Վրաստանում ժամանակ առ ժամանակ իշխանությունները որոշակի ուշադրություն են դրաձնում ազգային փոքրամասնություններին, հատկապես, երբ ընտրություններ են սպասվում: Նման իրավիճակներում ընտրությունների քվեարկության արդյունքները, զարմանալի համառությամբ, գրեթե 100-տոկոսանոց իշխանական ձայներ են բերում վրաց իշխանություններին այն փոքրամասնություններից, որոնք տվյալ իշխանության կառավարման ողջ ընթացքում շարունակաբար միայն դժգոհում են «վերեւներից»:
Ինչ վերաբերում է վրացական ընդդիմությանը, ապա այս ուժերի պարագայում նախընտրական շրջանում ազգային փոքրամասնությունների խնդիրներով հետաքրքրվելն անգամ մեծ մասամբ չէր կարեւորվում, ուր մնաց թե ուշադրության առնվեին փոքրամասնությունների խնդիրը: Այս ամենի ֆոնին առանձնակի հետաքրքրական է, որ «Ազատ Վրաստան» կուսակցությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ջավախահայության խնդիրների լուծմանը:
«Երկիր» միության տեղեկացմամբ, միությունը ողջունում է «Ազատ Վրաստան» կուսակցության պատրաստակամությունը աջակցելու ջավախահայության խնդիրների լուծմանը:
Ըստ այդմ, 2011թ. մարտի 25-ին Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի մոսկովյան ներկայացչությանը կայացած հանդիպման ընթացքում «Ազատ Վրաստան» վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է աջակցել ջավախահայության կենսական խնդիրների լուծմանը: Նա նաեւ խոստացել է, որ Վրաստանում քաղբանտարկյալների խնդրով ստեղծված հանձնաժողովի առաջիկա ապրիլի հանդիպմանը իր կուսակցությունը կբարձրացնի ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին «խղճի բանտարկյալ» ճանաչելու հարցը:
«Երկիր» միությունը «Ազատ Վրաստան» կուսակցության այս նախաձեռնությունը դիտարկում է որպես առաջին քայլ, որն ուղղված է ներվրացական քաղաքական դաշտի կողմից ջավախահայության քաղաքացիական, կրոնական, լեզվա-կրթական եւ մշակութային իրավունքների ճանաչմանը: «Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին` ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր, հետեւել այս օրինակին, գիտակցել իրենց երկրի հայ համայնքի խնդիրները ճանաչելու հրամայականը եւ միջոցներ ձեռնարկել հանդուրժողականության, երկխոսության ու փոխըմբռնման մթնոլորտում դրանց լուծում տալու ուղղությամբ», հայտարարում է «Երկիր» միությունը:
Ա. Հ.