Երեկ կեսօրին ժամանելով Երեւան, Ռուսաստանի հավաքականը 17.30-ին «Հանրապետական» մարզադաշտում իր առաջին պարապմունքն անցկացրեց: Իսկ մինչեւ մարզումը, ՌԴ հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հանդիպեց լրագրողների հետ: Նրա կարծիքով, այսօրվա խաղում բաց ֆուտբոլի ականատես կլինենք, քանի որ երկու հավաքականներն էլ հարձակողական ոճով են խաղում: Ըստ Ադվոկատի, ՀՀ հավաքականը շատ վստահ է խաղում, մարտական ոճ ունի ու երբեմն խորամանկ ֆուտբոլ է ցուցադրում: Ադվոկատի կարծիքով, մեր ֆուտբոլիստները սեփական հարկի տակ նույն ոճով կգործեն:
Ադվոկատը համոզված է, որ ի տարբերություն Իրանի հետ ընկերական հանդիպման, ՌԴ հավաքականն այս խաղին լրիվ այլ տեսքով կներկայանա ու այլ մակարդակի ֆուտբոլ կցուցադրի: Իսկ Հայաստանի հավաքականին հաղթելու համար խաղադաշտ դուրս եկող ֆուտբոլիստները պետք է 100 տոկոսից էլ ավելի նվիրված խաղան, մեծ ջանքեր ներդնեն: Նրա կարծիքով, ներկայումս Եվրոպայում թույլ հավաքականներ չկան: Ժամանակին, երբ Հոլանդիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Բելառուսի ընտրանուն, շատերը դժգոհ էին մնացել: Իսկ եթե այժմ ռուսները նույնպիսի հաշվով հաղթեն հայերին, Ադվոկատն անչափ ուրախ ու գոհ կլինի: