Երեկ հայտարարությամբ է հանդես եկել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը . «Այսօր եւս մեկ անգամ այցելեցի Հայաստանի նախկին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին , որը հացադուլի մեջ է արդեն ութ օր: Նրա հետ զրույցից պարզ է դառնում, որ ընդդիմության մեկ թեւի առաջնորդը հաստատակամ է շարունակելու իր քաղաքական բողոքը եւ անհամաձայնությունը վարվող քաղաքականությանը: Այնուամենայնիվ, հացադուլի ամեն հաջորդ օր անդրադառնում է նրա առողջության վրա, եւ դա գնալով ավելի ակնհայտ է դառնում: Անկասկած, իր այս քայլով Րաֆֆի Հովհաննիսյանը արտահայտում է Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի հուսահատությունը եւ հեռանկարի բացակայությունը:
Հաշվի առնելով այն փաստը, որ ներկա նախագահը 2007-ին դեռ վարչապետի պաշտոնում այցելել է նշանավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին եւ հորդորել դադարեցնել քաղաքական դրդապատճառներից սկսած հացադուլը, ապա, կարծում եմ, հանրապետության նախագահը նույն քայլը կարող է ձեռնարկել Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում: Այս քայլը կնպաստի Հայաստանի ներքաղաքական իրադրության բարելավմանը, ինչպես նաեւ ելք կլինի ստեղծված իրավիճակից»: