«Ազգի» նախորդ համարում, որտեղ ներկայացրել էինք նախկին ստամբուլահայ Տարոն Աջեմօղլուին Փարիզում Թուրքիայի դեսպան նշանակելու վերաբերյալ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, խոստացել էինք ներկայացնել բրիտանական Wilton Park վերլուծական կենտրոնի Ստամբուլում կազմակերպած «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» վերտառությամբ այդ համաժողովում Դավութօղլուի պատասխանը «Ազգի» գլխավոր խմբագրի հարցմանը, ինչն անում ենք այժմ: Մինչ այդ, սակայն, ասենք, որ երեկ հայկական եւ ադրբեջանական բազմաթիվ կայքէջեր անդրադարձել էին «Ազգի» այդ տեղեկատվությանը, ոմանք, ինչպես իրենց սովորությունն է, առանց նշելու աղբյուրը, իսկ ուրիշներն անգամ խեղաթյուրել լուրը, գրելով, օրինակ, որ Թուրքիան պատրաստվում է հայազգի դեսպան նշանակել Ֆրանսիայում: Մինչդեռ մենք գրել էինքՙ Փարիզո՛ւմ: Ըստ ավելի ուշ մեր ստացած տեղեկության, Աջեմօղլուն Փարիզում կլինի Թուրքիայի դեսպանը Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) մոտ, ինչը նույնպես խիստ կարեւոր պաշտոն է:
Ինչ վերաբերում է Թուրքիա-Հայաստան արձանագրությունների ճակատագրի վերաբերյալ մեր խմբագրի հարցին ի պատասխան Դավութօղլուի խոսքին, որը հնչեց նրաՙ շուրջ 30 րոպե տեւած զեկուցման ավարտին, ստորեւ ներկայացնում ենք այն ոչ բառացի, որովհետեւ համաժողովի ընթացքը, ըստ նախապես եղած պայմանավորվածության, չէր ձայնագրվում: Հետեւաբար, բավարարվում ենք տեղում արված նշումներով, 1 հարց եւ 1 պատասխան ձեւաչափով, չերաշխավորելով պատասխանի բացարձակ ճշգրտությունը:
- Դոկտ. Դավութօղլու, ես ցանկանում եմ, լինելով հայ, կրկնել այն հարցը, որը Ձեզ է տվել, ինչպես ինքներդ ասացիք քիչ առաջ, իմ հայրենակիցներից մեկը վերջերս. ի՞նչ ճակատագիր է սպասում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված արձանագրություններին: Միայն ավելացնեմ իմ կողմից, որ Հայաստանում այլեւս ոչ ոք չի հավատում, որ Ձեր Բեյուկ Մեջլիսը (խորհրդարան) երբեւիցե կվավերացնի այն:
- Պրն Հակոբ Ավետիքյան, բարեկամս, ասեմ, որ մենք հայկական կողմի հետ Պրոտոկոլների վրա աշխատում էինք 3 տարի շարունակ: Իրականության մեջ մեր եւ Հայաստանի միջեւ շփումներն սկսվել են 2005 թ.-ից, երբ մեր կառավարությունը հայտարարեց դեպի ողջ աշխարհը իր բացվածության, «Հարեւանների հետ զրո պրոբլեմ» ունենալու իր քաղաքականության մասին:
Իսկության մեջ հայկական կողմի հետ մեր բանակցությունները հետապնդում էին 3 նպատակՙ
1) բացելով սահմանը եւ հաստատելով դիվանագիտական հարաբերություններՙ ստեղծել ուղղակի եւ անուղղակի հարաբերություններՙ
2) Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, եւՙ
3) թուրքերի եւ հայերի միջեւ: Այստեղ ես նկատի ունեմ Սփյուռքի հայերին, որոնց մենք նկատում ենք մե՛ր Դիասպորան (Սփյուռք), քանզի նրանք Թուրքիայից են արտագաղթել (անգլերեն խոսքում այսՙ անմե՜ղ եւ խիստ դաժան բառը հնչեց immigrated արտահայտությամբ-Հ. Ա.) Ամերիկա, Ֆրանսիա... (Ահա թե ինչու) մենք վերջերս այստեղ հանդիպում ունեցանք Պարսամյանի հետ (նկատի ունի Հայ եկեղեցու Մ. Նահանգների Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանին-Ա. Հ.):
Շատերը կարծում են, որ Պրոտոկոլները պարզապես սահմանի բացում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում են նշանակում: Մինչդեռ Պրոտոկոլների մեջ կան հաշտեցման (օգտագործվեց reconsiliation արտահայտությունը-Հ. Ա.) եւ պատմական հարցերը լուծելու մասին նախատեսում նաեւ: Այլ խոսքով, մենք (հայկական կողմի հետ) մի ամբողջ շարք հարցեր ենք քննարկել եւ համաձայնության եկել:
Նրանք, հայերը, կարծում են, որ հարաբերությունների նորմալացումը պարզապես սահմանի բացմամբ եւ դիվանագիտական հարաբերություններով է պայմանավորվում: Այնինչ մենք շատ մեծ փորձ ունենք նման պարագաներում: Օրինակՙ Սիրիայի եւ Իսրայելի միջեւ հաշտեցման գործում հաջողության հասնելու համար մենք ահագին ջանքեր ենք թափել, եւ երբ թվում էր, թե հարցը լուծման ընթացքի մեջ է արդեն, Գազայի դեպքերը պատահեցին եւ ամեն ինչ վերադարձավ ելման կետ: Միայն սահմանը բացելով ոչինչ չի փոխվում: Մի ողջ շարք կա հարցերի, որոնք պետք է համալիր լուծման ընթացքի մեջ դրվեն: Իսկ եթե Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա, ուր գրեթե ամեն օր կրակոցներ կան, որեւէ բան պատահի՞, փակելու ենք սահմանը նորի՞ց: Այդ պարագայում հարաբերությունների հաստատման եւ կոնֆլիկտների լուծման բոլոր հեռանկարները կտապալվեն տեւական ժամանակով:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հանուն Հայաստանի հետ հարաբերությունների կորցնել Ադրբեջանը: Մենք խնդրեցինք նախագահ Սարգսյանին, ես քանիցս առաջարկեցի իմ գործընկեր Նալբանդյանին, որպես Ադրբեջանի համար դեմքը փրկելու (Դավութօղլուն օգտագործեց face saving արտահայտությունը-Հ. Ա.) ժեստ. գրավյալ շրջաններից (նրանք այդպես են կոչում այդ տարածքներըՙ region) մեկը կամ երկուսը, օրինակՙ Ֆիզուլին եւ կամ Աղդամը վերադարձնել, որի պարագայում Բաքուն պատրաստ կլիներ նույնպես բացելու իր սահմանը: Հայաստանը մերժեց:
Վերջում Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրեց Փարիզում հայազգի դեսպան նշանակելու մասին, որին արդեն ծանոթ է մեր ընթերցողը: Ինչ վերաբերում է նրա որոշ արտահայտություններին, դրանց անդրադառնալու առիթ կլինի հետագայում: