«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2011-03-29 | #55, 2011-03-30 | #56, 2011-03-31


ԹԵ ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ՕՍԿԱՆՅԱՆԸ 1999-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ, ԵՎ... ՔԻ ՎԵՍԹԻ ՄԱՍԻՆ

«ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհ կարող էր դառնալ նաեւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը», Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամում կազմակերպված ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն : Մարտի 28-ին Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամում տեղի է ունեցել ԼՂ հակամարտությանը նվիրված համաժողով, որին մասնակցել են ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին եւ ներկա համանախագահներ Քերի Քավանոն եւ Ռոբերտ Բրադկեն: «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, Քերի Քավանոն, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացներին, իր խոսքը սկսել է 1999-ի հոկտեմբերի 27-ի ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության վերաբերյալ հիշեցումից ու մասնավորապես ասել, թե ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհ կարող էր դառնալ նաեւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, բայց նա խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին մասնակցելու փոխարեն իրեն եւ մյուս համանախագահողների հետ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին է եղել: «Նրանք մեկնում էին Թուրքիա, որտեղ պիտի հանդիպեին այդ երկրի նախագահ Սուլեյման Դեմիրելինՙ ԼՂ բանակցային գործընթացը քննարկելու նպատակով», հայտարարել է Քավանոն: Վերջինս նաեւ անդրադարձել է համանախագահության իր ժամանակահատվածում նախաձեռնված` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Քի Վեսթի հանդիպմանը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վստահ էին, որ Քի Վեսթում խաղաղության համաձայնագիր չի ստորագրվելու»: Քավանոյի փոխանցմամբ, 2000թ. սկզբին, երբ Ջորջ Բուշ կրտսերը դեռ նոր էր ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը, իր պաշտոնավարման առաջին իսկ շաբաթվա ընթացքում ակտիվորեն ներգրավվել էր ԼՂ բանակցություններումՙ հույս ունենալով խթանել կարգավորման գործընթացը: «Դա նաեւ պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ փուլում միջազգային ասպարեզում ճգնաժամային իրավիճակները շատ չէին, եւ լավ հնարավորություն էր ստեղծվելՙ ԼՂ հարցում արագ լուծումներ գտնելու», հայտարարել է Քավանոնՙ հավելելով, թե այդ պարագայում առկա էր նաեւ միջազգային կառույցների եւ մի շարք արեւմտյան պետություններիՙ ֆինանսական աջակցություն տրամադրելու պատրաստականությունը: «Սակայն այդ կարգավորումը չեղավՙ ավելի ուշ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած գործընթացների պատճառով», նշել է Քավանոն: Նշենք, որ հենց Քավանոն է համարվում է 2000-2001թթ. «Քիվեսթյան գործընթաց»-ի հիմնական նախագծողներից մեկը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4