Իլհամ Ալիեւի աշխաատակազմի բաժնի վարիչ Ալի Հասանովը «մեկնաբանել է» Լիբիայի դեմ ռազմական գործողությունները: Հին, բարի ժամանակներում անեկդոտ կար. ուսանողը գիտի միայն լվի մասին, բայց քննության նրա հարցը ձկների վերաբերյալ է, եւ նա սկսում է. «Եթե ձուկն ապրեր ցամաքում, ապա նրա վրա լու կլիներ», եւ սահուն անցնում լվի նկարագրությանը:
Ներկայիս ադրբեջանական իշխանությունները հիշեցնում են այդ ուսանողին. ինչ էլ որ աշխարհում կատարվի, նրանք դա տեսնում են ղարաբաղյան խնդրի սեփական ընկալման կտրվածքով: Հասանովը բացառություն չէ: «Երբ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից բանաձեւ է ընդունվում լիբիական բռնապետի դեմ, իսկույն էլ կատարվում է մեծ կամքով, այն դեպքում, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ի չորս բանաձեւերը, որ ընդունվել են տարբեր ժամանակներում` Հայաստանի վերաբերյալ, շուրջ 20 տարի չեն կատարվում», ասել է նա:
Հասանովի այլ բնութագրումներին անդրադառնալու հարկ չկա: Դրանք նույնքան «հիմնավոր» են, որքան մեջբերվածը: Եվ հենց դա էլ մտահոգիչ է: Ոչ թե այն առումով, որ նրա տեսակետը կարող է «ընդունելի դառնալ»: Ո՛չ: Պակաս մտահոգիչ չէ այն, թե ինչ մակարդակի երկրի հետ գործ ունեն հայկական կողմերն ու միջազգային հանրությունը:
Հատկապես վերջինիս մոտ, կարծում ենք, Հասանովի խակության մանկական հիվանդությունը պետք է որ որոշակի հարցերի տեղիք տա: Մասնավորապես, ինչպե՞ս կարող է պետական պաշտոնատար անձն իրեն թույլ տալ նենգափոխել ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւերի բովանդակությունը: Չէ՞ որ ղարաբաղյան խնդրով ՄԱԿ-ի ԱԽ-ն «Հայաստանին վերաբերող» եւ ոչ մի բանաձեւ չի ընդունել: Չէ՞ որ այդ բանաձեւերում ակնարկ իսկ չկա կողմերից որեւէ մեկի նկատմամբ ուժ կիրառելու մասին: Չէ՞ որ այդ բանաձեւերով, ընդհակառակը, բոլոր կողմերին կոչ է արվում դադարեցնել մարտական գործողությունները եւ տարաձայնությունները հաղթահարելու համար բանակցություններ սկսել: Չէ՞ որ դրանք այլ հակամարտության բոլոր կողմերին հորդորում են զերծ մնալ ռազմական էսկալացիայից, իսկ այլ երկների` պարտավորեցնում զենք եւ զինամթերք չմատակարարել որեւէ կողմի:
Կատարվա՞ծ են այդ բանաձեւերի պահանջները: Մասամբ` այո. մարտական գործողությունները դադարեցված են, ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահության միջնորդությամբ սկսված եւ շարունակվում են բանակցությունները: Իսկ ահա ռազմական էսկալացիայից զերծ մնալու առումով` ոչ: Քանի որ Ադրբեջանն անցած բոլոր տարիներին եւ այսօր էլ նախապատրաստվում է ոչ թե արդարացի եւ արժանապատիվ, բոլոր կողմերին բավարարող խաղաղության, այլ` ռեւանշիստական պատերազմի:
Այս հարցում, այո՛, միջազգային հանրությունը` ի դեմս ՄԱԿ-ի, անելիք ունի: Եվ պարտավոր է զսպել ադրբեջանական ազգայնականության ռազմատենչությունը: Հակառակ դեպքում չի բացառվում, որ վաղը ծագի «կովկասյան Քադդաֆիի» դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն:
Ի՞նչ տարբերություն, թե բռնապետն ով է: Եթե Քադդաֆին սպանել է իր երկրի այլախոհներին, ապա Իլհամ Ալիեւն սպառնում է զենքի ուժով հպատակեցնել ԼՂՀ ամբողջ բնակչությանը: Իսկ այդ դեպքում մարդասիրական ճգնաժամն անխուսափելի կդառնա: Քանի որ եթե Լիբիայի այլախոհները չեն ընդունում Քադդաֆիի իշխանության օրինականությունը, ապա ԼՂՀ հայ մեծամասնությունն էլ մերժում է իր հանդեպ ադրբեջանական իրավազորության օրինականությունը:
Լիբիայի դեպքում միջազգային համակրանքն այլախոհների կողմն է: Նույն տրամաբանությամբ, նա կոչված է պաշտպանելու ԼՂՀ հայ մեծամասնության կարծիքը: Իսկ Հասանովի խակության «մանկական հիվանդությունն» այն է, որ նա փորձում է փոխել շեշտադրումները եւ իր երկիրը ներկայացնել որպես «ագրեսիայի զոհ»:
Մինչդեռ միջազգային հանրությունը քաջատեղյակ է, թե ինչպես է զուտ իրավաքաղաքական խնդիրը վերաճել զինված հակամարտության, եւ ինչ պետք է արվի, որպեսզի աղետը չկրկնվի:
Ցավալի է, երբ Ադրբեջանում անցյալից դաս առնելու փոխարեն ձգտում են ամեն ինչ «վերադարձնել մեկնակետին»: Իսկ միջազգային հանրությունը գիտի, որ դրանով խնդիրը ոչ թե լուծվելու, այլ ավելի է սրվելու: Այլ բան, եթե ժամանակին, երբ ադրբեջանական իշխանություններն, օգտագործելով խորհրդային բանակի եւ պատժիչ մարմինների հնարավորությունները, իրականացնում էին Լեռնային Ղարաբաղը էթնիկ մաքրագործման ենթարկելու «Կոլցո» ռազմագործողությունը, ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդուներ բռնությունները դադարեցնելու կամ հակառակ դեպքում բռնացողներին պատժելու մասին բանաձեւ:
Բայց այն ժամանակ դա անհնար էր: Քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ երկիրը` Խորհրդային Միությունն էր արտոնել այդ գործողությունները: Բայց մի՞թե դրանից ինչ-որ բան փոխվում է: Միեւնույնն է, աշխարհը գիտի, որ պատերազմ սկսել է Ադրբեջանը: Եվ նա դարձել է սեփական արկածախնդրության պատանդը, եթե այսօր էլ շարունակում է երազել, որ խնդրի լուծումը «ուժի կիրառման հարթությունում» է:
Սա վտանգավոր հիվանդություն է, որից ադրբեջանական իշխանությունը կամավոր չի ցանկանում բուժվել: Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, պետք է ընտրվի «հարկադիր բուժման» տարբերակը, որ այն է, ինչ կիրառվում է Լիբիայում:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ