«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2011-03-24 | #52, 2011-03-25 | #53, 2011-03-26


ՀԱՆՃԱՐԸ ՇՐՋՎՈՒՄ Է ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ

Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին

Հանկարծ «Արմենիա»-ի էլեկտրոնային փոստով սկսեցին ինձ հասնել նամակներ, որոնցով հիշեցնում էին իմ խոստումըՙ բաց նամակ գրել Երեւանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Խոստովանում եմ, նման բան խոստացել եմ: Ճիշտ է, չեմ հիշում, թե երթուղու որ կետում էր դա: Թվում է, ո՛չ աշխարհաշուրջն է հարմար ժամանակ, եւ ո՛չ էլ առագաստանավի տախտակամածըՙ հարմար տեղ, որպեսզի բավական չէ նամակագրական ժանրով զբաղվեմ, դեռ բարձրացնեմ նաեւ այնպիսի մի բազմաբարդ եւ հիրավի դրամատիկական հարց, ինչպիսին է Երեւանի ճակատագիրը: Տեղն իրոք այն չէ: Գրամեքենայիս փոքրիկ սեղանիկի եւ մահճակալիս արանքով հազիվ կարելի է կողքանց խցկվել: Իսկ այ, ինչ վերաբերում է ժամանակին, ժանրին ու թեմային, ապա ինքս ինձ հետ համաձայն չեմ: Վերջիվերջո, մենք ապրում ենք ոչ միայն «Արմենիա-Հայաստան»-ում, այլ նաեւ Հայաստանում: Համաձայն միջազգային ծովային իրավունքիՙ տախտակամածը հայրենիքի մի մասն է, իսկ նավն ու անձնակազմըՙ հայրենիքի մասնիկը: Չորս ամիս արդեն ճանապարհին ենք, թերեւս մի այդքան էլ կլինենք: Այնպես որ, այս ողջ ընթացքում մտքերս միայն հայրենիքի հետ են:

Իսկ ինչ վերաբերում է նոր քաղաքապետին բաց նամակ գրելուն, թերեւս չարժե դրա մեջ ինչ-որ անսովոր բան տեսնել: Պետք չէ, ինչպես լրագրողներն են ասումՙ որեւէ թեժ բան սպասել: Հարցն այն է, որ ոչ միայն Երեւանի, այլեւ ուրբանիզացման խնդրի մասին ընդհանրապես ես թերեւս միշտ էլ գրել եմ: Ինձ համար այդ հարցը հիրավի շեքսպիրյան էՙ լինել, թե՞ չլինել: Այնպես որ, համարենք, թե քաղաքապետին ուղղված նամակն արդեն սկսել եմ:

Ես վաղուց եմ ուշադրություն դարձրել (դեռեւս լեգենդար Գրիգոր Հասրաթյանի եւ Մուրադ Մուրադյանի ժամանակներից), որ մենք մի ինչ-որ անսանձ հպարտությամբ ենք ընդունում այն փաստը, որ Երեւանը միլիոնանոց քաղաք է: Իսկ ինչպե՜ս էինք խորհրդային ժամանակներում սպասում այդ թվին, դրա մեջ չտեսնելով մահացու չարիքը: Երբ կուսակցական եւ խորհրդային առաջնորդները այդ նույն վեց զրոն նվաճելու առիթով շամպայն էին բացում, ապա ոչ մեկի մտքով չէր անցնում, որ շուտով, շատ շուտով Երեւանի շուրջը պարտադիր կարգով աճելու են, ինչպես սունկերն ՙ անձրեւից հետո, երկաթբետոնե այլանդակ երկվորյակներ, որ բացի ամենայնից, աղավաղելու էին հին հայկական ճարտարապետության ոճն ու ավանդույթները: Եվ եթե դուք, թանկագին Կարեն, ասենքՙ դելտապլանով կամ ուղղաթիռով դանդաղ թռչեք Երեւանի վրայով, ապա կհամոզվեք, որ գոյություն չունի մեր երկրի այսպես ասած գլխավոր քաղաք, այլ կա թունավոր մուր արտաշնչող մի հսկայական մեգապոլիս, որը ներառել է եւ Աբովյանը, եւ Չարենցավանը, եւ Աշտարակը, եւ Էջմիածինը ու մի քանի տասնյակ նախկին բնակավայրեր, որոնք կորցրել են իրենց հինավուրց պատմական անվանումները: Եվ այդ ամենն արդեն մեկ միասնություն է: Նրանք միմյանց հետ կապված են ոչ թե ճանապարհներով, այլ փողոցներով: Այնպես որ, հաշվեք ու կհամոզվեք, որ երեք միլիոնանոց երկրի իրական մայրաքաղաքում ապրում է ավելի քան երկու միլիոն մարդ: Այդպիսի ցնորական պաթոլոգիա գոյություն չունի աշխարհի եւ ոչ մի երկրում: Եվ այդպիսի հարմար թիրախ մի որեւէ թշնամու համար նույնպես ոչ մի տեղ չես գտնի, մանավանդ որ մեր աթոռանիստ քաղաքից բոլորովին ոչ հեռու գտնվում է ոչ թե մի ինչ-որ Դիսնեյլենդ, այլ ատոմային էլեկտրակայան, որի մասին մենք տագնապով ենք հիշում ինչպես մեր երկրաշարժից, այնպես էլ ճապոնական ցունամիից հետո: Դե լավ, չվախեցնենք միմյանց: Շատ ավելի ճիշտ կլինի գործուն կերպով մտածել, թե ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից:

Սակայն, ավաղ, իրական գործողությունների համար մենք դեռ չենք հասունացել: Ինչպես ասում էին հնաշխարհի փիլիսոփաները, գիտակցված գործելու համար հարկավոր է փաստարկներ կուտակել: Այնպես որ, իմ առաջին նամակում կխոսենք այդ փաստարկների մասին: Դրա համար, ինչպես դարձյալ փիլիսոփաներն էին ասումՙ պետք է հիշել, որ ճշմարտության չափանիշը պրակտիկան է: Վերցնենք, օրինակ, Լիխտենշտեյն այսպես կոչված թզուկ պետությունը: Նա վաղուց գոյություն ունի Եվրոպայի քարտեզի վրա: Համենայն դեպս, վաթսուն տարով մեծ է ԱՄՆ-ից: Մակերեսը դեռ մի քիչ էլ զիջում է փոքրիկ Զատկի կղզուն, որտեղ «Արմենիա»-ի անձնակազմը ծակ ու ծուկ չթողեց, որ չշրջեր ընդամենը մեկ լուսային օրվա ընթացքում: Իսկ պետք է նկատի առնել, որ մենք ֆիլմ էինք նկարահանում, ոչ թե հենց այնպես քայլում: Լիխտենշտեյնում ապրում է երեսուն հազար մարդ: Հիմա գուցե մի քիչ ավելի: Իսկ այ, նրա մայրաքաղաք Վադուցումՙ յոթ անգամ քիչ: Չորս հազար: Հիմա գոցե մի քիչ ավելի: Բայց գլխավորն այն է, որ չխախտվի հարաբերակցությունը հօգուտ քաղաքի: Ինչպե՞ս են դրան հասել: Շատ պարզ: Ինքըՙ իշխանը (Լիխտենշտեյնը իշխանապետություն է) նախաձեռնել է օրենք, որը մշակել եւ ընդունել է նրանց ազգային ժողովըՙ Լանդտագը. մայրաքաղաքի բնակչությունը կարող է աճել միայն ծնելիության հաշվին: Միաժամանակ պարզապես օրենքի ուժ է ստացել հողագործի պաշտամունքի ավանդույթը: Ազգային տնտեսության մեջ առաջին տեղում են կաթնատու անասնաբուծությունը եւ խաղողագործությունը: Դեռ շատ վաղուց Շվեյցարիայի մեր հայրենակիցները մի ամբողջ օրով ինձ տարան շրջելու Լիխտենշտեյնում, եւ ես մտապահեցի մի իմաստություն. հողագործն այնտեղ կարող է զրկվել իր գործընկերների հարգանքից, եթե իր մշակած դաշտը գեղեցիկ տեսք չունենա: Վերջերս, ճապոնական ցունամիի մասին ռեպորտաժում ես վկայակոչել էի Հայաստանի իսկական բարեկամ, Ճապոնացի փիլիսոփա Հիրոսի Նոմայի բառերը, որը հղում կատարելով հին իմաստուններին, նույնպես խոսեց մշակված դաշտի գեղեցկության մասին: Չէ՞ որ խոսքն այստեղ մշակված դաշտի մասին չէ, այլ գյուղացու, հողագործի հոգու, առանց որի չկա երկիր, չկա պետություն, չկա ժողովրդի ապագա:

Թանկագին Կարեն, Երեւանի մեծարգո քաղաքապետ, չէ՞ որ հարցը միայն Երեւանը չէ: Դեռեւս երեսնական թվականների սկզբին ողջ երկիրը (ԽՍՀՄ) վարչական կարգով բաժանեցին շրջանների: Երեսուն թվականին Հայաստանը բաժանվեց քսանհինգ շրջանի: Յոթ տարի անց ավելացան եւս հինգը, ապա եւս երկուսը: Ըստ Ստալինի, այդպես հարմար էր հետեւել յուրաքանչյուր քաղաքացու, որի մեջ նա թշնամի էր տեսնում: Պատկերացրու մի շրջան, որը խնձորի պես կիսում են երկու մասի: Այսինքն, իսկույն ավելանում են նոր շրջկոմ, շրջգործկոմ, ԿԳԲ, միլիցիա, կոմսոմոլ, ԴՕՍԱԱՖ, ՕԲԽՍՍ, ժողվերահսկողություն, մի խոսքովՙ չինովնիկական հսկայական ապարատ, որը ծառայողների կարիք ունի. սուրճ եփող անձնական քարտուղարուհիներ, անձնական վարորդ-կառապաններ, օգնականներ, խորհրդականներ եւ իհարկեՙ դատարան ու դատախազություն: Եվ ահա թե ինչն է զարմանալի. շրջանը երկու մասի բաժանելուց մեկ տարի անց ճիշտ երկու անգամ աճեց հանցավորությունը: Թեեւ զարմանալու բան չկա, չէ՞ որ իրավապահ մարմինները պետք է աշխատանք ունենային, եւ ահա հորինում էին ամեն տեսակի հանցանքներ ու օրինախախտություններ: Մի խոսքով, պետք էին այդ քարտուղարուհիները, որոնք գիտեին սուրճ եփել, այդ կառապաններն ու այդ հնարավոր հանցագործները: Որտե՞ղ գտնել նրանց: Իհարկե գյուղերում: Ողջ Հայաստանով մեկ, գերակատարելով պլանները, սփռված էին ստախանովական եռանդով աշխատող տնաշինական կոմբինատներ, եւ մեկ սերնդի աչքի առջեւ Երեւանն ընդարձակվեց: Ծնվեցին երեսունյոթ շրջկենտրոններ, որոնք վերաճեցին քաղաքների ու ավանների:

Չորանում ու մեռնում էին հարյուրավոր հին հայկական գյուղերՙ իրենց եկեղեցիներով, հայրական տներով, այգիներով, արոտավայրերով, գերեզմանոցներով, պատմական հիշողությամբ: Էլ չեմ խոսում իսկական ցեղասպանության մասին: Քանզի գյուղերում միջին հաշվով հինգ-յոթ երեխա էին ծնում, իսկ քաղաքներում, լավագույն դեպքումՙ երկու-երեք: Հետո էլ երեք խոշոր քաղաքներ սկսեցին աճել, միմյանց հետ մրցելով մերթ հումորով, մերթ արտադրական հզորություններով: Լենինականը, Կիրովականը, Ստեփանավանը: Նրանք բոլորն էլ, ինչպեսեւ ողջ Հայաստանը, վեր էին խոյացել բազմատոննանոց երկաթբետոնե կառուցվածքների հաշվին: Եվ մենք գիտենք, թե այդ ամենն ինչով ավարտվեց մեր սեյսմավտանգ գոտում: Հիշեցնեմ, պարոն քաղաքապետ, որ այդ նույն Լենինականում կանգուն մնացին բոլոր շենքերը, որոնք կառուցվել էին դեռ ցարի ժամանակ: Եվ պատահական չէր, որ հումորի զգացումը չկորցրած լենինականցիները աղետի առաջին իսկ օրերին նշեցին. «Լենինականը փլվեց, Գյումրին մնաց»: Ես երեք ամիս շարունակ, ամեն օր գնում էի աղետի գոտի, չբաժանվելով իմ նոթաթետրից: Գրեցի «Դիմակայություն» գիրքը: Տասը տարի անց, կրկին աշխատելով դրա վրա, հրատարակեցի «Սպիտակի դասերը» վերնագրով: Ձեզ, որպես Երեւանի քաղաքապետի, կցանկանայի հիշեցնել շատերի կողմից մոռացված տվյալներն այն մասին, որ 1988 թվականի դեկտեմբերյան այդ ողբերգական օրը միայն Երեւանում տուժեցին մոտ երեք հազար շենքեր, որոնք պարտադիր ամրացման կարիք ունեին: Դա շատ լուրջ թեմա է, Կարեն ջան: Աստված չի ներում նրանց, ովքեր իմանալով դժբախտության մասին, չեն կանխում այն:

Կատարելով ընթերցողներին տված խոստումս Երեւանի քաղաքապետին բաց նամակ գրելու մասին, ես լավ գիտեի, որ մեկ ռեպորտաժի շրջանակներում չեմ կարողանա տեղավորել ողջ նյութը: Թեմային իրոք լիովին տիրապետում եմ: Իմ «Ահեղ դատաստան» ծանրակշիռ գիրքը նվիրված է հենց Երեւանի խնդրին: Գլխավոր հերոսը պարտքի բերումով զրուցում է ֆրանսիացի ականավոր վիպագիր եւ գեղարվեստական հրապարակախոսության անգերազանցելի վարպետ Ֆրանսուա Մորիակի հետ, որն առաջինն է հետազոտել մեգապոլիսների ողջ ճակատագրական վտանգավորությունը: Այն ժամանակՙ 20-րդ դարի կեսերին գտնում էին, որ մեգապոլիսների բոլոր քաղաքապետները պետք է դասեր առնեն Մորիակից: Դա անհրաժեշտ է, որպեսզի իրենց պաշտոնն զբաղեցնելուց անմիջապես հետո յուրացնեն գլխավոր ճշմարտությունըՙ ցանկացած պետություն վերջին հաշվով ժողովուրդն է: Իսկ ժողովուրդը չի կարող ապրել առանց կրքի: Բայց մայրաքաղաքը կիրքը զրկում է իր բնորոշ հատկանիշներից: Չի գոյատեւի այն ժողովուրդը, որը կհուսա, թե իր մշակույթը ծնվում է միայն մայրաքաղաքում: Քանզի ժողովուրդը միայն մշակույթ չէ, առավել եւսՙ գիտություն: Ժողովուրդը ե՛ւ բնավորություն է, ե՛ւ սիրելու, ե՛ւ թե նույնիսկ ատելու յուրօրինակ կարողություն...

Ես կարծում եմ, առիթ կլինի ձեզ եւ ձեր գործընկերներին ավելի մոտիկից ծանոթացնելու Ֆրանսուա Մորիակի իմաստուն խորհուրդներին: Իսկ առայժմ, ելնելով իմ տարիքի բարձրությունից եւ մեր տասներկուերորդ մայրաքաղաքի խնդիրների մասին կուտակված հրապարակախոսական նյութերի ծավալից, ձեզ մի խորհուրդ կտամ: Քաղաքի իսկական տերը պետք է ոչ միայն կառուցել իմանա, այլեւՙ քանդել: Այո՛, այո, քանդել: Խոսքն ինչ-որ ավտոտնակների, հարակից շինությունների կամ ցանկապատների մասին չէ: Խոսքն այն հանճարի հեղինակային իրավունքների մասին է, որը, Չարենցի բառերով ասած, տեսել էր արեւի քաղաք, նկատի ունենալով առանձնապես Օպերային թատրոնը: Խնայե՛ք անմոռանալի Ալեքսանդր Թամանյանի հիշատակը, որի հոգին չի կարող հանգիստ գտնել այնտեղՙ երկնքում, իսկ մեղսավոր մարմինն, ինչպես ասում են, անդադար շրջվում է դագաղում այն գիտակցությունից, թե ինչ է կատարվում իր կերտած Երեւանում, մանավանդ Օպերային թատրոնի շուրջը: Միայն քանդել: Միայն վերականգնել այն, ինչ մտահղացված էր Արեւի Քաղաքի հեղինակի կողմից: Եվ դա պետք է անել խորամտորեն, տալով ժամկետՙ մեկ, երկու, հինգ տարի, ընդունելով համապատասխան օրենք, որի համաձայն շինությունների տերերը (ինչպես փայտե, այնպես էլՙ երկաթբետոնե) չեն տուժի: Նման մոտեցման դեպքում, կասկած չունեմ, նրանք իրենք առաջինը բահ ու լինգ կվերցնեն:

Իսկ ինձ մնում է միայն ավելացնել, որ իմ այս բաց նամակի թեման ես կշարունակեմ թեկուզ նրա համար, որպեսզի հիշեցնեմ բոլորին ու ինքս ինձ իմաստուն Մորիակի մասին, որը մահից ոչ շատ առաջ ասել է. «Իմ Փարիզն արդեն թշնամական է ընտանիքին: Իսկ գավառը դեռեւս պահպանում է կրակն ընտանեկան օջախներում: Բայց որքա՞ն ժամանակով»:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, «Արմենիա» առագաստանավ, Խաղաղ օվկիանոս

***

Հիանալի նորություն ունենք: «Արմենիա»-ի հայրիկների թիվը մեկով էլ ավելացավ: Ծնվեց ղեկակալ Վահագն Մաթեւոսյանի Հայկ որդին (քաշըՙ 3 կգ 150 գ, հասակըՙ 51 սմ): Այդ մասին մեզ տեղեկացրեց Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ տնօրեն, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը:

Զ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4