Հանդբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների աղջիկների հավաքականը Ռումինիայի Յասի քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Մեր հանդբոլիստուհիները կմրցեն Ռումինիայի, Իսրայելի եւ Հոլանդիայի հավաքականների հետ:
Մրցաշարի նախապատրաստական փուլը մեր հավաքականն անցկացրել է Ֆրանսիայում: Մարզումներին մասնակցել են նաեւ Ֆրանսիայի տարբեր քաղաքների թիմերում հանդես եկող հայազգի մարզուհիները, որոնք ընդգրկված են Հայաստանի հավաքականում: Ընտրական մրցախաղերին Հայաստանի դրոշի ներքո հանդես կգան Մարգո Թերզյանը, Ֆանի Աբրահամյանը, Մարի Միրաքյանը, Մաշա Բոյաջյանը, Նոյեմի Մուրադյանը:
Ֆրանսիայում մեր հավաքականը համատեղ մարզումներ անցկացրեց, նաեւ ուժերը փորձեց ստուգողական 3 խաղում: Հայաստանի հավաքականի մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը գոհ է կատարված աշխատանքից: Նա հնարավորություն ունեցավ ստուգելու թե հայաստանցի, թե ֆրանսահայ մարզուհիների խաղային ունակությունները: