«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2011-03-22 | #50, 2011-03-23 | #51, 2011-03-24


ԽՃԱՆԿԱՐԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպական նորությունների հեռուստաալիքները հեղեղել են մեր գիտակցությունը համաշխարհային աղետների լուրերով: Տպավորություն է, թե ողջ մոլորակը աղետի գոտու է վերածվել: Եվ դա այդպես էլ է: Մարդը իր սեփական բնակարանը սառնասրտորեն թալանում կամ, որպես օտարածին էակ, ինտերվենցիայի է ենթարկում: Արաբական աշխարհի մակընթացությունները կամա-ակամա ալիքվում են մեր ենթագիտակցության մեջ. սոցիալական աղետը համաճարակի է վերածվում: Անգամ ամենազարգացած գերտերությունը, ամենաառաջադիմական հասարակությունը ապահովագրված չեն. մեր աչքի առաջ է ճապոնական մեծ ողբերգությունըՙ եռակի արհավիրք միանգամից. ավանդապահ մշակույթով ու գերզարգացած քաղաքակրթությամբ միմիայն հարգանքի արժանի ժողովրդի հանդեպ, սոսկալի էր բնության ամեհի ուժը: Ճապոնական ողբերգությունն ամենացնցողն է վերջին աղետներից: Եվ նույնքան ցնցող վշտի զսպվածության եւ արժանապատվության ճապոնական դրսեւորումը:

Բնական ու սոցիալական աղետներից առաջ ամենավտանգավոր աղետը սակայն մարդու հոգեկան աշխարհում տեղի ունեցողն է: Աշխարհի, երեւույթների հանդեպ նրա վերաբերմունքների ծայրահեղությունը, կեղծ, անցողիկ արժեքների ֆետիշացումը, բնական հավասարակշռության օրենքի խախտումը: Եվ միայն մեծ արհավիրքների առաջ է նա խեղճանում, խուճապահար լինում ու փորձում վերանայել իր հայացքները: Սակայն, հիշողությունը, ավա՜ղ, կարճ է: Ու նորից մոլորակի մարմինը նա պատում է պատերազմի վերքերով, սովի կնճիռներով:

Աշխարհի խճանկարի բազմազանության մեջ երեւույթները երբեմն անընկալելի են, ծայրահեղ հակասականությամբ անհամոզիչ: Ու երբ մինչեւ հոգուդ խորքը ցնցում են թաիլանդցի արտիստների փողոցային շրջիկ ներկայացման պարող փղերըՙ կնճիթներից կախ գանձանակներով, ճակատներին կարմիր խաչի դաջվածքով ու «Help Japan» գրությամբ, եւ կամ զարմանքով հետեւում ես գերմանացիների վերաբերմունքին, նրանց հուզմունքին, մոմավառությանն ու ցավակցական գրություններին սիրելի Կնուտ արջի մահվան համար, հայացքդ միանգամից, կտրուկ տեղափոխում են Լիբիայի վիրավոր երկնքի սարսափին, որից շատ բնակիչներ արդեն փախել են լեռներըՙ ապաստանելու քարայրերում: Հետո վերադառնում ես ու նորիցՙ ահա աշխարհի քո անկյունըՙ քո հոգսը գրկած:

Զրուցում եմ տարեց մի կնոջ հետ: Իր ցավերը մոռացած այս կինը Գյումրու երկրաշարժից տուժած մի ընտանիքի մասին է պատմում: 1988-ից դեռ տնակում ապրող ընտանիքի չորս երեխաներից փոքրը նորածին է, մայրը չի կարող նրան կրծքով կերակրել, որովհետեւ քաղցած է մնում, իսկ գիշերներն էլ չի քնում, որովհետեւ երեխաներին է հսկում տանը վխտացող առնետներից: Զրուցակիցս թոշակների հետ կապված խայտառակ պատմությունն է հիշեցնում, թե ինչպես տարիներ շարունակ սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից մահացած մարդկանց թոշակ է նշանակվել, եւ միլիոններ են գրպանվել: Իսկ ինքը 40 տարվա աշխատանքային ստաժով ընդամենը 25.000 դրամ է ստանում: Միայնակ թոշակառուի հերթական անապահով եւս մեկ ծերություն. ձմռանը ցերեկները վառարանն անջատում, լավ եղանակին օրն անց է կացնում մոտակա այգում, երեկոյան միայն տուն դառնալիսՙ մի քանի ժամով վառարանը միացնում է: Սակայն խորին արժանապատվությամբ է խոսում ազգային եւ հասարակական երեւույթների մասին, սաստիկ կարեկցում գյումրեցի բազմազավակ մորը, որ նման պայմաններում չորս երեխա է մեծացնում, երեքըՙ տղա: «Նրանք վաղվա մեր բանակայիններն են, չէ՞, գոնե այդ տեսանկյունից վերաբերվեն այս ընտանիքին, մեր իշխանավորները մի փոքր եթե պետականորեն մտածեի՜ն»: Ամենափնտրվածը մեր իրականության, մեր հասարակության մեջ. համընդհանուր անձնապաշտության ու նյութամոլության պայմաններում մեզանում ոչ թե պետական կամ ազգային մտածողությունն է պակասում, այլ պարզ-մարդկային վերաբերմունքն է վերանում: Այստեղ պետք է հիշատակեմ բարեկամներիցս մեկիՙ վերջերս զարմանքով ու հուսահատությամբ ասված խոսքը, թե ազնվությունը բեռ է դարձել, կյանքը խոչընդոտող բեռ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4