«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2011-03-30 | #56, 2011-03-31 | #57, 2011-04-01


ԳՐԱԽՈՍԱԿԱՆ... ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՇՈՒՐՋԸ

Կեսլուրջ-կեսկատակ թեմայով

Այսօր երգիծելու օրն է: Ընդունված կարծիք կա, որ երգիծաբաններն իրենց ասելիքը գտնում ու տեսնում են առօրյա կյանքում, մարդկանց հարաբերություններում, պաշտոնյաների գործերում ու գրագրություններում, մի խոսքովՙ ամենուր: Երգիծաբաններից ոմանք իրենց ասելիքում այնպիսի վիճակների են հասնում, որ չես զգումՙ կատակում են, թե՞ ողբում:

Պարզվում էՙ մեր պետական կառույցներում էլ են աշխատում մարդիկ, ովքեր ոչ միայն լրջմիտ պահվածք, այլեւ հումորի յուրահատուկ զգացում ունեցող պաշտոնյա այրեր են: Հենց թեկուզ մեր հարազատ գյուղատնտեսության նախարարությունում, որը պատահականորեն ենք ընտրել, հայցելով, ասենք, էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների ներողամտությունը:

Ծանոթացեք, թե ինչ նուրբ զգացումներով է կազմվել սույն կառույցի գիտատեխնիկական խորհրդի հրատարակած «Հայաստանի գյուղատնտեսությունը» գիրքը, որը, պարզվում է, կարող է օգտակար լինել Հայաստանի տնտեսության ագրարային ոլորտով հետաքրքրվողների, մասնագետների եւ ուսանողների համար: Վերջիններս, օրինակ, որտեղի՞ց կարող էին տեղեկանալ, որ իրենց սիրելի Հայաստանի պետական ագրարային համալսարանը յուրաքանչյուր տարի պատրաստում է բարձր որակավորում ունեցող ավելի քան 1500 մասնագետ 34 մասնագիտությունների գծով: Գյուղխորհրդի գնահատմամբ սակավահող հռչակվող այս երկրի գյուղական տնտեսությունը թերեւս չի դիմանում նման ներուժին ու ներսից խմորվում է այնպես, որ յուրահատուկ բուրմունք է ստացվում: Նորընծա մասնագետներն այնպիսի բարձր որակավորում ունեն, որ ուսումնառության ավարտից հետո նրանցից անգամ լավագույններին չեն հասցնում աշխատանքի վերցնել: Նման բան թերեւս հաջողվում է նախարարության համակարգում գործող 7 գիտական կազմակերպություններին, որոնցում ընդգրկված են 249 գիտաշխատողներ, այդ թվումՙ գիտության 25 դոկտորներ եւ 122 թեկնածուներ: Այդ նրանց ջանքերի շնորհիվ են ստացվել աշնանացան ցորենի «Ախթամար», «Վիկտորիա», «Արմսիմ», գարու «Մուշ», «Ուտիք-2», «Սասուն» սորտերը: Եթե դոկտորներից 1-2-ին նկատեն ու եթե ոչ ակադեմիկոսի, գոնե ԳԱԱ-ի թղթակից անդամի կոչման ներկայացնեն, իրենք էլ հայ հողի մշակին կնկատեն, նրա հոգսով լիարժեք կապրեն:

Հուզական տրամադրություն չցուցաբերելով շարունակենք, քանզի չեն մոռացվել նախարարության համակարգի 10 պետական քոլեջները, ուր 3500 սովորողներ մասնագիտանում են ոլորտի 23 ուղղություններով: Հաշվի առնելով երկրի ագրոպարենային համակարգի ձեռնարկությունների պահանջարկը մի շարք մասնագիտությունների նկատմամբ, վերջին տարիներին քոլեջների ուսումնական գործընթացում ներառվել են «Թարգմանություն եւ մաքսավարում», «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» եւ համանման նոր մասնագիտություններ, որոնք մի կերպ կարողացա վերարտադրել: Հաջորդ պարբերությունը հետեւյալ տեսքն ունի:

Գյուղատնտեսական քաղաքականության վերաբերյալ առավել հստակ պատկերացում ունենալու, ֆերմերներին ու սննդի վերամշակման արդյունաբերությանը անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՀՀ գյուղնախարարության գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի տեղեկատվության ու լրատվության բաժինը հրապարակում է «Ագրոգիտություն» ամսագիրը եւ «Ագրոլրատու» թերթը. յուրաքանչյուր շաբաթ «Ագրո TV»-ն եթեր է հեռարձակում գյուղատնտեսությանը նվիրված հեռուստատեսային հաղորդումներ:

Այլապես աշխարհը որտեղի՞ց իմանա, որ Հայաստանի ագրարային ոլորտի ներկա վիճակը լայն հնարավորություններ է ստեղծում ագրոբիզնեսի տարբեր ճյուղերում գործարարության զարգացման համար: Փորձենք թվարկել այն հիմնական ուղղությունները, որտեղ, գիտխորհրդի հավաստմամբ, ներդրումներ կատարելը շահեկան է.

- մթերքի արտադրություն եւ իրացում (ներմուծողների հախից գանք),

- կաթնային ֆերմաների ստեղծում (կաթի փոշին մոռացնել տանք),

- պանրի, մասնավորապես շվեյցարական, հոլանդական, ռոկֆոր եւ այծի պանրի արտադրություն (հայկականները զուտ ազգայնական են):

Ազգայնական են նաեւ մեր մեղուները, որի մասին տեղեկացնում է գիտխորհուրդը: Պարզվում էՙ 5-10-րդ դարերի հայոց պատմության մեջ վկայություններ կան, որ օտար զավթիչների դեմ ազատագրական կռիվներ մղելիս հայերն օգտագործել են նաեւ մեղուներ, այնպես որ «մերն ուրիշ է»-ն հեռավոր դարերից է գալիս: Թերահավատների համար նշեմ. անդնդախոր կիրճերով կամ ստորոտներով անցնելիս` բարձր տեղերից նախ հակառակորդի հեծելազորի վրա են գլորել մեղուներով լցված քթոցներ... շարունակելն անիմաստ եմ գտնումՙ ընթերցողի հանդեպ հարգանքից ելնելով:

Գիտատեխնիկական խորհուրդը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունը 2007 թ. մարտին հաստատել է «ՀՀ տավարաբուծության զարգացման 2007-2015 թթ ծրագիր»-ը: Արդեն 2007-2008 թթ այս ծրագրի իրականացումը տվել է իր դրական արդյունքները: Կարդացեքՙ ինչպես. ֆերմերները խանդավառված են այս ծրագրով եւ խոստովանում են, որ ներդրված միջոցների փոխհատուցումը բավականին բարձր է. գնորդները տեսնում են, այնպես որ խոստովանության կարիք չկա:

Գրախոսականի տեսքով կազմված սույն մեջբերումները թե ինչքանով են համահունչ ապրիլմեկյան տրամադրություններին, թող որոշի ընթերցողը: Մի հարցում գիտխորհրդին հարկավոր է հատկապես շնորհակալ լինել. Հայաստանի բնակչության թիվը նշելու, այն է` մեր 3,2 մլն լինելու համար: Իսկ թե ինչո՞ւ են այլ երկրներում ապրող հայերը գյուղգիտխորհրդին հետաքրքրել, որոնք 5 մլն են ներկայացվել, երբ հիշատակվում է 8-9 մլն, անհասկանալի է: Այ, եթե այս վիճակագրության փոխարեն, ասենք, երկրի անասնատեսակների հաշվառումը կազմակերպվի, դրա արդյունավետությունն առավել ակնառու կլինի:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4