«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2011-03-26 | #54, 2011-03-29 | #55, 2011-03-30


ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽԶՆՆՈՒՄԸ ՁԵՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ Է ԿՐՈՒՄ

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը եւ իրավաբան Արեգ Խուրշուդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին այն անօրինական գործառույթները, որոնք տեղի են ունենում մեքենաները տեխնիկական զննում անցկացնելիս: Ըստ պրն Հովհաննիսյանիՙ խորհրդային ժամանակներից մեզ ժառանգություն հասած ավտոմեքենաների ձեւական տեխզննումը տասնյակ տարիներ իրականացնում էր ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը: Եվ ահա 2009-ից այդ գործառույթը կառավարության թիվ 344 որոշումով տրվեց լիցենզավորված 9 ՍՊԸ-ի Երեւանում եւ 30 ՍՊԸ-ի մարզերում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի» թիվ 15 հոդվածի համաձայն: Չնայած տեխզննման ընթացքում ավտոմեքենան պետք է զննվեր ընդունված փաստաթղթի 64 չափանիշներով ու հետո տրվեր համապատասխան կտրոն, սակայն փաստացի տեխզննման կետերում իրականացվում է միայն 1-2 չափանիշի ստուգումՙ արգելակման համակարգ, ղեկային եւ լուսային համակարգ, մեկ-մեկ էլՙ CO գազը: Ինչպես ասաց պրն Հովհաննիսյանը, սահմանված 64 չափանիշները ստուգելու համար ամենաքիչը 30 րոպե է հարկավոր: Ստացվում է, որ օրական լիարժեք տեխզննում հնարավոր կլինի անցկացնել 18-20 ավտոմեքենա, մինչդեռ արդեն 2010-ին առկա 450.000 գրանցված ավտոմեքենաներից 370.000-ի մոտ 70-75 %-ն անցել է ձեւական տեխզննում: «Ազգի» հարցումներին վարորդներից շատերը վստահեցնում էին, որ բացի սահմանված 10.500 դրամից (թեթեւ մեքենաների համար) վերցնում են 13.000 եւ ավելի, դրանից բացի առձեռն վճարում են 5-10.000 դրամ: Մինչդեռ օրենքի թիվ 24 հոդվածում հստակ նշված է, որ ավտոմեքենայի անսարք վիճակի համար պատասխանատվությունը դրված է վարորդի վրա: Այս դեպքում ո՞ւմ է պետք տեխզննումը եւ ո՞ւր են գնում գանձված գումարները, երբ մեր փողոցների երթեւեկելի հատվածներից շատերն այդպես էլ մնում են դժվար անցանելի ու անբարեկարգ: Այս ամենի վերահսկողությունը դրված է ՀՀ տրանսպորտի նախարարության վրա, նշեց պրն Հովհաննիսյանը եւ տեղեկացրեց, որ բազմիցս այդ խախտումների մասին տեղեկացվել է նախարարության տրանսպորտի վարչությանը եւ ոչ մի փոփոխություն: Մինչդեռ, վարչական իրավախախտումների օրենսգիրքը նախատեսում է. եթե տեխզննման կետում պատշաճ ձեւով չի անցկացվել տեխզննում, բայց տրվել է տեխզննման կտրոն, ապա տվյալ տեխզննման կետի տնօրենը տուգանվում է 500.000 դրամ: Մինչ այսօր ոչ մի տնօրենի չեն տուգանել: Պարզվում է, որ վերահսկողություն իրականացնողները կամ թերացել են, կամ էլ... թողնում ենք ձեր երեւակայությանը (Մ.Մ.): Այս դեպքում ո՞ւմ է պետք ձեւական տեխզննումըՙ հարցնում ենք, երբ վարորդները տեխզննման են դիմում միայն թղթի կտոր գնելու համար: Մինչդեռ ամեն վարորդ պետք է պահանջի, որ իր շահագործող ավտոմեքենան ամբողջովին անցնի տեխնիկական զննում, որը եւ կկանխի շատ վթարներ: Կարծում ենքՙ այս կարեւոր հարցը պետք է բարձրացվի, ու օրենքներում համապատասխան փոփոխություններ մտցվեն:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4