Սինգապուրի Հանրապետության տարբեր գերատեսչությունների ղեկավարների, մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպելու, ինչպես նաեւ Սինգապուրի Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման 175-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով մարտի 24-29 այդ երկրում էր գտնվում Սինգապուրում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին):
Այցի ընթացքում, ըստ ԱԳՆ հաղորդագրության, դեսպան Սարգսյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Եոյի հետ: Հավանություն տալով հայկական կողմի առաջարկներին` նախարար Ջորջ Եոն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցելու հայ-սինգապուրյան կապերի ակտիվացման գործընթացին:
Դեսպանի հրավերով Սինգապուրի արտաքին գործերի նախարարը մարտի 27-ին ներկա է գտնվել Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված սուրբ պատարագին եւ մասնակցել է դրան հաջորդած միջոցառմանը:
Եկեղեցու օծման 175-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սբ Էջմիածնի հատուկ ներկայացուցիչ Ոսկան արքեպիսկոպոս Կալպակյանը, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը: Ներկա էին աշխարհի 14 երկրներից ժամանած ավելի քան 160 հայեր, ինչպես նաեւ Սինգապուրում գործող այլ եկեղեցիների հոգեւորականներ, երկրի հասարակայնության ներկայացուցիչներ:
Ա. Հ.