«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2011-03-29 | #55, 2011-03-30 | #56, 2011-03-31


ՕՐԱՏՈՐԻԱ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Այն հնչելու է Արմին Թ. Վեգների 125-ամյակի միջոցառումների շրջանակներում

Գերմանական «Վեսթդոյչե ցայթունգը» հարցազրույց է տպագրել երաժիշտ Ուլրիխ Կլանի հետ, որը ծրագրել է 2010-ին Բեռլինում հաջողություն ունեցած Արմին Թեոֆիլ Վեգներին նվիրված միջոցառումների շարքը ներկայացնել նաեւ Վուպերթալում: Մասնակցելու են գերմանացի, թուրք, քուրդ եւ հայ արվեստագետներ, զեկուցումներ են կարդալու Վեգների զարմիկն ու Հայաստանի գերմանական համալսարանի ռեկտորը, բացվելու է Կամո Թումասյան ցուցահանդեսը: Հնչելու են երգեր, որ ստեղծվել են Վեգների տեքստերի հիման վրա: Կլանը գտնում է, որ Վեգներն իբրեւ քնարերգու քիչ է ծանոթ ընթերցող լայն շրջանականերին, այդ բացը լրացնելու համար 2011-ի հոկտեմբերին գրողի, բանաստեղծի 125-ամյակի առիթով Արմին Թ. Վեգներ ընկերակցությունը հոբելյանական մի հրատարակություն է պատրաստում:

Վեգներյան օրերին առաջին անգամ հանրության դատին է հանձնվելու նաեւ Հրանտ Դինքի հիշատակին Ուլրիխ Կլանի գրած օրատորիան, որ հեղինակի ասելով, միջոցառումների գագաթնակետն է լինելու: Երգահանը պատմում է, թե Դինքի սպանությունից հետո ինքը հիշատակի մի մեծ միջոցառում է կազմակերպել իր թուրք, քուրդ, հայ ընկերների հետ: Դրանից հետո է ծնվել մշակութային եւ կրոնական սահմաններից անդին մոդեռն օրատորիա գրելու միտքըՙ համեմված Աստվածաշնչից, Թալմուդից, Ղուրանից, արեւմտյան եւ արեւելյան քնարերգությունից ընտրյալ հատվածներով:

Հրանտ Դինքի մասին ասում է, թե իրեն տպավորել է նրա հումորը, քաջությունը, անկեղծությունըՙ «իր սիրառատ խարիզմայով նա կարողանում էր վանել ատելությունը: Մահվանից հետո էլ նրա դերը չի նվազում: Ոչ միայն ես, այլեւ ուրիշներ նրա հարատեւությունը պայմանավորել են Հիսուսի, Մահաթմա Գանդիի կամ Մարտին Լյութեր Քինգի ավանդույթով»: Օրատորայի երգչախմբային հատվածներում հնչելու է գերմաներեն, թուրքերեն եւ հայերեն: Հրանտ Դինքի երկար տեքստերը ոչ թե երգվելու են, այլ ընթերցելու են պրոֆեսիոնալ դերասանները երեքՙ գերմաներեն, թուրքերեն եւ հայերեն լեզուներից մեկով, որն առավել հասկանալի կլինի ներկայացվող երկրումՙ Գերմանիայում, Թուրքիայում, Հայաստանում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4