձեռնությամբ կկազմակերպվի ապրիլի 30-ին

ԱՄՆ-ում բնակվող թուրքերի, ավելի շուտՙ Թուրքիայի քաղաքացիների թիվը շուրջ 250 հազար է, որոնք ունեն ավելի քան 100 միություններ: Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գլխավոր առաջադրանքով կազմավորված այս միությունների գործունեությունը Թուրքիայի արտգործնախարարության հետ սերտ համագործակցությամբ վերահսկում են «Թուրքական ֆորումն» ու «Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիան»:

Այս երկու կազմակերպությունների վերահսկողության տակ է նաեւ Նյու Յորքում գործող «Երիտասարդ թուրքերի միությունը», որը թուրքական ժխտողականության առաջամարտիկի կարգավիճակով ստանձնել է «Հայկական ստերին վերջ տալու եւ նահատակներին հիշատակելու» հանրահավաքի կազմակերպման պարտականությունը: Այս տարվա հանրահավաքը, որը 7-րդն է լինելու, նախատեսվում է կազմակերպել ապրիլի 30-ին, նույնպես Նյու Յորքի «Թայմս» հրապարակում:

Ինչպես երեկ նշել էր Նյու Յորքի «թուրքական» կայքէջը, հանրահավաքի կազմակերպման առնչությամբ հայտարարություն է արել «Երիտասարդ թուրքերի միության» նախագահ Թուլգա Թեքմանը: Նա մասնավորապես ասել է. «Ամերիկայի թուրքական համայնքը «ո՛չ» ասելով հայկական ստերին, պետք է միասնաբար տեր կանգնի մեր ազգային դատին: Անհրաժեշտ է, որ ճշմարտությունն իմանա ողջ աշխարհը: Ապրիլի 30-ին կհավաքվենք թուրքական փառապանծ դրոշի ներքո եւ միասնաբար, ինչպես բարեկամին, այնպես էլ թշնամուն, կներկայացնենք մեր արդարացի դատը: Վերջին տարիներին ազգային դատին տեր կանգնելու եւ ճշմարտությունը ամերիկացիներին հասցնելու մեր ջանքերն արդյունք են տվել, որ հայկական լոբբինՙ մատնվելով խուճապի, ավելի շատ մասնակիցներ ներգրավելու համար որոշել է հանրահավաք անցկացնել մայիսի 1-ին: Մենք էլ հայերին ճնշելու եւ նրանց ազդեցությունը թուլացնելու համար որոշեցինք հանրահավաքը մեկ օր շուտՙ ապրիլի 30-ին կազմակերպել»:

Վերջում Թեքմանը նշել է, որ առաջիկա հանրահավաքում թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ հայերի կատարած բռնության եւ իրականացրած կոտորածների մասին իրազեկելու են ամերիկյան հասարակական ողջ կարծիքին:

Ի դեպ, նախորդ տարիներին Նյու Յորքում այս միության կազմակերպած հանրահավաքները մասնակիցների սակավաթվության (ընդամենը մի քանի տասնյակ մարդ էր մասնակցում) պատճառով կատարյալ հիասթափություն էին պատճառել թուրքական շրջանակներին եւ հատկապես կազմակերպիչներին:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4