Ասել ասելու համար: Այսինքնՙ միտքդ շարժես անբովանդակ ու անիմաստ: Եվ վերջում նույնիսկ չգիտակցես, որ զբաղվել ես անօգուտ, չգիտակցես, որ այդպիսով գերազգային հիմնախնդրի քննարկումը վերածել ես անպտուղ խոսակցության: Գրեթե նմանօրինակ գործելակերպի ականատես եղաՙ ունկնդրելով «Երկիր Մեդիայի» լրագրող Վարդան Օնանյանիՙ մարդկանց անուններին նվիրված հարցազրույցը:
Հաղորդմանը մասնակցում էին բանասեր Ռուբեն Նահատակյանը, արեւելագետ Լիա Ավետիսյանը, ակտերի գրանցման ծառայության աշխատակցուհի Հասմիկ Հարությունյանը եւ պատմաբան Անժելա Տերյանը:
Օտարահունչ, ականջ ծակող ոչ հայկական անուն-ազգանունները հեռուստադիտողների դատին ներկայացնելու եւ ճիշտ համարժեքներով փոխարինելու համար արդյունավետ խոսակցություն բացելու առումով մասնակիցները կարող եւ սրտացավ մարդիկ էին: Եվ նախատեսված էր հայկական անուն-ազգանունները մեկնաբանել գիտական ժամանակակից գաղափարախոսության լույսի ներքո, ըստ որի, իրենց բնօրրան դիտվող Հայաստանից արիական ազգերը սփռվելով աշխարհով մեկՙ տարածել են հայկական արժեքները, այդ թվումՙ անուն-ազգանունները: Դրանք այն ազգապահպան գործիքներն են, որոնք կրելը կերազեին վրաց եւ թուրք ազգերը:
Ցավոք, ելակետային այս տվյալները մի տեսակ կտրվեցին հարցազրույցից, քանզի հարցազրույց վարողն անուն-ազգանունները ներկայացնում էր հախուռն, ոչ համակարգված: Այս բացը վերացնելու փոխարեն լրագրողը ստեպ-ստեպ ընդհատում էր զրուցակիցներինՙ տեղի-անտեղի բերելով այլեւայլ օրինակներ: Փոխարենը կարող էր աջակցել Լ. Ավետիսյանին, որպեսզի քաջատեղյակ լեզվաբանն աներ ծավալուն փաստարկներ անուն-ազգանուննների վերաբերյալ: Բանասեր Ռուբեն Նահատակյանը հարկադրված տեղեկացրեց, որ Ավետիսյանն ունի լեզվաբանական վերլուծության գործունեության լուրջ պատրաստականություն: Նա այն վաստակաշատ մասնագետն է, ումՙ հայկական արժեքների վերաբերյալ ռուսագիր ստեղծագործություններն այնքա՜ն հայտնի են ԱՊՀ-ի երկրների ընթերցողներին: Բայց ապարդյուն...
Լ. Ավետիսյանն էլ պիտի համարձակ ավելացնի, որ Դավիթը հայկական անուն է, ոչ թե հրեական: Ավելին, նա շրջանցելով հայագիտությունում առկա արդի կարծրատիպնՙ ասաց, որ Դավթի կազմությունն օրինաչափ է հայերենին իսկ իթ-ը պարզապես վերջածանց է: Նոր լույսի ներքո ստուգաբանեց նաեւ Ալեքսանդր, Ռոման, Իզաբելլա անունները:
Սակայն Օնանյանը չգիտես ինչու չանդրադարձավ, որ բանասերն ու հրապարակախոսը ի սկզբանե հակված էին մեր անուն-ազգանունները հնչեցնել համեմատական լեզվաբանության ելակետից, մի լուրջ պահանջ, որը ոչ միայն ցանկալի է, այլեւՙ պարտադիր: Այդ մասին ակնարկեց եւ փաստարկեց Նահատակյանը: Սակայն, ինչպես ասում են, ասողին լսող է պետք:
Թրքաբանությունները եւ սեմաբանությունները դարերով ժանգի պես ներծծվել են հայերենի բառամթերքի մեջՙ վերջինիս մեջ սպանելով մեր ոգեղեն փայլը, նսեմացնելով մեր հոգեբանական գեղեցկությունները: Ուստի եւ մասնակիցների խոսակցությունից չվրիպեց Կարագյոզյան ազգանունը, ինչպես նաեւ այն բազմաթիվ չփլաղյանները, կարախանյանները, ղավալյանները, բեկ-ով եւ օղլի-ով կազմված այն մի քանի հարյուրների հասնող թուրք-թաթարական ծագմամբ անունները:
Բայց ահա հարցազրույցի մասնակիցներն սկսեցին տատանվել, երբ խոսակցություն ծավալվեց թուրքական ծագմամբ անուն-ազգանունների հետագա գործածության վերաբերյալ: «Հարկավ, հարկավ պիտի պահպանել թուրքական արմատներով ազգանունները: Հայացնելու պատճառով կխաթարվեն հայկական տոհմային հարաբերությունները», պնդեցին մասնակիցներից շատերը: Ընդդիմացավ միայն պատմաբան Անժելա Տերյանը: Իսկ ճնշող կողմին պաշտպանելուն, ասես, փողոցի անցորդների անհիմն կարծիքներն էին պակասումՙ պնդելով, որ թուրքական ազգանունները հարկ է պահպանել: Ահա այստեղ էլ լրագրողը չեղավ իր բարձրության վրա: Դա նկատվեց մասնավորաբար քաղաքացիական ակտերի ծառայության աշխատակցուհի Հասմիկ Հարությունյանի արտահայտման առիթով:
- Այդպես են ուզում մեր քաղաքացիները,- ասաց նա: Մենք չենք կարող ընդդիմանալ նրանց: Դա նրանց կամքն է:
Իսկ թե ինչքանով են գիտակցում նույն քաղաքացիներըՙ ոչ մեկին չի հուզում, առավել եւսՙ իրավապահ մարմնի աշխատակցուհուն: Նրա համար ոչինչ, որ տուժում է հայ մարդկանց ազգային ինքնասիրությունը: Կարեւորն, ըստ նրա, թուրքական արմատով ազգանուն կրողը հանցագործ չէ... Սակայն գոնե նման կեցվածք չպիտի ցուցաբերի ազգայնական կուսակցության լրագրողը: Պրն Օնանյանը տեղյա՞կ է, որ բազում մեր հայրենակիցներ ամոթի եւ վիրավորանքի խոր զգացումով կրում են Չփլաղյան, Կարախանյան, Դադաշյան, Բալաբեկյան, Ալավերդյան, Լալաբեկյան, Ջանիբեկյան եւ այլ ազգանունները, որոնց թիվը կազմում է հայկական ազգանունների կեսից ավելին:
Հարցը տեղաշարժելուն կրկին տոն տվողը եղավ Ռ. Նահատակյանըՙ շեշտելով, որ պետական նախաձեռնությամբ էվոլյուցիոն ճանապարհով պետք է փուլ առ փուլ ձերբազատվել թուրքական ծագումով անուններից:
Պրն Օնանյանը անտեղյակության իր զենիթին հասավ հարցազրույցն ավարտվելուց առաջՙ զարմանալիորեն բացականչելով. «Ադե՜, քիչ են հայկական անունները...»ՙ այդպիսով մեր մայրենին դարձնելով իր քավության նոխազը: Մի՞թե... Հապա փոքր-ինչ հաղորդակցվեք հայագիտության գագաթներիՙ Հ. ԱՃառյանի, Մ. Աբեղյանի, Պ. Ղափանցյանի, մյուս երախտավորների հետ: Կարճ եւ հետեւողական հաղորդակցություններն, անշուշտ, շատ կօգնեին Ձեզՙ լրագրողիդ ներկայացնելու ճաշակով, ժամանակակից անունների մի շարանՙ Վիգեն, Վահե, Գոռ, Հայկ, Արա, Արամ, Գագիկ, Գարեգին, Մանե, Նարե, Լուսինե, Վաչե, Շուշան, Տիգրան, Գեղամ, մեկը մյուսից հոգեհարազատ եւ առինքնող:
Այնուհանդերձ, հարցազրույցի հազիվ նմանվող այս հաղորդումը թերություններ-թերացումների հետ մեկտեղ ունի երկու լուսավոր առավելություն: Հարց բարձրացվեց էվոլյուցիոն ճանապարհով բարեփոխելու հայկական անուն-ազգանունները եւ կազմելու անվանագիրք: Սակայն այս առաջարկները դժվար թե կյանքի ուղեգիր ստանան, քանի դեռ հրապարակի վրա չէ Հայաստանի լեզվական քաղաքականության հիմնական օրենքը, այն էՙ լեզվական քաղաքականության հայեցակարգը:
ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ