Լուսակերտի թռչնաֆաբրիկան տուգանվեց 100 մլն դրամով
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ տուգանեց Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկային անցյալ տարվա դեկտեմբերի վերջին գերիշխող դիրքի չարաշահման համար, որն արտահայտվել էր ընկերության արտադրանքը շուկա չհանելով եւ որի հետեւանքով այդ օրերին ստեղծվել էր ձվի արհեստական դեֆիցիտ: Տուգանքը կկազմի 100 մլն դրամ, որը կազմում է ընկերության նախորդ տարվա շրջանառության 2 տոկոսը, ինչը սահմանված է օրենքով:
Ինչպես հայտնեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, 2010-ի դեկտեմբերի 23-27-ը ձվի շուկայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հանձնաժողովը ուսումնասիրել է այս շուկայում գործող բոլոր 6 տնտեսավորղների գործունեությունը: Որոշվել է վարչական վարույթ հարուցել գերիշխող դիրք ունեցող Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի նկատմամբ: Ընթացքի մեջ է նաեւ «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ հարուցված վարույթը:
Հանձնաժողովի ուսումնասիրությունների եւ տնտեսվարողներից ստացած տեղեկությունների հիման վրա պարզվել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի նշված օրերի ընթացքում ձու արտադրողների մոտ եղել է պահեստավորված ձու, որի գերակշիռ մասը պատկանել է Լուսակերտի թռչնաֆաբրիկային: Սակայն վերջինս իր արտադրանքի մի մասը չի առաքել առեւտրի օբյեկտներին, ինչն էլ առաջացրել է ձվի դեֆիցիտ: Առկա ձուն մնացել է պահեստավորված պահեստներում կամ էլ տրվել է ընկերության առաքիչներին, որոնք չեն հասցրել ապրանքը առեւտրի կետեր: Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներից հայտնի է դարձել, որ այդ մի քանի օրվա ընթացքում հիշյալ ընկերության պահեստներում եւ առաքիչների մոտ մնացել է եւ խանութներ չի ուղարկվել զգալի քանակությամբ ձու, որը երբեմն հատել է օրական 1 մլն հատը: Ընդ որում, առաքված ձվի դիմաց հաշիվ-ապրանքագրերն առեւտրի կետերին տրվել են մի քանի օր ուշացումովՙ հակառակ այն փաստի, որ դրան նախորդող եւ հաջորդող օրերին այդ գործընթացը կատարվում էր նույն օրվա ընթացքում:
Թռչնաֆաբրիկաներից ստացած տեղեկություններից եւ փաստաթղթերի ուսումնասիրություններից պարզվել է նաեւ, որ որոշ տնտեսվարողներ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր: Մասնավորապես, Լուսակերտի թռչնաֆաբրիկայի իրացման փաստաթղթերից պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցին առաքվել է 220 հազար ձու, բայց ուսումնասիրություններով պարզվել է, որ սուպերմարկետում այդ օրերին անհամեմատ քիչ ձու է իրացվել:
Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը, հակառակ հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացված բազմաթիվ թվային ցուցանիշների, հայտարարեց, որ «ներկայացված փաստերը մտացածին են»: Նա որեւէ կերպ չկարողացավ հերքել փաստը, որ ընկերությունն ունեցել է պահեստներում եւ առաքիչների մոտ ձու, որը չի հասցվել խանութներ: Այս մասին ուղղակի տրված հարցին նա չպատասխանեցՙ ասելով միայն, որ Լուսակերտի թռչնաֆաբրիկան դեֆիցիտ չի ստեղծել: Նույն անորոշ պատասխանները նա տվեց հանձնաժողովի նիստից հետո մեր հարցերին, ասելով միայն, որ դեֆիցիտը ստեղծվել է պահանջարկի ավելացման հետեւանքով: Մեր այն դիտարկմանը, որ այդ օրերին միայն ձվի պահանջարկը չի բարձրանում, բայց այլ ապրանքների դեֆիցիտ չի առաջացել, Մանասե Եփրեմյանը չպատասխանեց: Իսկ մեկ այլ լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ ձվի դեֆիցիտ լինի նաեւ Զատկի նախօրեին, Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչը դրական պատասխանեց, ասելով, որ պահանջարկի ավելացումից դարձյալ ձվի նման դեֆիցիտ կլինի: Ինչեւէ:
Հանձնաժողովը միաձայն որոշեց տուգանել Լուսակերտի թռչնաֆաբրիկային, բայց դատելով նրա ներկայացուցչի մոտեցումից, դա դժվար թե զսպող հանգամանք դառնա այս ընկերության համար: Նույնը կարելի է ասել իրենց ունեցած գերիշխող դիրքը չարաշահող կամ հակամրցակցային համաձայնություններ կայացնող այլ ընկերությունների մասին, ինչը պայմանավորված է ավելի շուտ հոգեբանական խնդիրներով: Մեր բիզնեսը սովոր չէ եւ չի ցանկանում աշխատել քաղաքակիրթ երկրներին բնորոշ ցածր շահութաբերությամբՙ լինի 15 տոկոս, թե 25 տոկոս: Նրանք սովոր են, որ շահութաբերությունը լինի առնվազն կրկնակիՙ ստվերային գործունեության, գների հակաշուկայական եւ չհիմնավորված բարձրացումների, իրենց աշխատակիցներին ցածր աշխատավարձեր վճարելու շնորհիվ: Այդուհանդերձ, դրականն այն է, որ այս ամենը կարգավորելուն կոչված կառույցըՙ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, վերջապես սկսում է իր գործունեությունն արդարացնելու նշաններ ցույց տալ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ