Հայաստանի շախմատիստները բավական հաջող մեկնարկեցին Ֆրանսիայի Էքս լը Բեն քաղաքում սկսված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում: Մեր 9 պատվիրակներից 7-ը մեկնարկեցին հաղթանակով: Գաբրիել Սարգսյանը սեւերով հաղթեց Քրիստոֆե Օլիվիերին: Սպիտակներով Արման Փաշիկյանը պարտության մատնեց Լենկա Պտաչնիկովային, Ավետիք Գրիգորյանն առավելության հասավ Ռալֆ Շնաբելի նկատմամբ, Հրանտ Մելքումյանն էլ հաղթեց Սերգեյ Նաուդիերին:
Հաջող էր նաեւ Հայաստանի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանի մեկնարկը, որը սեւերով պարտության մատնեց Վլադիմիր Չուբարին: Սամվել Տեր-Սահակյանն իր օգտին հաղթական միավոր գրանցեց Ազար Իզաթի հետ մրցավեճում: Զավեն Անդրեասյանը սեւերով հաղթեց Նիկոլաս Գիֆարդին: Վլադիմիր Հակոբյանը հաշտություն կնքեց Դավիթ Զարկուայի հետ: Միակ պարտությունը կրեց Վլադիմիր Պողոսյանըՙ զիջելով Յանիկ Պելետիեյին:
Հաղթական էր նաեւ ֆրանսահայ Տիգրան Ղարամյանի մեկնարկը, որն առավելության հասավ Նիկոլայ Մաեւսկու նկատմամբ:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 393 շախմատիստներ, այդ թվում նաեւ կանայք: Լավագույն արդյունքի հասած 23 մասնակիցներն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր կնվաճեն: