«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2011-03-30 | #56, 2011-03-31 | #57, 2011-04-01


ՉԵԶՈՔ ԵՎ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ԱԿՏԻՎ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեկ մեկնարկեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Քալմ-Ռեյի առաջին պաշտոնական երկօրյա այցը Երեւան: Սարգսյան-Քալմի-Ռեյ առանձնազրույցից, այնուհետեւ հայ-շվեյցարական ընդլայնված կազմով հանդիպումից հետո երկրների նախագահները ասուլիս տվեցին: Ընդգծելով, որ ինքը «մեծ հաճույքով» է Երեւանում ընդունում տիկին նախագահին` Հայաստանի նախագահը նկատեց, որ. «չեզոք եւ անկողմնակալ ակտիվ քաղաքականության հարուստ փորձ ունեցող Շվեյցարիան մշտապես հետաքրքրություն է ցուցաբերել մեր երկրի եւ մեր տարածաշրջանի նկատմամբ»: ՀՀ նախագահը հայ ժողովրդի անունից իր շվեյցարացի գործընկերոջը հայտնեց երախտագիտություն` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Տնտեսական գործակցության երկկողմ «ամուր կամք»

Ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է հայ-շվեյցարական տնտեսական ծրագրերը զարգացնելու, դեպի Հայաստան շվեյցարական ներդրումները խրախուսելու հարցում` հաշվի առնելով գործակցության առկա դրական փորձը. «Որպես այդ համագործակցության հաջողված օրինակ կարող եմ բերել շվեյցարական ընկերությունների մասնակցությունը Ծաղկաձորի, Ջերմուկի եւ Տաթեւի զարգացման ծրագրերում» ասաց Քալմի-Ռեյը, նկատելով, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները լավ են, նշեց. «Մեր ապրանքաշրջանառությունը դեռ մնում է բավականին համեստ մակարդակի, եւ կարիք կա զարգացնելու: Կա չօգտագործված ներուժ եւ Շվեյցարիայի իշխանություններն իհարկե կողմ են, որ տնտեսական հարաբերությունները ավելի զարգանան», ասաց Քալմի-Ռեյը` հավելելով, որ այստեղ առկա է «երկկողմ ամուր կամք»:

Հայաստանը Ժնեւում կլինի «պատվավոր մասնակից», Քալմի-Ռեյը կրկին հրավիրվեց Հայաստան

Հայ-շվեյցարական մշակութային համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում նույնպես նկատելի է «երկկողմ ամուր կամք»: «Մենք համոզված ենք, որ մշակույթի ոլորտում համագործակցությունը նպաստում է մեր ժողովուրդների փոխճանաչման զարգացմանն ու բարեկամության ամրապնդմանը», նշեց ՀՀ նախագահը` ընդգծելով, որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Ժնեւում կայանալիք Գրքի 25-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցելու է «Պատվավոր հյուր»-ի կարգավիճակով. «Ես էլ սիրով հրավիրում եմ տիկին նախագահին` մասնակցելու 2012-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանում կայանալիք միջոցառումներին»: Տիկին Քալմի-Ռեյը պատասխանեց ժպիտով:

Թուրքիա եւ Լեռնային Ղարաբաղ

«Անշուշտ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց ես կարծում եմ, որ այն քաղաքական արիությունը, որը կողմերը ցուցաբերեցին Ցյուրիխում` արձանագրությունները ստորագրելով, հույս է տալիս, որ մենք կտեսնենք արդյունք: Շվեյցարիայի միջնորդական առաքելությունը ավարտվեց հենց արձանագրությունները ստորագրելով, սակայն այժմ էլ մենք ուշադրությամբ հետեւում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ հույս հայտնում, որ ակնկալվող արդյունքները ձեռք կբերվեն», Շվեյցարիայի նախագահի այս դիտարկմանը ՀՀ նախագահը հավելեց. «Հատուկ երախտիքի խոսքս ուղղում եմ տիկին նախագահին` Շվեյցարիայի իշխանությունների եւ անձամբ իր անգնահատելի միջորդական առաքելության եւ ներդրած ջանքերի համար: Ափսոսանքով նշեմ, որ Թուրքիան խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից եւ նման գործելաոճով արժեզրկում թե՛ մեր նախաձեռնությունը, թե՛ գործընթացում ներգրավված կողմերի ջանքերը»:

Նախագահ Սարգսյանը տեղեկացրեց, որ ինքը իր շվեյցարացի գործընկերոջն է ներկայացրել Արցախի խնդրի կարգավորման վերջին զարգացումները, այդ թվումՙ Սոչիի վերջին եռակողմ հանդիպման արդյունքները. «Ուզում եմ հավատալ, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները կլինեն հետեւողական եւ իրենց խոսքն ու գործը կհամապատասխանեն իրար: Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որն է` ԼՂ ժողովրդի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքի խաղաղ իրագործման հնարավորությունն ապահովող լուծում, որին պետք է հասնել բանակցությունների միջոցով»: Քալմի-Ռեյը «ղարաբաղյան թեմայով» թերեւս որոշել էր պահպանել իր երկրի «չեզոքությունն ու անկողմնակալությունը առավել մեծ չափաբաժնով»:

Երբ երկու նախագահներին հարց ուղղվեց, թե ինչպե՞ս կորակեն Ադրբեջանի պետական ավիացիայի պետի հայտնի հայտարարությունը, թե Բաքուն կոչնչացնի Երեւանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռները, տիկին նախագահը պատասխանեց. «Մեր երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ անդամ չէ: Ես օրեր առաջ Բաքվում էի, հանդիպեցի նախագահ Ալիեւին, եւ այժմ` նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ես նշեցի այդ հանդիպման մասին»: Հայաստանի նախագահը իր պատասխանում շատ ավելի կոնկրետ էր. «Կասկած չկա այն հարցում, որ ԼՂ բնակչությունն իրավունք ունի օգտվելու նաեւ օդային տրանսպորտից: Կասկած չկա նաեւ այն հացում, որ այս հարցը պետք է համաձայնեցնել միջազգային պատկան կազմակերպությունների հետ: Պետք է նկատել, որ նմանատիպ հայտարարություններ ժամանակակից պատմության մեջ հանդիպում են, բայց բացառապես ահաբեկչական կազմակերպությունների կողմից, այլ ոչ երբեք պետության»: Ընդհանուր առմամբ մեկ բառով` «մառազմ» որակելով Բաքվից հնչած հայտարարությունը` Սերժ Սարգսյանը շեշտեց. «Ես ուզում եմ ասել, որ ինքս եմ լինելու Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը: Այո՛, Հայաստանի նախագահը: Կարծում եմ Շվեյցարիայի Համադաշնությունը համակարծիք կլինի այս հացում մեզ հետ», դիմելով Քալմի-Ռեյին` ասաց ՀՀ նախագահը: Շվեյցարիայի նախագահի պատասխանն արդեն ներկայացրինք, իսկ թե որքանով է Քալմի-Ռեյը համակարծիք այս հարցում Հայաստանի հետ, թերեւս եզրակացություններ անենք միայն նրա ժպիտից:

«Ժամանակին ես անձամբ խնդրել եմ նախագահ Օբամային` արտասանել այդ բառը»

Այսպես պատասխանեց ՀՀ նախագահը հարցին` թե ի՞նչ ակնկալիքներ ունի Երեւանը ԱՄՆ նախագահ Օբամայի հերթական ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» բառը օգտագործելու կապակցությամբ: «Ցանկությունն ու իրականությունը տարբեր բաներ են: Ամենալավն այն է, երբ դրանք համընկնում են, սակայն եթե նույնիսկ ԱՄՆ նախագահը չարտասանի այդ բառը, մենք չպետք է վհատվենք: Ես ինքս ժամանակին, խնդրել եմ նրան օգտագործել հենց այդ բառը», ասաց Սերժ Սարգսյանը: Ինչպես ԼՂ հարցի կապակցությամբ, այնպես էլ Հայոց ցեղասպանության, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ակտիվ միջնորդ Շվեյցարիայի նախագահը պահպանեց իր երկրի «չեզոքությունն ու անկողմնակալությունը»:

Հայ-շվեյցարական հարաբերությունների նոր որակ

Շվեյցարիայի նախագահի այցը Երեւան` նշանավորվեց նաեւ մեր երկրում այդ երկրի դեսպանատան բացմամբ: Նորանշանակ դեսպան Կոնստանտին Օբոլենսկին դեսպանատան բացումը որակեց «երկկողմ գերազանց հարաբերությունների» վկայություն:

Միշելի Քալմի-Ռեյը Երեւանում երեկ հանդիպումներ է ունեցել նաեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Այսօր Շվեյցարիայի նախագահը կայցելի Գյումրի, որտեղ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցության շրջանակներում, իր խոսքերով` կծանոթանա, թե «ի՞նչ աշխատանքներ են կատարել շվեյցարացիները Գյումրիում` այս ոլորտում. «Շվեյցարիան Հայաստանի հետ սկսել է համագործակցել բնական աղետների, մասնավորապես, երկրաշարժերի կանխարգելման հարցում` սկսած ձեզ պատուհասած աղետից` 1988-ի երկրաշարժից», ասաց Միշելին Քալմի-Ռեյը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4