«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2011-03-29 | #55, 2011-03-30 | #56, 2011-03-31


«ՄԻԿԱՆ» ՓՐԿԵՑ ԽԱՂԸ

Եզրափակիչի ուղեգրի բախտը կվճռվի պատասխան խաղում

Երեկ կայացավ ֆուտբոլի ՀՀ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը, որում «Միկան» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Բանանցին»: Վերջին 5 տարիներին մրցակիցները մշտապես հանդիպում են կիսաեզրափակիչում: Նախորդ 4 խաղարկություններում մշտապես հաջողությունն ուղեկցել է «Բանանցին»:

Առաջին խաղակեսի ավարտից հետո թվում էր, թե «Բանանցն» այս անգամ էլ կփակի եզրափակիչի ճանապարհը «Միկայի» առջեւ, քանի որ հաղթում էր 3-1 հաշվով: Դրանում առաջին հերթին մեղավոր էին «Միկայի» պաշտպանները: 17-րդ րոպեին պարզ իրադրությունում Արմեն Պետրոսյանը գնդակը փոխանցեց մրցակցի հարձակվող Բրունո Կորեային, որն անարգել ներխուժեց տուգանային հրապարակ ու գրավեց Գեւորգ Կասպարովի դարպասը: Բաց թողած գոլը մի տեսակ ընկճեց դաշտի տերերին, որոնք կրկին անփույթ խաղացին պաշտպանությունում եւ այս անգամ արդեն Վալտեր Պողոսյանը կրկնապատկեց հաշիվը:

«Միկային» հաջողվեց պատասխան գոլը խփել: Այս անգամ արդեն «Բանանցը» պաշտպանությունում սխալ թույլ տվեց ու Նարեկ Բեգլարյանը մոտ տարածությունից գլխի հարվածով գրավեց Կոնստանտին Օդոլսկու պաշտպանած դարպասը, որն այս խաղում նորամուտը նշեց թիմում: Առաջին խաղակեսի ավարտին անկյունայինի խաղարկումից հետո Արարատ Առաքելյանը գլխի հարվածով 3-րդ գոլը խփեց:

Թվում էր, թե գավաթային հանդիպման ելքը վճռված է: Սակայն ընդմիջումից հետո խաղի պատկերը կտրուկ փոխվեց: «Բանանցը» ողջ կազմով նահանջել էր սեփական կիսադաշտՙ հնարավորություն ընձեռելով «Միկային» մեծ ուժերով հարձակվել: Եվ դաշտի տերերը հիանալի օգտագործեցին խաղը փրկելու ընձեռված հնարավորությունը: 52-րդ րոպեին փոխարինման մտած չինացի Դոնգ Ֆանգժուն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ավելացված ժամանակում Նարեկ Բեգլարյանը խառը իրադրությունից «Միկային» փրկեց պարտությունից:

Այսպիսով, գավաթային առաջին խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքիՙ 3-3: Պատասխան խաղը կկայանա ապրիլի 20-ին, «Բանանցի» մարզադաշտում:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

Ստեւիցա Կուզմանոսկի («Բանանց») - Առաջին խաղակեսում լավ խաղացինք, տակտիկապես գրագետ գործեցինք ու կարող էինք վճռել մրցակցության ելքը: Սակայն պաշտպանությունը հստակ չգործեց, 2-րդ խաղակեսում վատ խաղացինք ու ձեռքից բաց թողեցինք հաղթանակը: Այժմ պետք է նախապատրաստվենք պատասխան խաղին, որում էլ կվճռվի եզրափակիչի ուղեգրի բախտը: Այսօր դարպասի պաշտպանությունը վստահել էինք Կոնստանտին Օդոլսկուն, քանի որ Ստեփան Ղազարյանը հոգեբանորեն պատրաստ չէր խաղին: Սամվել Մելքոնյանի գործողություններից դժգոհ էինք, ուստի այսօրվա խաղում կազմում չէինք ընդգրկել: Բետոն վնասվածքից դեռեւս լրիվ չի ապաքինվել, ուստի փոխարինման է դուրս գալիս: Հույս ունեմ, որ մեկ ամսից Դուբալան շարք կվերադառնա:

Արմեն Շահգելդյան («Միկա») - Դիտարժան ու գոլառատ խաղ ստացվեց: Առաջին խաղակեսում մեր սխալների պատճառով հայտնվեցինք պարտվողի դերում: Ընդմիջմանը տղաներին ասացի, որ հարկավոր է մոռանալ թույլ տված սխալները, պետք չէ շտապել, կամային հատկանիշներ է անհրաժեշտ դրսեւորել: Օրինակ բերեցի Հոլանդիա-Հունգարիա խաղը: Ի պատիվ մեր տղաների, կարողացան փրկել խաղը: Եզրափակիչ մտնելու թիմերի հնարավորությունները հավասար եմ գնահատում, թեեւ «Բանանցը» մրցակցի դաշտում 3 գոլ է խփել ու պատասխան խաղն էլ սեփական հարկի տակ է անցկացնելու: Ցավոք, այսօր էլ վնասվածքներ ստացան Կոնստանտին Մանդրիչենկոն ու Անդրանիկ Ոսկանյանըՙ միանալով Վահագն Մինասյանին ու Արամ Ոսկանյանին, որոնց դեռեւս ժամանակ է պետք լրիվ ապաքինվելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4