Հանձնվեցին նաեւ լրագրողական մրցանակներ
Հայաստանի պետական տոնացույցում առայժմ չկա այդպիսի տոն, սակայն հասարակական կազմակերպությունների կողմից այն սահմանվել եւ արդեն չորրորդ անգամ նշվում է Գյումրիում, ամեն տարվա մարտի 25-ին: Երեք տարի առաջ այդ օրը հաջողվեց համաժողովրդական հանգանակության եւ զորակցության շնորհիվ տեղի «ԳԱԼԱ» հեռուստատեսությունը պաշտպանել իշխանությունների աննախադեպ հարձակումից եւ հարկային-ֆինանսական պատճառաբանությամբ եթերազրկման սպառնալիքից:
Այս անգամ «Հոկտեմբեր» կինոթատրոնի ճեմասրահում կազմակերպված հանդիսությանը մասնակցում էին Երեւանից, Վանաձորից, Ալավերդուց, այլ քաղաքներից ժամանած հյուրեր, լրագրողներ, ԶԼՄ ղեկավարներ, տեղի մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օրվա խորհուրդը կարեւորող կարճ ելույթներից հետո տարբեր անվանակարգերում տվյալ ոլորտների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պարգեւատրեցին իրենց աշխատանքում աչքի ընկած չորս լրագրողների:
Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» հասարակական կազմակերպությունը իրավապաշտպանության խնդիրների «լավագույն» լուսաբանման համար պարգեւատրեցին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանին:
Հայաստանի էկոլոգիական հասարակական դաշինքի անդամները մրցանակ հանձնեցին Ինգա Զարաֆյանին` բնապահպանական հրատապ խնդիրների արագ արձագանքման ու լուսաբանման, «Էկոլուր» կայքէջի զարգացման գործում նրա ներդրման համար:
Գյումրիում շահերի պաշտպանության եւ քաղաքային խնդիրների «լուսաբանման» գործում ոլորտի մի խումբ ՀԿ-ներ բարձր գնահատեցին Սաթենիկ Վանցյանի («Ազատություն» ռադիոկայանի Շիրակի մարզի թղթակից) աշխատանքը: Իսկ խոսքի ազատության օրվա կազմակերպական խորհուրդը մրցանակով գնահատեց Լարիսա Փարեմուզյանի (hetq.am) աշխատանքը եւ բացահայտումները հետաքննական լրագրության ոլորտում:
Գյումրու զանգվածային լրատվամիջոցներին «Շիրակ» թիմի ֆուտբոլիստների ստորագրություններով գնդակներ նվիրեց այս ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գեորգի Մաթեւոսյանը:
Գ. Մ.