Ռուսաստանի հավաքականն իրոք ուժեղ էր
Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների այնքան երկար սպասված եւ ահռելի հետաքրքրություն առաջացրած ընտրական մրցախաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Երկու հավաքականներն էլ ներդրեցին իրենց ողջ կարողությունները հաղթանակի հասնելու համար, ցուցադրեցին այն ամենը, ինչին ընդունակ էին մրցաշրջանի այս ժամանակահատվածում, սակայն այդպես էլ ցանկալի գոլը չգրանցվեց:
Թեեւ գրանցված ոչ-ոքի արդյունքին, Ռուսաստանի հավաքականն ավելի մոտ էր հաղթանակին: Ռուսներն այս խաղում ապացուցեցին, որ իրոք ուժեղ են եւ իզուր չէ, որ համարվում են B խմբի հաղթողի գլխավոր հավակնորդը: Իսկ ահա Հայաստանի հավաքականն այս անգամ չկարողացավ ցուցադրել իրեն բնորոշ կոմբինացիոն, հարձակողական ոճի խաղը, քանի որ ֆուտբոլիստներն իրենց ֆունկցիոնալ պատրաստությամբ դեռեւս հեռու են լավագույն մարզավիճակից:
Ճիշտ է, Հայաստանի հավաքականը շատ ակտիվ սկսեց խաղը եւ առաջին 20 րոպեներին տիրելով նախաձեռնությանը, 2 անգամ Մխիթարյանի ու Մարկոսի հարվածների շնորհիվ սպառնաց մրցակցի դարպասին: Սակայն հետագայում նրանց խաղային պոռթկումը մարեց, մրցակիցն էլ դիմեց վճռորոշ գործողությունների եւ մինչեւ առաջին խաղակեսի ավարտը ճնշում գործադրեց Բերեզովսկու պաշտպանած դարպասին: Լավ էր, որ այս անգամ մեր պաշտպանները գրեթե անթերի գործեցին, իսկ Բերեզովսկին էլ կրկին իր բարձրության վրա էր: Հատկապես վտանգավոր էին հյուրերի անկյունային հարվածների իրացումները, որոնցից հետո մեր դարպասապահին մի քանի անգամ հարկ եղավ ցուցադրել իր բարձր վարպետությունը ու փրկել թիմին վերահաս գոլերից:
Ի պատիվ մեր հավաքականի մարզիչների, ընդմիջմանը հաջողվեց շտկումներ մտցնել թիմի մարտավարությունում, Էդգար Մանուչարյանի մուտքն էլ խաղադաշտ զգալիորեն ակտիվացրեց մեր հավաքականի խաղն առջեւի գծում: Բայց կրկին մերոնք հույսը դրել էին պատահականության վրա, որ կհաջողվի արագաշարժ Յուրա Մովսիսյանին հարվածային դիրք դուրս գալ ու գրավել դարպասը: Հարկ է նշել, որ Յուրան 2 նպաստավոր պահ, այնուամենայնիվ, ունեցավ: Սակայն մի դեպքում նա մոտ տարածությունից վրիպեց, մյուս դրվագում Շիշկինը կանոնների խախտմամբ կասեցրեց Մովսիսյանի առաջխաղացումը, որը մենմենակ էր դուրս գալիս դարպասապահի առջեւ: Այդ դրվագում շոտլանդացի մրցավար Քրեյգ Թոմփսոնը կարող էր 2-րդ դեղին քարտը ցույց տալ Շիշկինին ու հեռացնել խաղադաշտից, սակայն խնայեց նրան: Հիշարժան էր նաեւ աջ թեւով Էդգար Մանուչարյանի առաջխաղացումը, սակայն ցավոք գնդակը դիպավ ձեռքին:
2-րդ խաղակեսում հյուրերը եւս վտանգավոր գրոհներ ձեռնարկեցին, սակայն այս անգամ էլ վստահ խաղացին մեր պաշտպաններն ու դարպասապահը: Հաշվի առնելով խաղի ընթացքը, մեր հավաքականի ցուցադրած խաղի որակը, ոչ-ոքի արդյունքով պետք է գոհ լինենք: Թեեւ մրցաշարային առումով, նաեւ հաշվի առնելով մնացած հանդիպումների խաղացանկը, այս արդյունքը բնավ էլ ձեռնտու չէր ՀՀ հավաքականին Եվրո-2012-ի եզրափակիչի ուղեգրի համար մղվող պայքարում: Հաջողության հասնելու մեր ընտրանու հնարավորությունները զգալիորեն նվազեցին:
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:
Դիկ Ադվոկատ (Ռուսաստան)- Այսօր երկու թիմերն էլ հաղթելու համար մեծ ծավալի աշխատանք կատարեցին: Խաղի կազմակերպման, մարտավարության առումով այսօր լավ հանդես եկանք: Իմ կարծիքով, ՌԴ հավաքականը գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ ունեցավ, սակայն վերջին փոխանցումը, վերջին հարվածը չէր ստացվում: Գոլը պետք է ֆուտբոլիստների անհատական հատկանիշների դրսեւորման արդյունքում գրանցվի: Իսկ այսօր այդ հատկանիշները ոչ բոլորի մոտ դրսեւորվեցին: Գուցե ոչ բոլորն էին ֆիզիկապես լրիվ պատրաստ, սակայն նրանք 100 տոկոսով իրենց ուժերը ներդրեցին: Իհարկե, հաշվի առնելով ստեղծված գոլային պահերը, արդյունքից այնքան էլ գոհ չեմ:
Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է, ագրեսիվ էր գործում, հստակ խաղաց պաշտպանությունում: Մրցակցի դաշտում անցկացրած 4 հանդիպումներից 3-ում հաղթել ենք, մեկն ավարտել ոչ-ոքի, ինչը վատ արդյունք չէ: Դեմ չեմ լինի, եթե ՀՀ հավաքականը գրավի 2-րդ տեղը, իսկ մենք դառնանք խմբի հաղթող: Երեւանում 2 միավորի կորուստը գուցե այժմ անդրադառնա առաջատարի մեր դիրքի վրա, սակայն հաշվի առնելով, որ 2-րդ շրջանի 5 հանդիպումներից 4-ն անցկացնելու ենք սեփական հարկի տակ, կարծում եմ ուղեգրի նվաճման հարցում խնդիրներ չպետք է ծագեն:
Վարդան Մինասյան (Հայաստան)- Առաջին 15 րոպեները լավ խաղացինք, հետո չգիտեմ, թե ինչ կատարվեց տղաների հետ: Բայց ընդմիջմանը փոփոխություններ կատարեցինք մարտավարությունում ու ինձ թվում է, որ 2-րդ խաղակեսում ինչ-որ չափով մեր խաղը ստացվեց: Իսկ ընդհանուր առմամբ խաղի որակն այն չէր, ինչին սովոր էինք տեսնել մեր ֆուտբոլիստների գործողություններում: Պատճառն այն էր, որ ֆունկցիոնալ առումով մեր ֆուտբոլիստները դեռեւս լրիվ պատրաստ չէին: Բայց տղաներին շնորհակալություն հայտնեցի 2-րդ խաղակեսի համար: Ինձ համար ամենակարեւորն այն էր, որ նրանք բնավորություն դրսեւորեցին: Մենք պետք է բարելավենք մեր խաղը, հասնենք այն մակարդակին, որը բնորոշ էր հավաքականին անցյալ տարի:
ՌԴ հավաքականից ինչ-որ սպասում էի, այսօր տեսա: Անակնկալ չէր ինձ համար, գիտեի, որ բարձրակարգ ֆուտբոլիստներ են, որոնց ուժն այսօր զգացի: Հաշվի առնելով խաղի ընթացքը, ոչ-ոքի արդյունքից գոհ եմ: Ուղեգիր նվաճելու ի՞նչ հնարավորությունների մասին է խոսքը, երբ այդպիսի խնդիր հավաքականի առջեւ ոչ ես, ոչ ֆեդերացիայի նախագահը չենք դրել: Երբեք չեմ ասել, որ մենք հաջորդ փուլ ենք դուրս գալու, որ հիմա գնահատեմ մեր թիմի հնարավորությունները:
Մրցաշարային աղյուսակ
B խումբ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Սլովակիա | 5 | 3 | 1 | 1 | 5-4 | 10 |
2. Ռուսաստան | 5 | 3 | 1 | 1 | 6-3 | 10 |
3. Իռլանդիա | 5 | 3 | 1 | 1 | 9-6 | 10 |
4. Հայաստան | 5 | 2 | 2 | 1 | 9-4 | 8 |
5. Մակեդոնիա | 5 | 1 | 1 | 3 | 5-6 | 4 |
6. Անդորրա | 5 | 0 | 0 | 5 | 1-12 | 0 |