2012 թվականին լոնդոնյան ամառային օլիմպիական խաղերին աշխարհի հարյուրից ավելի երկրների երեխաների մեջ հայ մանուկները ներկա կլինեն մեր երկրի ժպտացող արեւի գույներով: Ամիսներ առաջ ճապոնական կառավարության նախաձեռնությունըՙ ստեղծելու միասնական աշխարհի պատկերացումների մեկ ընդհանուր կտավՙ երեխաների հայացքով, սիրով ընդառաջեց օլիմպիական խաղերին մասնակից ամեն երկիր, նաեւ Հայաստանը: Միեւնույն չափսի (5 մx1 մ) ու որակի ճերմակ պաստառին տարբեր ազգի երեխաներ իրենց պատկերացումներն էին նկարելու եւ ուղարկելու Ճապոնիա: Հայտնի իրադարձություններով պայմանավորված, դրանք այժմ կուղարկվեն բրիտանական մայրաքաղաք, եւ ամենայն հավանականությամբ աշխարհի 100-120 երկրների գունագեղ այդ կտավները օլիմպիադայի բացմանը կցուցադրվեն իրար միացվածՙ խորհրդանշելով մոլորակի ժողովուրդների միասնականության ու երկրի ամբողջականության գաղափարը: Ճապոնական մտածողությունը թերեւս միայն կարող էր նման հրաշալի նախաձեռնություն հանդես բերել-միասնությունՙ մանկան հայացքի ներքո: Սա իրոք այդպես էր: Եվ ամեն ոք, ով ներկա է եղել երեկ ետմիջօրեին Գեղագիտական ազգային կենտրոնի մոտ եւ տեսել հայ երեխաների հրաշալի կտավը, այլ բան չի կարող վկայել: Կենտրոնի ստուդիա-քոլեջի 45 սաներ իրենց հետքերն են դաջել ճերմակ պաստառին, որը շաբաթներ շարունակ իրեն է ձգել մանուկների երեւակայական պատկերացումների խայտաբղետ ու զարմանահրաշ աշխարհը, միայն իրենց բնորոշ գույների ուրախ բազմազանությամբ ու պատկերի ընկալման անմեղությամբ: Նրանք նկարել են իրենց մտքերն ու իրենց երազները ու գրել անուններըՙ Մերի 6, Անի 8, Էլեն 7,5, Արթուր 4-թռչուններ, ծաղիկներ, ծաղկած նուռ, սիրամարգ, կրիա, մոլորակ, կենաց ծառ, Արարատ ու Նոյյան տապան: «Եկան ու ո՜նց աշխատեցին, ազատ, անկաշկանդ եւ շատ կենտրոնացած, հասկանալով, որ տարբեր ժողովուրդներ դա տեսնելու են, եւ Հայաստանը առաջինը պետք է լինի: Ամենակենտրոնում տեղ կար, մի հրաշալի երեխա ունենքՙ Սերոբը, 6 տարեկան, եկավ ու սկսեց նկարել, ինքը սիրում է կենդանիներ նկարել, սակայն, զարմանալի էր, եկեղեցի նկարեց, սա խորհուրդ ունի իր մեջ: Այս որակի ստեղծագործական ունակությունը հայկական բրենդ է: Պետք է պահպանել այն», ոգեւորված էր ու հուզված կենտրոնի ստուդիա-քոլեջի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Հակոբյանը :
Եվ իրոք հուզիչ էր ու գեղեցիկ տեսարանը: Աբովյան փողոցի այս հատվածն ասես ծաղկած այգի լիներՙ երեխաների անուշ ժպիտներով, թրթռուն շորերով: Մեկ-երկու օրից խաղաղության մեր կտավը կմեկնի Լոնդոն: Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը համոզված է, որ հայ երեխաները բարձր գնահատական են ստանալու: «Մենք սովոր ենք, մեր երեխաները որտեղ էլ ներկայանան, առաջին մրցանակի են արժանանում: Ափսոսում եմ, որ այս գործը չենք կարող մեզ մոտ պահել: Տարիներ կանցնեն, ես չգիտեմ նրանցից քանիսը նկարիչ կդառնա, բայց ինչ մասնագիտություն էլ որ ստանան, լավն են լինելու: Մեր նպատակը գենետիկ այս բարձր որակը պահպանելն է, չշռայլել, գուրգուրել, եւ երբ հասակ առնեն, իմանան, որ իրենք հպարտ ժողովուրդ են, բարձրարժեք մշակույթ ունեցող եւ ամեն երկրի հետ կարող են խոսել որպես հավասարը հավասարի հետ»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ