«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2011-03-22 | #50, 2011-03-23 | #51, 2011-03-24


ԱԲՐԱՀԱՄՆ ՈՒ ՈՒՈՐԴԸ ԿՄԵՆԱՄԱՐՏԵՆ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ

Երկրորդ միջինքաշային կարգի Super Six մրցաշարի Աբրահամ-Ուորդ կիսաեզրափակիչ մենամարտը կկայանա մայիսի 14-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Կարսոն քաղաքում:

«Մեծ հարգանքով եմ վերաբերվում WBA-ի վարկածով երկրորդ միջինքաշային կարգի աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդին: Նա հաստատել է բարձր կարգըՙ հաղթելով մի շարք ուժեղ բռնցքամարտիկների: Սակայն ռինգում այդ ամենը նշանակություն չի ունենա: Պատրաստ եմ վերադարձին: Իսկական չեմպիոնը մշտապես պետք է կարողանա պարտությունից հետո ռինգ վերադառնալ ու հետ բերել կորցրած տիտղոսը: Անհամբերությամբ եմ սպասում մայիսի 14-ին: Կապացուցեմ, թե ռինգում ինչի եմ ընդունակ», հայտարարել է Արթուր Աբրահամը:

Իր ուժերին վստահ է նաեւ Անդրե Ուորդը. «Պատրաստ եմ ռինգ վերադառնալ եւ մայիսի 14-ին մենամարտել Արթուր Աբրահամի հետ: Ինձ ընդամենը մեկ քայլ է բաժանում եզրափակիչ մենամարտից, որում եւս հաղթելու դեպքում կդառնամ երկրորդ միջինքաշային կարգում լավագույն բռնցքամարտիկը: Լոս Անջելեսում Արթուրին երկրպագողների բանակը մեծ կլինի, սակայն ինձ աջակցողների թիվն էլ փոքր չի լինի»:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 34 մենամարտերից 32-ում հաղթել է, կրել է միայն 2 պարտություն: Ամերիկացի Անդրե Ուորդը 27 տարեկան է, 4 տարով փոքր է Արթուրից: Նա առայժմ անպարտելի էՙ շահելով բոլոր 23 մենամարտերը:

Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ մյուս մենամարտը կկայանա մայիսի 21-ին: Մրցավայրը դեռեւս հայտնի չէ: Այդ օրը ռինգ դուրս կգան WBC-ի վարկածով երկրորդ միջինքաշային կարգի աշխարհի ներկայիս չեմպիոն Կառլ Ֆրոչը եւ Գլեն Ջոնսոնը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4