Ուռռա՜ հայրենակիցներ, ցնծացե՛ք, չէ՞ որ մենք հաղթել ենք Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականին: Չե՞նք հաղթել... ինչպես թե... չէ՞ որ այդպես պնդում էր առաջին ալիքը: Հաղորդավար, հաղորդավարուհի շողոմ ժպիտը շուրթերին ավետեցին այդ անհավանական փաստը:
Հաղթեցինք, այո՛, որովհետեւ այդպես էր կարգադրել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, արժանավոր Ռուբեն Հայրապետյանը:
Ո՛չ, ի՞նչ եք ասում, նա չի սխալվել... հաղթել է դրուժբան... Օ՜ այդ սուրբ բառը, որ մեզ ուղեկցել էր սովետի ողջ ժամանակաշրջանում, ուղղակի թեւ ու թիկունք էր: Մենք կատարում, գերակատարում էինք... այդ սուրբ բառը ամենուրեք էր մեզանումՙ շենքերի ճակատին, գնացքների վրա, հուշանվերների վրա: Բայց ափսոս, որ քաղբյուրոն միայն մի բանի տեղ էր դնում մեր սիրելի «դրուժբան»: Թուրքերը ամռանը զավթում էին Սիսիանի սարերը, վրացիները խժռում մեր մշակույթը, միեւնույն էՙ մենք միշտ աղաղակում էինքՙ դրուժբա՜-ա՜...
Դա՞ է գրված մեր ճակատին... ֆուտբոլում էլ կարող ենք պարտվել, բայց կհաղթի դրուժբան եւ չնայած ռուսների անատամ խաղին, մենք հաղթել ենք, քանի որ մեր ֆուտբոլը ղեկավարում է ամենահայտնի Ռուբեն Հայրապետյանը... սպասենք հաջորդ «հաղթանակին»:
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ