«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2011-03-30 | #56, 2011-03-31 | #57, 2011-04-01


ՀԱՅԱԶԳԻ ԱՋԵՄՕՂԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ԼԻՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ

Մարտի 29-ի համարում «Ազգը» նշել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես գալով Ստամբուլում Wilton Park կազմակերպության կազմակերպած «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» միջազգային համաժողովում, պատասխանելով «Ազգի» խմբագրի հարցին նշել էր, որ շուտով Թուրքիան հայազգի դեսպան կնշանակի Փարիզում: Հետագայում «Ազգը» պարզել էր, որ դեսպանի թեկնածուն պոլսահայ տնտեսագետ գիտնական Տարոն Աջեմօղլուն է, իսկ կառույցը, որտեղ նա պետք է դեսպան նշանակվեր Փարիզում գործող Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպությունն է (OECD): Դավութօղլուն նշել էր, որ ինքը ստացել է Աջեմօղլու հավանությունը, եւ նա կսկսի պաշտոնավարել մի քանի ամսից:

Սակայն երեկ, թուրքական Radikal պարբերականի փոխանցմամբ` ներկայումս ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնիկական ինստիտուտի (MIT) դասախոս Տարոն Աջեմօղլուն հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով թուրքական մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե ինքը համաձայնվել է նշանակվել Փարիզի OECD-ի (Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություն) մշտական ներկայացուցչությունում որպես Թուրքիայի դեսպան: Աջեմօղլուն այս ամենը հայտարարել է իր ասիստենտ Լորեն Ֆահեյի միջոցով: «Պրոֆ. Աջեմօղլուն շատ զգացված է, որ իրեն առաջարկել են Փարիզի OECD-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը, սակայն շարունակվող ծանր ակադեմիական աշխատանքների պատճառով նա մոտ ապագայում չի կարող ընդունել այն եւ այդ մասին ծանուցվել է թե Թուրքիայի վարչապետին եւ թե արտգործնախարարին», ասել է հայազգի տնտեսագետի ասիստենտը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4