«Ինչպես յուրաքանչյուր մրցանակ, այս մեկը եւս Աբրահամյանին պարտավորեցնում է»
Իր գործունեության ընթացքում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը արժանացել է բազմաթիվ մրցանակների, ոչ միայն Հայաստանում, որի բարօրությանն է ուղղված Աբրահամյանի գործունեության ծանրակշիռ մասը, այլեւ Ռուսաստանում, որի էլ ավելի ժողովրդավարացմանը, միջհամայնքային կապերի կայացմանն ու ամրապնդմանը նույնպես աջակից է նա իր գործունեությամբ: Աբրահամյանի հերթական մրցանակի անվանումն արդեն իսկ խոսուն է` 2010-ի արդյունքներով «Տարվա բարեգործ». հենց այս մրցանակին է արժանացել ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահը Luxury ամսագրի կողմից: Տարբեր ոլորտներում ամենաներկայանալի գործիչներին գնահատելու, երկրի զարգացման հարցում նրանց ներդրումը կարեւորելու եւ արձանագրած հաջողությունները խրախուսելու նպատակով վերոհիշյալ ամսագիրը Հայաստանում սկսել է իրականացնել իր ձեւաչափով նախադեպը չունեցող մրցանակաբաշխություն:
Նախագիծն իր հատուկ ուղերձով ողջունել է ՀՀ առաջին տիկինը: Ավելի քան 500 հավակնորդների միջեւ ընտրություն կատարելու համար նախ իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն. ամենօրյա հետեւողական աշխատանք` նրանց գործունեությանը հետեւելու հարցում եւ մասնագետների կարծիքների համեմատություն: Նախագծի երկրորդ փուլում 22 հոգուց բաղկացած ժյուրին կատարել է հավակնորդների նախնական ընտրություն` յուրաքանչյուր անվանակարգում ընտրելով 3-ական հավակնորդի: Ընդհանուր առմամբ, հավակնորդների թիվը գերազանցել է 500-ը:
Մեր թերթը բազմիցս է անդրադարձել գործարար եւ բարեգործ Աբրահամյանի` Հայաստանում եւ Արցախում իրականացրած աշխատանքներին: Այսօր ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն իրենց ավանդն ունեն հայրենական գիտության, ստեղծագործական միությունների, անհատ ստեղծագործողների աշխուժացման, բանակաշինության, դպրոցաշինության գործում, մշակութային աշխարհում: Ընդ որում, եթե նախկինում այդ աշխատանքները հիմնականում բարեգործական բնույթ էին կրում, ապա այժմ բարեգործությանը գումարվել է նաեւ հայրենիքի հետ գործակցությունը, ինչն, անշուշտ, էլ ավելի պետք է նպաստավոր լինի Հայաստանի եւ Արցախի զարգացման գործին:
Մրցանակը մարտի 24-ին մայրաքաղաքի Mezzo Classik House Club-ում Արա Աբրահամյանի անունից ստացավ ՀՀԿ եւ ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը: «Աբրահամյանի անունից ողջունում եմ մրցանակաբաշխության բոլոր մասնակիցներին եւ հաղթողներին` ցանկանալով նրանց նորանոր ձեռքբերումներ: Նշեմ նաեւ, որ սա Աբրահամյանի առաջին մրցանակը չէ, սակայն ինչպես մնացած բոլորի դեպքերում, այս մեկը նույնպես, վստահաբար, Աբրահամյանը չի դիտարկելու որպես կատարած աշխատանքի գնահատական, այլ` պարտավորություն` շարունակելու աշխատանքը ի բարօրություն հայրենիքի», ասաց Աղայանը:
Ավելացնենք նաեւ, որ Հայաստանում հրատարակվող ամսագրի մրցանակաբաշխությունը բաղկացած էր 50 անվանակարգերից: Աբրահամյանից բացի` «Լավագույն բարեգործ» կոչմանը արժանացել է նաեւ «Վիվասել»-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Լավագույն գործարար» կոչմանն արժանացավ Սամվել Կարապետյանը, «Լավագույն երաժիշտ»` Ռոբերտ Ամիրխանյանը, «Լավագույն գրող»` Պերճ Զեյթունցյանը, եւ այլք: Միջոցառմանը հրավիրված էին մի շարք պատվարժան հյուրեր:
Հ. Ա.