Համաշխարհային բանկը տրամադրեց իր բաժին 16 մլն դոլարը
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը, որով մեր երկրի 6 մարզերի (Տավուշ, Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Սյունիք) 55 գյուղական լեռնային համայնքներին կտրամադրվի 16 մլն դոլար: Ծրագրի մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ հաղորդեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապին:
Ըստ ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենի, գյուղատնտեսությանն աջակցելու ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 21 մլն դոլար է, եւ 5 մլն դոլարը համաֆինանսավորվելու է Հայաստանի կառավարության կողմից, պայմանավորված է նրանով, որ այս ոլորտը զգալի մասնաբաժին ունի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ), կարեւոր գործոն է աղքատության նվազման եւ պարենային ապրանքների գների վրա ունեցած ազդեցությամբ: Ծրագրի նպատակն է բարելավել արոտավայրերի եւ մշակովի բույսերի համար նախատեսված տարածքների օգտագործումը: Ժան Միշել Հապին նշեց, որ դրանք թերի են օգտագործվում: Նախատեսվում է նաեւ աջակցել անասնաբուծությանը, հողերի արտադրողականության բարձրացմանը, խրախուսել անասնապահական կոոպերատիվների ստեղծումը, ինչպես նաեւ այդ գյուղերում իրականացնել ենթակառուցվածքների (ճանապարհներ, ջրագծեր եւ այլն) վերականգնման աշխատանքներ: Տեղեկացվեց, որ այս ծրագրից օգտվելու է վերոնշյալ գյուղերի մոտ 80 հազար բնակչությունը, իսկ արդյունավետության բարձրացման ծրագրեր են իրականացվելու 145 հազար հա հողերի համար: Համաշխարհային բանկի վարկը 5 տարվա ծրագրի համար կտրամադրվի արտոնյալ պայմաններով, տարեկան 0,75 տոկոսով, առաջին 10 տարին առանց վճարումների:
Ի՞նչ չափանիշներով է երեւալու ծրագրի արդյունավետությունը: Այս հարցին պատասխանեց ՀԲ երեւանյան գրասենյակի գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի պատասխանատու Արտավազդ Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ կան արդյունավետության չափման 4 չափանիշներ: Առաջինըՙ կաթնատվությունն ու մսատվությունը վերոնշյալ 55 գյուղերում 5 տարի հետո պետք է ավելացած լինեն 20 տոկոսով: Երկրորդը համայնքային արոտավայրերի օգտագործման արդյունավետությունն է, որը պետք է երեւա դրանց վարձակալությունից ստացված եկամուտներից: Այսինքն, կստեղծվեն կոոպերատիվներ, որոնք կվարձակալեն եւ համատեղ կօգտագործեն արոտավայրերը: Երրորդը անասնապահական մթերքներից ստացած եկամուտների ավելացումն է: Չորրորդը արոտավայրերի կառավաման արդյունավետության ինդեքսի բարձրացումն է մինչեւ 80-ի, որն այժմ 0 է:
«Ազգի» հարցն ուղղված էր համայնքների կողմից իրականացվելիք ենթակառուցվածքների ծրագրերի վերահսկողությանըՙ նկատի ունենալով համայնքներում կառավարման ցածր մակարդակը: Այս առթիվ Ժան Միշել Հապին ասաց, որ նախկինում գյուղերում իրականացված ծրագրերի փորձը ցույց է տվել, որ կան գյուղեր, որոնք կարող են իրականացնել նման ծրագրեր եւ լավ արդյունք տալ: Սակայն նա միաժամանակ ընդունեց, որ այստեղ կան ռիսկեր, ուստի լինելու է վերահսկողություն գյուղնախարարության ծրագրի իրականացման գրասենյակի, ինչպես նաեւ անընդհատ մոնիտորինգ Համաշխարհային բանկի կողմից:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ