«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2011-03-24 | #52, 2011-03-25 | #53, 2011-03-26


ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ՊԱՏՎՈ» ՇՔԱՆՇԱՆՈՎ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա, արդյունավետ աշխատանքի համար Նիկիտա Պավելի Սիմոնյանը պարգեւատրվել է «Պատվո» շքանշանով: Երեկ ընդունելով Նիկիտա Սիմոնյանին, Սերժ Սարգսյանը պարգեւը հանձնել է օլիմպիական չեմպիոն ու ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, նախկինում լեգենդար ֆուտբոլիստին:

«Շատ ուրախ ենք, որ Դուք ողջ եւ առողջ եք, աշխատում եք ի նպաստ ֆուտբոլի զարգացման: Մենք միշտ հպարտանում ենք Սփյուռքի մեր հայրենակիցներով ու առաջին հերթին այն մարդկանցով, ովքեր իրենց բնագավառներում հասել են ամենաբարձր մակարդակի: Դուք մեր ազգն ավելի ճանաչելի եք դարձնում: Շնորհակալություն Ձեզ:

Իմ հիշողությունում հայ ժողովրդի ցնծության երեք դեպք է դաջվել: Առաջինը, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Երկրորդը, երբ 1973-ին «Արարատը» դարձավ երկրի չեմպիոն եւ նվաճեց գավաթը: Եվ երրորդը, երբ մայիսի 9-ին ազատագրեցինք Շուշին: Ահա այդ դեպքերից մեկի համահեղինակը Դուք եք: Այդ հաղթանակն իրոք մեծ երեւույթ է եւ միայն մարզական ձեռքբերում չէ», նշել է ՀՀ նախագահը:

«Ինձ համար մեծագույն պատիվ է ստանալ այդ բարձր պարգեւը: Գիտեք, ես հարյուրտոկոսանոց հայ եմ: Ծնողներս Արդվինի հայեր լինելով, ժամանակին փախել են ցեղասպանությունից: Հայրս մեծ հայրենասեր էր: Ինձ համար մեծ պատիվ էր 1973-ին գլխավորել «Արարատը»: Եվ այն, ինչ արեցին այդ տղաներըՙ նվաճելով չեմպիոնի տիտղոսն ու գավաթը, ինձ համար որպես մարզչի, մեծ տոն էր: Հնարավոր չէ փոխանցել, թե այն ժամանակ ինչպես արձագանքեց ժողովուրդը: Իսկապես, դա հրաշալի թիմ էր: Դրա համար էլ այդ սերնդին եւ, իհարկե, մեր ամբողջ ժողովրդին պարզապես շնորհակալ եմ ու խոնարհվում եմ նրանց առջեւ», նշել է Նիկիտա Սիմոնյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4