«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2011-03-22 | #50, 2011-03-23 | #51, 2011-03-24


ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ 24 ԺԱՄՈՒՄ

Վիճակագրության համաձայն, Հայաստանում գրանցված են 2751 թմրամոլներ, որոնցից 1472 հոգին մայրաքաղաքից են: Իսկ 1472 հոգուց 37-ը կանայք են: Սրանք առողջապահության նախարարության նարկոլոգիական ծառայության գրանցած տվյալներն են: Իհարկե, թմրամոլների իրական թիվն այլ կլինի, քանի որ վերոնշյալ թվերը վերաբերում են միայն նրանց, որոնք դիմել են բուժման համար: Կան թմրամոլներ, որոնք ո՛չ դիմել են բուժման համար, ո՛չ էլ գրանցված են, հետեւապես իրական թիվը ավելին կլինի: Երեկ «Հենարան» ակումբում ԱՆ գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերճյանը տեղեկացրեց, որ նախարարությունը տրամադրում է բուժական ու վերականգնողական օգնություն նրանց, որոնք դիմում են բուժման համար: Իսկ բուժումը թմրամոլի կամքին հակառակ չի լինում, թեեւ կան հարկադիր բուժվողներ, բայց նրանց թիվը քիչ է` տարեկան 7-8 հոգի: Մյուսները բուժման համար դիմում են կամավոր: Պետրոս Սեմերճյանի փոխանցմամբ` թմրամոլների թիվն ավելացել է, բայց դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բուժման համար սկսել են ավելի շատ դիմել: Այսինքն` իրականում ավելացել է դիմողների ու գրանցվածների թիվը:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը հավելեց, որ դիմողների թիվն ավելացել է, քանի որ թմրամոլությունն ապաքրեականացվել է. «Հոգեկան հիվանդությունների դեպքում էլ իրական հիվանդներն ավելի շատ են, քան գրանցված ու բուժվող հիվանդները»: Եթե փոխվի մարդկանց վերաբերմունքը հոգեկան հիվանդների հանդեպ, եւ հոգեկան հիվանդությամբ տառապող հարազատ ունենալը չլինի ամոթալի երեւույթ, ապա, անկասկած, կավելանա բուժվողների թիվը: Հայաստանում հաշվառված են հոգեկան խանգարումներ ունեցող 44 հազար քաղաքացիներ:

Այնուհետեւ կրկին անդրադառնալով թմրամոլությանը` պարոն Սեմերճյանը նշեց, որ ներկայիս մեթոդիկաները հնարավորություն են տալիս ազատվելու կախվածությունից: Իսկ ովքեր բուժումից հետո վերադառնում են թմրամոլությանը, դա արդեն պայմանավորված է ոչ թե բուժման որակով, այլ ուրիշ հանգամանքներով: Հայաստանի քաղաքացիների համար թմրամոլությունից բուժումը, բացի մի թանկարժեք մեթոդիկայից, իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Բուժումը տեւում է միջինը 15-25 օր` կախված հիվանդի առողջական վիճակից:

Ինչ վերաբերում է վերոնշյալ թանկարժեք մեթոդիկային, դրա արժեքն ամբողջությամբ դեռ որոշված չէ, սակայն, Պետրոս Սեմերճյանի փոխանցմամբ, միայն ծախսվող նյութի գինը կազմում է 700-800 հազար դրամ: Այդ մեթոդիկայով նախատեսվում է թմրամիջոցներից կախվածությունը բուժել 24 ժամվա ընթացքում: Սա աշխարհում տարածված մեթոդիկա չէ, կիրառվում է միայն Միացյալ Նահանգներում ու Իսրայելում, ըստ Պ. Սեմերճյանի, հաջորդը փաստորեն լինում է Հայաստանը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4