Երեւանում մեկնարկել է «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագիրը, որը ֆինանսավորում է Եվրոմիությունը: Ծրագիրն իրականացնում է «Save the children» միջազգային կազմակերպությունը` համագործակցությամբ «Ապագան քոնն է» ՀԿ-ի հետ: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի երեխաների կարողությունների զարգացմանը: Հայաստանում այն կգործի Երեւանի ու Արարատի, Արմավիրի,Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի 20 դպրոցներում, օգտվելու են շուրջ 10 հազար երեխաներ:
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը հակիրճ ներկայացրեց ծրագիրը, այնուհետեւ նշեց. «Մեծահասակներս պետք է սովորենք համագործակցել երեխաների հետ»: Կրթության եւ գիտության նախարարության հետ «Save the children»-ը համաձայնագիր է ստորագրել ծրագիրը համատեղ իրականացնելու վերաբերյալ:
Երեկ ծրագրի շնորհանդեսին նաեւ ներկա էր ԱԺ առողջապահության, մայրության ու երեխաների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Իր խոսքում նա նշեց, որ վերջերս եղել է Նորվեգիայում, ու որքան էլ զարմանալի է, նույնիսկ այդպիսի զարգացած երկրում երեխաները խնդիրներ ունեն: Նորվեգիայում կա երեխաների իրավունքների պաշտպան` օմբուդսմեն:
Այնպես որ, երեխաներին հարկավոր է լուրջ վերաբերվել, քանի որ նրանք եւս իրավունքներ ունեն: Եվ ինչպես նշեց Հայաստանում Եվրոմիության պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գերանդը . «Մեծահասակներս մոռանում ենք, որ մենք նույնպես երեխաներ ենք եղել»:
Ի. Պ.