«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2011-03-24 | #52, 2011-03-25 | #53, 2011-03-26


ԱԼԿՈՀՈԼ ՕԳՏԱԳՈՐԾԱԾՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՄԱՐԶԱԴԱՇՏ ԿԱՐԳԵԼՎԻ

Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբՙ «Հանրապետական» մարզադաշտի մերձակայքում ոստիկանները պատրաստվում են ռուսաստանցի ֆուտբոլասերներին ալկոհոլային ստուգման ենթարկել հատուկ սարքերի միջոցով: Այս առնչությամբ Ռուսաստանի ֆուտբոլասերների ընկերության նախագահ Ալեքսանդր Շպրիգինը հայտարարել է, որ եթե Երեւանում նման բան տեղի ունենա, ապա հունիսին Մոսկվայում կայանալիք պատասխան խաղում էլ ռուս ոստիկանները պետք է հայ երկրպագուներին ստուգման ենթարկեն թմրանյութ հայտնաբերելու համար:

ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը վերը նշված տեղեկատվությունը կատակ է համարել, հայտարարելով, որ առաջին անգամ է լսում այդ մասին: Ըստ Մինասյանի, խաղի կազմակերպչական աշխատանքները կատարվելու են միջազգային նորմերին համապատասխան: Միաժամանակ նա ավելացրել է, որ ամեն դեպքում հարբած վիճակում ֆուտբոլասերների մուտքը մարզադաշտ կարգելվի:

Նշենք, որ ռուսական կողմին 1000 տոմս է հատկացված, սպասվում է 40-50 լրագրողների ներկայությունը մարզադաշտում: «Հանրապետականում» ռուսաստանցի ֆանատների համար առանձին հատված է հատկացված, որն առանձնացված է պարիսպներով: Այնպես որ արվել է ամեն ինչ անցանկալի միջադեպերից խուսափելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4