«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2011-03-25 | #53, 2011-03-26 | #54, 2011-03-29


ՀԱՆՁՆՎԵՑԻՆ «ԱՐՏԱՎԱԶԴ» ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Հիսուն տարի առաջ մարտի 27-ը հաստատվեց որպես «Թատրոնի միջազգային օր»: Եվ ահա գարնանային պայծառ ու արեւոտ օրը թատրոնի նվիրյալներն ու երկրպագուները հավաքվել էին Հ. Պարոնյանի անվ. թատրոնում ու դիմավորում էին կարմիր գորգի վրայով քայլող դերասաններին, ռեժիսորներին, թատերարվեստում իրենց լուման ներդրած արվեստագետներին: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀԹԳ միության նախաձեռնությամբ ազդարարվեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժող. արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին: Հիշեցնենք, որ նախորդ մրցանակաբաշխությունը նվիրվեց Վարդան Աճեմյանի հիշատակին:

Տոնական օրը շնորհավորական ու ողջույնի խոսքով հանդեսը բացեց ՀԹԳ միության նախագահ Հակոբ Ղազանչյանը , ներկա ու երիտասարդ արվեստագետներին մաղթեց լինել հայ թատրոնի երախտավորների ավանդույթները շարունակողներ, որ դրանք լինեն նաեւ ուղեցույց նրանց համար: «Այն ամենը, ինչ մենք այսօր անում ենք, գալիս է մեր ակունքներից ու շարունակվում է ու կշարունակվի դարեդար, ինչպես մեր ազգը», ասաց Ղազանչյանը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին (միակ պաշտոնյան է, որ արժանացել է «Արտավազդ» մրցանակի)ՙ մշտապես թատրոնին աջակցելու եւ ուշադրության կենտրոնում պահելու համար:

Պրն Աբրահամյանը նույնպես շնորհավորեց թատրոնի մարդկանց մասնագիտական օրվա առիթով եւ ուրախությամբ նշեց, որ ՀԹԳՄ-ն եւ ԱԺ-ն համատեղ գրություններով կդիմեն Երեւանի քաղաքապետինՙ քաղաքի գողտրիկ պուրակներից մեկում Խորեն Աբրահամյանի հուշարձանը տեղադրելու համար: Հաջորդ ջերմ շնորհավորական ուղերձը հղել էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը : Ջերմ էր նաեւ պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի խոսքը:

Նորին մեծության թատրոնը արվեստների մի զարմանահրաշ համալիր է, որտեղ ներդաշնակում են գրականությունը, երաժշտությունը, պարարվեստը, կերպարվեստը, արվեստների այդ հավաքույթում պատշաճ ներկայանալու համար յուրաքանչյուրից պահանջվում է բազմակողմանկի պատրաստվածություն եւ անսահման նվիրում: Հենց այդ նվիրումի համար էլ ամեն տարի նրանց քրտնաջան աշխատանքը գնահատվում է «Թատրոնի միջազգային օրը» նրանց «Արտավազդ» մրցանակ հանձնելով: Մինչ կհայտարարվեին մրցանակային անվանակարգերը, թատերագետ, արվեստաբան Մարգարիտա Յախունտովան ամփոփ ներկայացրեց Խորեն Աբրահամյանի թատերական գործունեությունը: Իսկ բեմի մեծ էկրանին ցուցադրվում էին Խ. Աբրահամյանի խաղացած դերերը, եւ ներկաները (մոտ 10 րոպե) ֆիլմի ողջ ընթացքում ծափահարում էին իսկական երեւանցուն ու մտավորականին:

Խ. Աբրահամյանի անվ. գլխ. մրցանակին արժանացավ Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի դերասան Արմեն Մարությանը «Գոյա» ներկայացման համար: Մրցանակը Արմենին հանձնեց Աբրահամյանի դուստրըՙ Թամարան: Թատերարվեստում արժանապատիվ ծառայելու համար լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգում մրցանակը հանձնվեց ՊՀԹ դերասանուհի Մարիամ Ղազանչյանինՙ Էլիզայի դերակատարման համար, իսկ դերասան Յուրի Իգիթխանյանին (Ստանիսլավսկու անվ, ռուսական թատրոն) եւ Նարեկ Ներսիսյանին (Պարոնյանի անվ. թատրոն) հանձնվեց լավագույն երիտասարդ դերասան մրցանակը: Տարվա լավագույն երիտասարդական ներկայացում համարվեցին Շուշան Գեւորգյանի «Արեգնազան» (Պարոնյանի անվ. թատրոն) եւ Արմեն Մելիքսեթյանի «Երեք գրոշանոց օպերա» (Համազգային թատրոն) բեմադրությունները: Լավագույն երիտասարդ բեմադրիչ անվանակարգում հաղթող ճանաչվեց Լիլի Էլբակյանը, լավագույն բեմանկարիչՙ Դավիթ Մինասյանը (Սունդուկյան թատրոն) եւ Անժելա Գալստյանը (Տիկնիկային թատրոն): Տարվա լավագույն երիտասարդական ներկայացում անվանակարգը կիսեցին Արմեն Մելիքսեթյանը (Համազգային թատրոն) եւ Շուշան Գեւորգյանը (Պարոնյանի թատրոն): Երկրորդ պլանի կին դերակատար անվանակարգում մրցանակը հանձնվեց Հ. Ղափլանյանի անվ, դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Կիրակոսյանին, իսկ տղամարդ դերասանՙ Արա Մաթեոսյանին (ՊՀԹ) եւ Արման Ղազարյանին (Ռուսական թատրոն): Թատերական ներկայացումների համար գրված լավագույն երաժշտության անվանակարգում մրցանակը հանձնվեց կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին: Տարվա լավագույն կին դերակատար համարվեցին Էվելինա Շահիրյանը (Դրամ. թատրոն) եւ Աննա Բալանդինան (Ռուս. թատրոն), տղամարդ դերակատարՙ Հրաչյա Հարությունյան (Դրամ. թատ.) եւ Հակոբ Ազիզյան (Վանաձորի թատրոն): Լավագույն ռեժիսոր համարվեց Վահե Շահվերդյանը Վանաձորի Աբելյանի անվ. թատրոնում Շեքսպիրի «Արքա Լիր» բեմադրության համար: Տարվա լավագույն ներկայացումներ համարվեցին Արմեն Խանդիկյանի «Հուլիոս Կեսար» (Դրամ. թատր.) եւ Մարիո Կոռադիի բեմադրած «Աիդա» օպերան: Հայ թատրոնի անբասիր ծառայության համար «Արտավազդ» մրցանակին արժանացան Կամո Հովհաննիսյանը (Օպերային թատրոնի տնօրեն), անվանի արվեստաբան Էմանուել Մանուկյանը, Քաջազնունի Գյուրջյանը, Գրետա Գալստյանը, Էդուարդ Պողոսյանը: Ժյուրի հատուկ մրցանակը հանձվեց օպերային թատրոնի նկարիչ Ավետիս Բարսեղյանին եւ տենոր Գեւորգ Հակոբյանին:

ՀԹԳՄ ոսկե մեդալներ հանձնվեցին Գուրգեն Գադաչիկին, Սամվել Խալաթյանին, Հայկ Մնացականյանին, Ռոբերտ Հարությունյանին եւ Աիդա Հովհաննիսյանինՙ ծննդյան 60-ամյակների առիթով, իսկ Յուրի Էլոյանինՙ 70-ամյակի: Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին թատերարվեստի բարձրագույն պարգեւին արժանանալու համար եւ խոստացան շարունակել ազնվորեն ծառայել նորին մեծություն թատրոնին:

Հաջորդ օրը Արտաշատի Ամո Խարազյանի անվ. թատրոնի շենքում կայացավ թատերականացված երեկո, որին մասնակցում էին նաեւ մրցանակաբաշխության դափնեկիրները: Նշենք, որ մասնագիտական տոնը կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխության հովանավոր «Հովնանյան ինթերնեշնըլ» ընկերության նախաձեռնությամբ, որը հայ թատրոնի լավագույն բարեկամներից է:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Հ. Գ. - Հայ թատրոնի ավանդույթները 2 հազարամյակ շարունակող Արտաշատի Ամո Խարազյանի թատրոնում, ՀԹԳՄ ոսկե մեդալը պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը հանձնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանինՙ հայ թատրոնի հանդեպ ունեցած մշտական հոգատարության ու աջակցության համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4