Ընդդիմությունը պատրաստվում է ցույցերը տարածել Ադրբեջանի շրջաններում
Մարտի 16-ի համարում «Ազգը», անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներին, նշել էր, որ մարտի 11-12-ին ադրբեջանական իշխանությունները Բաքվում կանխեցին շրջաններում ընթացող հակակառավարական ցույցերի վերածումը համաժողովրդական խռովության:
Խոսքը մարտի 11-ը երկրում «Ժողովրդական մեծ ցասումի օր» նշանակվելու նախաձեռնության մասին էր: Դրանով հանդես էին եկել ադրբեջանցի երիտասարդները, իսկ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությունը պաշտպանել էր նախաձեռնությունը:
Թեեւ իշխանությունները ոստիկանական արտակարգ միջոցառումներով կանխել էին մարտի 11-12-ի հակակառավարական ցույցերի վերածումը համընդհանուր խռովության, սակայն մինչ այդ ցույցերին ընդամենը բարոյական ու քաղաքական աջակցություն ցուցաբերող ադրբեջանական ընդդիմության ձեւավորած այլընտրանքային խորհրդարանը դրանց անմիջականորեն մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել:
Ավելին, խորհրդարանի գործադիր կոմիտեի մարտի 14-ի նիստում մասնակիցները հանդես էին եկել ապրիլի 26-ին Բաքվում հակակառավարական համատեղ ցույց կազմակերպելու առաջարկով: Ինչպես երեւում է, կոմիտեի առաջարկը վերանայվել է, որ այլընտրանքային խորհրդարանի մարտի 30-ի նիստում համատեղ ցույցի օր է նշանակվել ապրիլի 2-ը: Տեղեկացնելով այդ մասին, թուրքական «Դունիա Բուլթենի» կայքէջը նշում է, որ այդ նիստը գումարվել է Ադրբեջանի ժողովրդական կուսակցության կենտրոնական վարչության շենքում, որին մասնակցել են ընդդիմադիր 300 ներկայացուցիչներ:
Այլընտրանքային խորհրդարանի մարտի 30-ի նիստում նախքան ապրիլի 2-ը բողոքի համատեղ ցույցի օր նշանակելը ելույթ է ունեցել «Մուսաֆաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարը: Նա, դիմելով իշխանություններին, աշխարհում ընթացող քաղաքական զարգացումները ճիշտ գնահատելու կոչ է արել: Ադրբեջանի Ժող. ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին ասել է, որ Ադրբեջանում ցույցերի ալիքը կտարածվի մինչեւ ընդդիմության պահանջների կատարումը, որոնք են.
1. երկրում անցկացնել քաղաքական, սոցիալական եւ տնտեսական բարեփոխումներ, նշանակել խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ, մշակել նոր սահմանադրություն եւ վերանայել ընտրությունների մասին օրենքը,
2. վերջ տալ կոռուպցիային եւ այդ նպատակով լուծարել նախարարների խորհուրդը,
3. նավթից եւ ազգային այլ հարստություններից ստացվող եկամուտներից հավասարապես բաժին հանել ժողովրդին,
4. ազատ արձակել քաղ. բանտարկյալներին:
Մինչ այլընտրանքային խորհրդարանը պահանջ էր ներկայացնում Իլհամ Ալիեւի վարչակարգին, հակակառավարական ելույթները, ըստ թուրքական կայքէջի, շարունակվել են Ադրբեջանի տարբեր քաղաքներում եւ շրջաններում: Սաբիրաբադում բնակիչները բողոքել են սոցիալական անարդարությունների դեմ, Աստարայում փակել են կենտրոնական պողոտան, Կիրովաբադում հանդես են եկել նորանշանակ մարզպետ Էլմար Վելիեւի դեմ, Սումգայիթում մարզպետ Էլդար Ազիզովը բախվել է բնակչության հակազդեցությանը, սոցիալական պայմանների վատթարացմանը շարունակում են ընդվզել նաեւ Բաքվի շրջաններում:
Այդ ընթացքում ընդդիմությունը հայտարարում է, որ ապրիլի 2-ին բողոքի ցույցեր է կազմակերպելու նաեւ Ադրբեջանի շրջաններում:
Հ. ՉԱՔՐՅԱՆ