«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2011-03-24 | #52, 2011-03-25 | #53, 2011-03-26


ԵԱՀԿ ԴԱՇՏԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Ազգային ժողովի երեկվա ճեպազրույցներում լրագրողների առաջարկով խորհրդարանականները գնահատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի դաշտային առաքելության մասին զեկույցը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրական գնահատեց այն: Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչն է դրական, երբ խոսքը «օկուպացված» տարածքների մասին է, Գ. Սահակյանը չհամաձայնեց` ասելով, որ ուժի չկիրառման մասին է վերստին այնտեղ խոսքը ադրբեջանական տեղեկատվության վերաբերյալ է անվստահություն հայտնվում. ադրբեջանցիները անընդհատ ասում են, թե այդ տարածքները ատոմային թափոնների ու թմրամոլության գոտիներ են, մինչդեռ զեկույցում նշված է, որ այդ տարածքներում սովորական կյանքով ապրող, հող մշակող խաղաղ ժողովուրդ է ապրում. «Ամենակարեւոր հանգամանքներից մեկն այն է, որ զեկույցում նշվում է, որ այդ շրջանակներում բոլոր կողմերի մասնակցության խնդիր է առաջանում: Այսինքնՙ պահն է եկել, որ արդեն իսկ ԼՂ հիմնախնդրին որպես կողմՙ օրինական ձեւով ներկայացվում է ԼՂՀ մասնակցությունը», ասաց նա, նշելով, թե նույնիսկ խոսք կա, որ փաստահավաք խումբը կարող է նաեւ այլ շրջաններ գալ. «Իսկ մնացածները` օկուպացիա եւ նման արտահայտությունները, վերագրումները, կարելի է տարբեր ձեւով հասկանալ. մենք էլ հասկանում ենք, որ նայելու են նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված մեր տարածքները: Խոսքը Գետաշենին, Շահումյանին եւ այլ տարածքներին է վերաբերում: Բնական է, մենք չենք ասում` ծափահարում ենք եւ ուրախանում ենք: Չենք ասում, որ դա այն խնդիրն է, որ լուծումները կան: Պարզապես ասում ենք` դրական միտումներ կան...»: Վերաբնակեցնելու առումով խնդիր Գ. Սահակյանը տեսնում է, սակայն վերաբնակեցնելու կամ բնակչության թիվն ավելացնելու համար միայն հայրենասիրական կամ բարոյականության կոչերը քիչ են, ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Նույն հարցի վերաբերյալ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ի գիտություն են ընդունում համանախագահների հայտարարությունները, բայց եւ անհամաձայնություն հայտնեց զեկույցի որոշ ձեւակերպումներին, նկատելով, թե ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները լինեն ավելի հասցեական, նրանք իրենց հայտարարություններում վեր կանգնեն շատ ընդհանրական, երբեմն ոչ ճշգրիտ ձեւակերպումներից: Զոհրաբյանին դուր չի գալիս ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալու ընդհանրական կոչը` չնշելով, թե այդ կոչի հեղինակը ո՞ր կողմն է. «Եթե կոչ է արվում ձեռնպահ մնալու ռազմական բյուջեն մեծացնելուց` չնշելով, թե կոնկրետ ո՞ր երկիրն է ամեն օր սպառնում, որ իր ռազմական բյուջեն մի քանի անգամ պիտի գերազանցի Հայաստանի բյուջեից, ապա ինձ համար անհասկանալի է, թե ինչի՞ կարող են բերել ԵԱՀԿ համանախագահների ոչ հասցեական հայտարարությունները», ասաց Զոհրաբյանը: Նրա համար անհասկանալի էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի էմոցիոնալ պոռթկումը Հայաստանում` կոչըՙ շփման գծից հետ կանչել դիպուկահարներին, երբ Ադրբեջանն է հրաժարվում այդպիսի առաջարկներից: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ԵԱՀԿ դաշտային առաքելության զեկույցին լուրջ չնայեց: Ըստ նրա` միջազգային հանրությունը Ղարաբաղը որպես օկուպացված տարածք չի դիտում, բայց Ղարաբաղ ասելով հասկանում է նախկին ԼՂԻՄ-ը, իսկ մենք հասկանում ենք ԼՂՀ, որը սահմանադրությամբ ամրագրել է վերահսկողությունը մնացած տարածքների վրա: Բայց նաեւ խայտառակ բան է, որ այդ տարածքները ավերված են մինչեւ այժմ, իսկ այդ տարածքներում վերաբնակեցման ծրագիր չի իրականացվում Հայաստանի մեղքով` Հայաստանի իշխանությունները միայն վերաբնակեցնելու ոչ լիարժեք փորձեր են կատարում: Իսկ չվերաբնակեցված լինելը ադրբեջանցիների բերանը լկտի լեզու է դնում: Մինչդեռ վերաբնակեցված լինելու դեպքում ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ միջազգային հանրությունն այլ վերաբերմունք կդրսեւորեին: ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանն էլ վստահեցրեց, թե այսօր աշխարհն էլ է տեսնում, որ կան տարածքներ, որոնք ապահովում են ԼՂ անվտանգությունը:

Ի դեպ

Այս քառօրյայում քննարկված կոալիցիոն եւ ՀՅԴ-ի ընտրական օրենսգրքի նախագծերից ընդունվեց կոալիցիոնը, իսկ ՀՅԴ-ինը մերժվեց: Այս առիթով ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը գնահատեց, թե ՀՅԴ-ն բանավեճում հաղթանակ տարավ, իրենց առաջարկների հակափաստարկներ չեն ներկայացվել, ով շատ ձեռք ուներ` ավելի շատ կոճակ սեղմեցին, մատների քանակը հաղթեց. «Դա բիոմասսայի հաղթանակ էր... Ժողովրդավարությունն այն չէ, որ բիոմասսան, ումը որ շատ է, միշտ ճիշտ է, ժողովրդավարությունն այն է, երբ շատ է ընդունվում փոքրամասնության ճշմարտությունը: Հայաստանում դա տեղի չի ունենում, ու դա է, որ գրգռում եւ ժողովրդին հանում է հրապարակներ». սա ասվեց այն առիթով, որ քվեարկության ցուցակների հրապարակումը մեծամասնությունը մերժեց, մինչդեռ թույլատրվող ընթացիկ տեսանկարահանումը ցույց է տալիս, թե ո՞վ գնաց ընտրության, իսկ ցուցակների հրապարակումը` ո՞վ չի գնում: Վ. Հովհաննիսյանը (ՀՅԴ-ն) դեմ է մեծամասնական ընտրակարգին, իսկ մեծամասնությունը կողմ է 90:41 հարաբերակցությանը. «Մենք ունենք 41 մեծամասնական համակարգով ընտրված պատգամավոր, որոնցից 29 ծպտուն չեն հանել ընտրվելու պահից` ոչ հարց են տվել, ոչ հայտարարություն արել, ոչ էլ գրավոր հարցումով են դիմել, ոչ էլ ելույթ ունեցել: 7-ը համեմատաբար ակտիվ են, 5-ը հանել են 1 կամ 2 ծպտուն, ասենքՙ գյուղի ջրատարի մասին հարց են տվել: Հիմա այս 41-ի էֆեկտիվությունը ո՞րն է: Ժողովրդի կախվածությունը էս մարդկանցից, հավատը նրանց նկատմամբ այս մարդկանցից ինչո՞վ պիտի պայմանավորված լինի, ծպտունների քանակո՞վ: Եթե այդպես է, նրանք ընդհանրապես պառլամենտական կյանքում չկան: Դրա համար այդ փաստարկը ոչ մի գրոշ չարժե», ասաց նա:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4