Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը շատերին է զարմացրել: 1928 թվականին առաջին անգամ Փարիզի «Van Leer» պատկերասրահում բացվում է «Քոչարի տարածական նկարչությունը» ցուցահանդեսըՙ 15 ստեղծագործություններով:
Ինչպես նշում է Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը , «նույնիսկ շատ բան տեսած Փարիզի համար այդ նկարներն արժանացան ծայրահեղ գնահատականների: Քոչարի տարածական նկարչությունն արդի արվեստի բարձրագույն նվաճումներից է... Այն մոդայիկ արտահայտչամիջոց չէ, այլ ինքնուրույն արվեստ, որն ունի իր լեզուն եւ շարունակությունը: Տարածական նկարչությունը խարխլեց արձանագործության եւ հարթանկարչության շրջանակը, բարեփոխեց տեսողական օրենքները, մի երրորդ ուղի բացելով նկարիչների ու քանդակագործների առջեւ»:
Եվ ահա, հուրախություն մեզ, «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը Հայաստան է բերել Փարիզի (Ֆրանսիա) «Մինոտավր» պատկերասրահի ֆոնդում գրանցված Երվանդ Քոչարի «Տարածական» (47x67x33 սմ) 1927-ին երկաթի վրա արված նկարը: Ինչպես «Ազգին» տեղեկացրին «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի հիմնադիր Արմինե Քոչարյանն ու տնօրեն Գայանե Թումանյանը , շուրջ մեկուկես տարի բանակցել են Փարիզի «Մինոտավր» պատկերասրահի տնօրեն Բենուա Շապիրոյի հետՙ Քոչարի այդ աշխատանքը Երեւանում ցուցադրելու համար: Պարզվել է, որ Շապիրոն Քոչարի այդ աշխատանքը 2005-ին գնել է Պատրիս Տրիգանոյից: Հռչակավոր կոլեկցիոները Քոչարի այդ գործը շուրջ 30 տարի իր հավաքածուների շարքում լավագույն տեղն է հատկացրել: Աշխատանքն առաջին անգամ կցուցադրվի Ազգային պատկերասրահում ապրիլի 5-ից մինչեւ մայիսի 5-ըՙ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Տկն Թումանյանը նաեւ ավելացրեց, որ Երվանդ Քոչարի այդ հազվագյուտ աշխատանքը Հայաստանում իր մշտական տեղը գտնելու համար բանակցությունները դեռ շարունակվում են: Քոչարի այդ գործի կողքին կերպարվեստի կենտրոնի նախաձեռնությամբ առաջին անգամ կցուցադրվի նաեւ Ժանսեմի «Նատյուրմորտ-1955 թ.» յուղաներկ կտավը (165x150):
Երեւանի կենտրոնում 5 տարի առաջ բացված «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը դարձել է արվեստագետների անհատական հավաքածուներով հետաքրքրվող արվեստաբանների, արվեստասերների յուրօրինակ հավաքատեղի, ուր հնարավոր է լինում ժամանակ առ ժամանակ փակ դիտումներով ծանոթանալ շատ հայտնի նկարիչների, քանդակագործների աշխատանքներին: Իսկ թե ինչո՞ւ փակՙ պատճառը տարածքի փոքրությունն է: Կենտրոնում այժմ ցուցադրված են նաեւ Ռոդենի, Դալիի երկու մանրաքանդակների պատճենները, որոնց պատճենահանման պաշտոնական թույլտվությունը հաստատվել է հեղինակների ու նրանց ժառանգների ստորագրությամբ: Աշխարհում գոյություն ունեցող Ռոդենի «VEVUSALA TOILETTE» 20 եւ Դալիի «Le Torse d’Ade՛le» քանդակներից մեկական այսօր Հայաստանում են ու մաս են կազմում անհատական հավաքածուի: Առաջիկայում նախատեսվում է Թութունջյանի գրաֆիկական աշխատանքները բերել Հայաստան, տեղեկացրեց տնօրենը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ