Եվրոպական խորհրդարանը հետաքննություն է սկսել իր երեք անդամներին ներկայացվող մեղադրանքների առնչությամբ: Երեք ԵՄ խորհրդարանականները, որոնք բոլորն էլ նախկին նախարարներ են, մեղադրվում են կաշառքներ վերցնելու մեջ` ֆինանսական ոլորտը կարգավորող օրենսդրության մեղմացմանն ուղղված որոշակի օրենսդրական փոփոխություններ մտցնելու դիմաց:
The Sunday Times պարբերականի, մի շարք այլ պարբերականների ու կայքէջերի փոխանցմամբ, The Sunday Times-ի սեփական հետաքննությամբ պարզվել է, որ ԵԽ եվրոպական սոցիալիստների խմբի երեք պատգամավորներ` Ավստրիայի ներքին գործերի նախկին նախարար Էռնստ Շտրասսերը, Ռումինիայի նախկին փոխվարչապետ Անդրիան Սեւերինն ու Սլովենիայի արտաքին գործերի նախկին նախարար Զորան Թհալերը մոտ 100 հզ. եվրո կաշառք են վերցրել` բանկային համակարգի ներկայացուցիչների համար նախընտրելի օրենսդրական փոփոխությունների նախագծեր Եվրոպական խորհրդարանում ներկայացնելու համար:
Հայաստանը, ինչպես եւ շատ այլ բազմաթիվ երկրներ, բնավ էլ զերծ չէ կաշառակերությունից, եւ այսպիսի մի իրավիճակ սպասելի է նաեւ եվրոպական երկրների պարագայում, սակայն այս սկանդալի պարագայում առավել հետաքրքրականն այն է, որ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող երեք խորհրդարանականներից մեկը հայտնի է որպես ադրբեջանական շահերի լոբբիստ, մարդ, որն ամեն դեպքում փորձում է առաջ տանել ադրբեջանական շահերը:
Խոսքը Ռումինիայի նախկին փոխվարչապետ Անդրիան Սեւերինի մասին է, որի` նման սկանդալում ներգրավված լինելու հանգամանքը տեղիք է տալիս ենթադրելու, որ վերջինս թերեւս չի հրաժարվել նաեւ ադրբեջանական փողերից` նույն մեթոդով աշխատելու դիմաց:
Թեեւ եվրոպատգամավորը չի ընդունում իր հասցեին ուղղված մեղադրանքները, իր վարքագիծը որակելով ԵԽ-ում ընդունված գործելակերպ, այդ կապակցությամբ կտրուկ հայտարարություններով են հանդես եկել մի շարք խորհրդարանականներ: Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Դայանա Ուոլիսը հայտարարել է, որ հանդես է գալու պաշտոնական հետաքննություն սկսելու նախաձեռնությամբ:
Իսկ եվրոպական սոցիալիստների խմբի նախագահ Մարտին Շուլցը կարգադրել էր Սեւերինին դուրս գալ խմբիցՙ հայտարարելով, որ ապագայում ցանկացած նման դեպքում ինքը վարվելու է նույն կերպ: Իր խոսքում Մարտին Շուլցը նշել էր նաեւ, որ յուրաքանչյուր խորհրդարանական, որը կարող է մեղադրվել կաշառակերության մեջ, պետք է անհապաղ հրաժարական ներկայացնի:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ