«Հայաստանը ընդունում է համանախագահների տեսակետն առ այն, որ միայն խաղաղ, բանակցային կարգավորումը կարող է ապահովել ապագայի ավելի հստակ հեռանկարներ տարածաշրջանի համար»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը ` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցի վերաբերյալ: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցը ներկայացնում է համանախագահների տեսակետը տեղում իրավիճակի վերաբերյալ, որը, ինչպես եւ նախորդ զեկույցի դեպքում, եւս մեկ անգամ հերքում է ադրբեջանական քարոզչության կողմից տարածվող ապատեղեկատվությունը: «Ակնկալում ենք նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահները հնարավորին կարճ ժամկետներում կայցելեն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատված, Մարտունու շրջանի արեւելյան մաս, ինչպես նաեւ Շահումյանի շրջան եւ համապատասխան զեկույց կկազմեն այնտեղ տիրող իրավիճակի մասին», նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Հավելենք, որ մարտի 24-ին հրապարակված զեկույցում նշվում է, որ «Համանախագահները` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի փորձագետների եւ ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ, դաշտային առաքելություն կիրականացնեն նաեւ ԼՂ հակամարտությանն առնչվող այլ տարածքներում»:
Հ. Ա.