«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2011-03-22 | #50, 2011-03-23 | #51, 2011-03-24


ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆ-ԱՆԱ ԱՐՐԱԶՈԼԱ ՄՐՑԱՄԱՐՏԸՙ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

Շաբաթ օրը, ժամը 22-ին ութամսյա «մարտական» դադարից հետո Համբուրգում ռինգ դուրս կգա բռնցքամարտի թեթեւքաշայինների աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը: 23-ամյա Սյուզիի մրցակցուհին մեքսիկուհի Անա Արրազոլան է:

Այն հարցին, թե ութամսյա դադարն ինչպե՞ս է լցրել, Սյուզին պատասխանում էՙ «շատ եմ ճամփորդելՙ ԱՄՆ, Հայաստան, շատ բան եմ հասցրել անել ու ինձ հիմա թարմ եմ զգում»: Իր մրցակցի մասին Քենտիկյանն իմացել է մրցամարտից երեք շաբաթ առաջ, դիտել է նրա մենամարտերի տեսագրությունները եւ կարծիք հայտնել, թե «Արրազոլան շատ փորձառու է, հետամուտ նպատակինՙ իսկական մեքսիկուհի է, սիրում եմ այդ ոճը»: Մեր ընթերցողներին արդեն իրազեկել ենք, որ անցած ամիսներին մարզումներին զուգահեռ Սյուզին սպասման մեջ էր անցկացնում: Ունիվերզում ակումբը, ուր հանդես էր գալիս մեր հայրենակցուհին, մրցումներ կազմակերպելու խնդիրներ ուներ:Հունվարին Սյուզին պիտի ռինգ դուրս գար, հետաձգվեց, հետո հայտարարվեց, թե մրցամարտը փետրվարին է լինելու, դարձյալ չկայացավ:Հիմա վերջապես մարտին, բայց ուրիշ ակումբի հետՙ մենեջեր Ուլֆ Շթայնֆորթի եւ նրա SES բռնցքամարտի ակումբի կազմում: Մարզիչը, ինչպես նախկինում, Մագոմեդ Շաբուրովն է:

Քենտիկյանը վերջին անգամ ռինգում իր ուժերն է չափել 2010-ի հուլիսի 17-ինՙ մեքսիկուհի Արելի Մուչինոյի դեմ կայացած մրցամարտում: Գլխին ստացած հարվածների պատճառով Սյուզին վնասվածք էր ստացել, մրցամարտը չգնահատվեց: WIBF, WBA, WBO վարկածներով աշխարհի չեմպիոնուհին 27 մրցամարտ հաղթանակով է պսակել:

Մի բան էլՙ հիշեցման կարգով: «Ազգի» ընթերցողներն արդեն տեղյակ են, որ մարտին Գերմանիայում լույս տեսավ Քենտիկյանի ինքնակենսագրականըՙ «Ինձ ոչինչ նվեր չի տրվել» վերնագրով:« Կյանքիս մանրամասների մասինՙ ինչպես եմ մեծացել, ինչպես եմ հայտնվել Գերմանիայում, շատ էին հարցնում: Ես էլ ամեն ինչի մասին պատմել եմ իմ գրքում», գրելու շարժառիթը բացատրել է Սյուզին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4