Մոնտե Կառլոյի շախմատի մրցաշարում հաղթարշավն է շարունակում Լեւոն Արոնյանը: 10-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովն էր: «Կույր» շախմատի պարտիայում, որտեղ Արոնյանն իր հավասարը չունի, հայ շախմատիստը կրկին հիանալի խաղաց ու հերթական հաղթանակը տոնեց: Այս մրցաձեւում Արոնյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր:
Արագ շախմատի պարտիան 37-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Այսպիսով, Արոնյանը 10-րդ տուրից հետո վաստակեց 14,5 միավոր ու շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը: Նա գերազանց հնարավորություն ունի դառնալու մրցաշարի հաղթող:
Արոնյանին հետապնդող Մագնուս Կառլսենը Ալեքսանդր Գրիշչուկի հետ «կույր» շախմատի պարտիայում հաշտություն կնքեց: Նրանց միջեւ կայացած արագ շախմատի պարտիան ավարտվեց ուշ երեկոյան: Նույնիսկ եթե Կառլսենն այդ պարտիայում հաղթեր, նա Արոնյանից մեկ միավորով հետ կմնար:
«Կույր» շախմատի մրցախաղերում բացի Արոնյանից, հաղթանակ տոնեց միայն Բորիս Գելֆանդը` առավելության հասնելով Անիշ Գիրիի նկատմամբ: Կրամնիկ- Իվանչուկ, Կարյակին-Նակամուրա, Անանդ-Հաշիմով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Այսօր կայանալիք ավարտական տուրում Լեւոն Արոնյանը կմրցի Սերգեյ Կարյակինի հետ: Կառլսենը կհանդիպի Բորիս Գելֆանդի հետ: