«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2011-03-22 | #50, 2011-03-23 | #51, 2011-03-24


ՊԱՅՔԱՐՙ ԱՐԵՎԻ ՏԱԿ ՏԵՂ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ներքաղաքական վերջին երկու շաբաթվա զարգացումները փաստում են, որ սկսվել է պայքար` արեւի տակ փոքրիկ տեղ պահելու կամ էլ ունեցածը չկորցնելու համար: Օրինակ, ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը պայմանավորվում են, որ խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությանը հասկացնեն` քո ժամանակը սպառվել է: Իշխանական կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ն ընդհանրապես դուրս են զարգացող իրադարձություններից, ՀՅԴ-ն երբեմն ինչ-որ հայտարարություններ անում է, սակայն արմատական որեւէ քննադատություն եւ պահանջ իշխանության առջեւ չի դնում:

Որ ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը գոնե «Ժառանգության» վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել, Րաֆֆի Հովհաննիսյանին չի ստիպում հիասթափվել ու ձեռքերը ծալել: Վերջինս շարունակում է հացադուլը Ազատության հրապարակում` այդ կերպ ձեռք բերելով բազմաթիվ համակիրներ:

  Տիգրան Կարապետյանի երեկվա ասուլիսի ժամանակ ակնհայտ դարձավ, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններից ակնկալիք ունի նաեւ Ժողովրդական կուսակցությունը: Պայքարն ըստ Կարապետիչի, նոր երանգ է ստանում ու շարունակվելու է ավելի լայն թափով, որովհետեւ «մեզ ուզում են դուրս բերել դաշտից ու մենաշնորհել դաշտը»: Դաշտում մնալու ու արեւի տակ մի փոքրիկ տեղ գտնելու նպատակով մշտապես Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատող Կարապետիչն այժմ դարձել է «Ժառանգության» թիվ մեկ դաշնակիցը: Նախ Մատենադարանում տեղի ունեցած հանրահավաքից հետո Կարապետիչն ու իր համակիրները եկան Ազատության հրապարակ` ողջունելու եւ սատարելու Հովհաննիսյանին, իսկ երեկ ԺԿ նախագահը չբացառեց «Ժառանգության» հետ համագործակցությունը: ԺԿ-ում այդ ցանկությունը կա, «Ժառանգությունում» դեռ հայտնի չէ. վերջին ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ՀԱԿ-ի հետ համագործակցության եզր տեսնում է:

Տիգրան Կարապետիչի գնահատմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը խիզախ քայլ է: Հենց հացադուլի որոշում կայացնելն էր պատճառը, որ Կարապետիչն իր վերաբերմունքը փոխեց: Մինչ այդ Կարապետյանը կարծել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը արեւմտյան գաղափարներ կրող է, բայց վերջին մեկ շաբաթվա ընթացքում պարզել է, որ «Հովհաննիսյանն այսօր հայ է»: ԺԿ նախագահի գնահատմամբՙ ՀԱԿ-ում դիրքորոշումներն ու մոտեցումները փոխվել են: Արմատականներն այլեւս արմատական հայտարարություններ չեն անում, ժողովրդին հանգստացնում են ու պահանջում վստահել առաջնորդին, որը առանց շտապելու շախմատ է խաղում:

Թեպետ ՀԱԿ-ը հայտարարում է, որ իր օրակարգում շարունակում է թիվ մեկ պահանջը մնալ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու իշխանափոխությունը, սակայն դրանք մնում են ընդամենը խոսքեր, այն էլ ոչ թե հանրահավաքների ժամանակ` բազմության առաջ, այլ ասուլիսների ժամանակ: Ընդհակառակը, հանրահավաքների ժամանակ թե՛ ՀԱԿ առաջնորդը, թե՛ մնացած ընդդիմադիր քաղաքական գործիչները հիմա իշխանափոխություն պահանջող հանրությանը հանգստացնում են խոսքերով, որ ընդդիմությունը շախմատ է խաղում եւ չպետք է շտապի:

«Դիրքորոշման մեղմացում չկա»: Սա էլ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի տեսակետն է: Գնում են երկխոսության, որը լուծելու է հարցեր ոչ թե իշխանության, այլ ժողովրդի համար: ՀԱԿ-ում աննպատակահարմար են համարում որեւէ ընդդիմադիր ուժի հետ բանավեճի մեջ մտնելը: Թիրախը իշխանություններն են: Լեւոն Զուրաբյանը համոզված է, որ ընդդիմությունը կարելի է միավորված համարել: «Բոլոր ուժերը, ովքեր կարծում են, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, արդեն միավորվել են, ովքեր նոր են այդպես մտածում, դռները բաց են»: Զուրաբյանի գնահատմամբ` ընդդիմադիր ուժերի նպատակը մեկն է, պարզապես պայքարի ձեւերն են տարբեր. «Մեկը` հարյուրհազարանոց միտինգով, մյուսը` ծոմապահությամբ, երրորդն էլ` կարմիր քարտով»:

«Եթե որեւէ մարդ ցանկանում է, որ հանրությունը ընկալի իր ակցիան որպես քաղաքական հացադուլ, ինքն ընդամենը մեկ մոգական ֆրազ պետք է արտասանի, ասի, սա է իմ պահանջը, ես հացադուլը կդադարեցնեմ միայն այն ժամանակ, երբ պահանջը կատարվի»:

«Հովհաննիսյանի հացադուլը ցուցադրական չէ», համոզված է ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը : Իշխող կուսակցության ներկայացուցիչը կարծում է, որ հարցերը պետք է բարձրացնել ԱԺ ամբիոնից: «Իսկ եթե հացադուլի է դիմում, ապա ժողովրդին իր ձայնը լսելի դարձնելու այլ տարբերակ չունի»: Բադեյանը դատապարտեց, որ ոստիկաններն արգելել են անձրեւին ու ցրտին վրան տեղադրել Ազատության հրապարակում: «Այո, ծանր է երկրի վիճակը, փոփոխություններ է պետք կատարել, ո՞վ չի ընդունում դա, բայց ի՞նչ մի ծայրահեղ վիճակ է, որ դիմել է հացադուլի: Երկուսն էլ` վրան թույլ չտալն ու հացադուլը, մառազմ է»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի մեկնաբանությամբ էլ վրան տեղադրելու արգելքը իշխանությունների իրական բարոյական եւ քաղաքական նկարագրի պատկերն է ցույց տալիս: Հակոբյանի գնահատմամբ` Ազգային ժողովը կրիմինալի ղեկավարման կոորդինացիոն հիմնական կենտրոնն է: «Նման կրիմինալ հակապառլամենտական պառլամենտ դեռեւս չի ունեցել Հայաստանը»: Հետեւաբար Հակոբյանը կարծում է, որ նման խորհրդարանում անհնար է հայտարարություններ կատարել:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4