«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2011-03-24 | #52, 2011-03-25 | #53, 2011-03-26


ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ԵՐԿԻՐ» ՕՐԱԹԵՐԹԻ

Կենտրոնի եւ Նորք-Մարաշի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, երեկ տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ` «Երկիր» օրաթերթի դեմ հայցով դատական առաջին նիստը: Պատգամավորը պնդում է, թե օրաթերթն իրեն զրպարտել է ու անձը վիրավորել: Ըստ «Երկիր» կայքէջի` դատական առաջին նիստն անցավ «բարիդրացիական» մթնոլորտում. հայցվոր կողմը ներկայացրեց իր պահանջները, իսկ պատասխանող կողմը սիրով պատասխանեց բարձրացված հարցերին:

Հայցվոր կողմի փաստաբան Վահե Հովսեփյանը (ի դեպ, Տիգրան Արզաքանցյանը ներկա չէր դատին) դատարանին ներկայացրեց, որ հայցվորը հատկապես վիրավորվել է «էն լակոտը», «ավելի հասկանալի խոսում է հայրենի Քյավառա բարբառով» եւ «ստիլյագ» բառերից:

«Իսկ եթե, օրինակ, «ստիլյագ» բառի փոխարեն թերթում գրվեր պճնամոլ կամ տարազամոլ, դա վիրավորանք չէի՞ք համարի»,- հայցվորին հարցրեց դատավորը` ի պատասխան լսելով փաստաբան Հովսեփյանի բողոքը. «Հարգելի՛ դատարան, դե գոնե մոդայիկ գրվեր»:

Հայցվոր կողմը զրպարտություն է համարում պատգամավորի մասին նյութում տեղ գտած «Ինքնաթիռով գեղեցկուհիններ է տանում-բերում», «Հայտնի է` որպես կազինոների մշտական այցելու», «Շարունակ ծեծ ուտելու սովորությունը», «Ծեծ է կերել եւ ամեն անգամ ծեծվելուց հետո», «Նախորդ նստաշրջանում մեկ անգամ է երեւացել ԱԺ-ում» արտահայտությունները:

Իսկ ըստ պատասխանող կողմի` հայցվորի նշած թե՛ «վիրավորանքները», թե՛ «զրպարտությունները» փաստ են եւ իրականություն: Այդ կապակցությամբ «Երկիր»-ի փաստաբան Լիանա Գրիգորյանը դատարանին ներկայացրեց նաեւ ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում տպագրված հոդվածներ, որոնք վերաբերում են Տիգրան Արզաքանցյանին:

Նյութերն աչքի անցկացնելուց հետո դատավոր Ափինյանը, դիմելով փաստաբան Հովսեփյանին, հարցրեց, թե նա չգիտի՞, որ բազմաթիվ նյութեր են տպագրվել Տ. Արզաքանցյանի մասին: Պարզվեց, որ փաստաբանը տեղյակ չէ:

Դատավոր Ռ. Ափինյանը նիստը հետաձգեց մինչեւ ապրիլի 11-ը. պատասխանող կողմը կներկայացնի առաջին դատական նիստի ընթացքում բարձրացված բոլոր հարցերի ապացույցներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4