«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2011-03-25 | #53, 2011-03-26 | #54, 2011-03-29


ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԸ «ՄԵՂԱՎՈՐ»ՙ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ստամբուլի Շիշլիի շրջանի դատարանը թուրք գրող, 2006-ին «Ձյունը» վեպի համար գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Օրհան Փամուկին մեղավոր է ճանաչել «թուրք ազգին վիրավորելու մեջ»:

Այդ մեղադրանքը հենվում է Փամուկի` «Tages-Anzeiger» շվեյցարական թերթում հրապարակված այն արտահայտության վրա, թե «Մենք 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ ենք սպանել: Թուրքիայում ոչ ոք խիզախություն չունի այս մասին խոսելու: Ես ունեմ»: Այսպիսով հերթական անգամ ի ցույց է դրվում սեփական պատմության հանդեպ թուրքական ժխտողականության քաղաքականության` պատժամիջոցների վերածված դրսեւորումը:

Թուրքական «Հյուրիեթ» թերթի տեղեկացմամբ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկն, ըստ Շիշլիի դատարանի որոշման, կարող է 15 օրվա ընթացքում բողոքարկել որոշումը, այլապես ստիպված կլինի 6000 լիր (մոտ 3,8 հզ. ԱՄՆ դոլար) վճարել դեռեւս 2005-ին իր դեմ հայց ներկայացրած վեց անձանց` յուրաքանչյուրին 1000 լիր իբր «փոխհատուցում»:

Հիշեցնենք, որ ի սկզբանե դատարան ներկայացված հայցը մերժվել էր հիմնավորմամբ, թե «հնարավոր չէ գնահատել Փամուկի խոսքերով որոշ մարդկանց հասցված վնասը»: Սակայն վերաքննիչ դատարանից հայցն ուղարկվել էր կրկին առաջին ատյանի դատարան, եւ դատարանը պարտադրված էր որոշում կայացնել:

Փամուկի գործում հետաքրքրականն այն է, որ նրա դեմ հայց էր ներկայացրել ամենից առաջ իրավաբան Քեմալ Քերինջիզը, որը ներկա դրությամբ «Էրգենեքոն»-ի գործով մեղադրյալներից է: Ընդ որում, «Էրգենեքոնի» գործով թուրքական իշխանությունները նաեւ հայտարարել էին, թե այդ կազմակերպության նպատակներից մեկն էլ Օրհան Փամուկի սպանությունն էր:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4